Սակավաջուր տարվա բեռը տանում է Սեւանը

Սակավաջուր տարվա բեռը տանում է Սեւանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ գյուղատնտեսության ոլորտի հարցերով խորհրդակցություն անցկացրեց՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետների մասնակցությամբ, որի ժամանակ խոսեց աննախադեպ բարձր ջերմաստիճանով ուղեկցվող շոգերի, ոռոգման ջրի պակասի մասին: 

Սրան զուգահեռ, իջել է Սեւանի մակարդակը: Ըստ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ հունիսի 7-27-ը լճի մակարդակն իջել է 7 սմ-ով: Հունիսի 27-ին այն կազմել է 1900.81 մ (27.06.21 թ.), ինչը 3 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն օրվա համեմատ: Ջրի նմուշառումներն ու հետազոտություններն էլ ցույց տվեցին, որ լիճը շարունակում է ծաղկել: Մասնագետների կարծիքով, 20 օրում 7 սանտիմետրով ջրի իջեցումը մտահոգիչ է: 

Հնարավո՞ր է, որ ոռոգման նպատակով ջրի բացթողնման ավելացումն է լճի մակարդակն իջեցրել: Այս հարցի շուրջ զրուցեցինք շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի հետ, որը մշտապես հետեւում է կանաչած Սեւանի արբանյակային պատկերներին: Նա կարծում է, որ շոգ եղանակը, իհարկե, իր գործն անում է, բայց Սեւանի գոլորշիացման առյուծի բաժինը պատկանում է ոչ թե այս ժամանակներին, այլ աշնան, երբ սկսվում են քամիները, եւ մթնոլորտը բավականին ջուր է վերցնում: Ղազարյանը չբացառեց, որ Սեւանի մակարդակի իջեցումը պայմանավորված է հենց ոռոգման խնդիրներով, որ ջրառը լճից անընդհատ ավելացնում են:

«Իհարկե, դա կարող է կապված լինել ոռոգման խնդիրների հետ: Մոտակա ջրամբարների վիճակն այն չէ՝ Մարմարիկի, Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակն իջել է, եւ հասկանալի է, որ ոռոգման նպատակով ջրառն ավելացնում են»: Օրենքով՝ ջրառը լճից թույլատրված է մինչեւ 170 մլն խմ, հնարավո՞ր է, որ թաքուն դրանից ավելի է վերցվում, առանց հանրությանը տեղեկացնելու: «Չեմ կարող ասել,- պատասխանում է փորձագետը։- Ըստ էության, հուսալի տեղեկատվության բաց ունենք՝ տարբեր պետական մարմինների կողմից ի՞նչ է արվում, ո՞նց՝ թափանցիկության խնդիր կա: Փաստացի, լճում ունենք բացասական բալանս, ավելի շատ վերցվել է, քան լցվել է»: 

Թե ինչ ահռելի կորուստ են ունեցել ջրամբարները, օրերս հաշվարկել էր բնապահպան, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը: Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալն այս տարվա հունիսի 25-ի դրությամբ եղել է 141 մլն խմ, 2020-ի հունիսի 25-ին՝ 374 մլն խմ: Արփի լճի ջրամբարում ջրի ծավալն անցյալ հունիսին եղել է 63,1 մլն խմ, այս տարի՝ 42,9 մլն խմ: Ապարանի ջրամբարինը 40 մլն-ից իջել է 33,3, Ազատինը՝ 62,1-ից՝ 44,2 մլն, իսկ Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նվազել է՝ 14,2 մլն խմ-ից հասնելով 9,11 մլն խմ-ի: «Ահա, նաեւ պատճառներից մեկը, թե ինչու չի բավականացնում ոռոգման ջուրը գյուղացիներին»,- գրում է Լեւոն Գալստյանը: Եթե գարնանային հորդացման ժամանակ չեն կարողացել բավականաչափ ջուր կուտակել, նշանակում է՝ տարին սակավաջուր է լինելու, բայց Փաշինյանի ասած ոռոգման կաթիլային համակարգերը վաղուց պետք է դրված լինեին, դեռ 10-20 տարի առաջ՝ կարծում է Լեւոն Գալստյանը: «Այո, գլոբալ տաքացում է գնում, եւ այս տարի Հայաստանի ջրային պաշարները կարող են պակասել»,- ասում է նա: Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա նա կարծում է, որ մենք վաղուց պետք է համայնքներում փոքր ջրամբարներ կառուցած լինեինք, որոնք համայնքների հողերի ջրման հարցերն ինքնահոս ձեւով կլուծեին:

«Բայց մենք 20-30 տարի ոչինչ չենք արել ու հիմա պետք է ուտենք այս բորշչը: Գնացեք նայեք՝ աշխարհում ոնց են մարդիկ ջուր օգտագործում: Իսկ մենք օգտագործում ենք 20-րդ դարի 50-ականների տեխնոլոգիաներով, մի մասն էլ՝ 19-րդ դարի: Լապատկեքով ջուրն ուղղորդում ենք հողային առվակներով, երբ աշխարհում նման բան ես չգիտեմ որտեղ կտեսնես: Կամ՝ ի՞նչ է նշանակում ջուրը բերել-հասցնել մի տեղ, եսիմինչքան էլ դոտացիա տալ, հետո էլ չհասկանալ, թե այդ ջուրն այդտեղ բերելու արդյունքում ինչ պետք է արտադրվի, արժե՞ր արդյոք, օրինակ, այդ վարունգն այդտեղ աճեցնել, տվյալ հողի վրա, թե՞ չէ: Ում մտքով ինչ անցնում է պահի տակ, դա էլ աճեցնում է»,- ասաց Լեւոն Գալստյանը: