Նոր քննություն

Նոր քննություն
Հեղափոխություն, եթե կուզեք՝ իշխանափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիներս քաղաքացիական բարձր գիտակցության գովեստի խոսքեր այս ընթացքում շատ լսեցինք: Հայաստանը, որն օտար պետությունների կառավարման  փորձի կրկնօրինակման կամ անհաջող  պլագիատի գործում հմտացած պետություն էր, որի Սահմանադրությունը ֆրանսիականի մոտիվներով է գրվել, որտեղ այս կամ այն ոլորտի կարգավորման հիմքում ընկած է այլ պետությունների փորձի կիրառումը, որն այնքան փոքր է, որ չի կարող ինքնուրույն լինել եւ մշտապես պետք է որեւէ գերտերության ազդեցության ներքո լինել, հանկարծ դարձավ պետության էտալոն, որտեղ քաղաքացիները, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, կարողացան կառավարող կլանի առաջին դեմքին հեռացնել: Ինչն ընդամենը դրանից օրեր առաջ անհնարին էր թվում, եւ մենք շատ մոտ էինք ՀՀԿ-ական ռեժիմի հավերժացման փուլին։



Սակայն, ցավոք,  քաղաքացիական գիտակցության մասսայական կամ լոկալ փայլատակումները, ինչպես  հետհեղափոխական զարգացումներն են ցույց տալիս, բավական էին միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու, ՀՀԿ-ին նզովելու եւ մի քանի տնօրենի-ուսուցչի պաշտոնանկ անելու համար: Քաղաքացիական գիտակցության մեր հասունությունը կարծես չի բավարարում, որ ճիշտ ու սթափ գնահատենք այն իրավիճակը, որն ի հայտ է եկել հին կառավարության հեռացումից եւ նորի ձեւավորվելուց հետո:



Հասկանանք, որ իշխանափոխությունը խաղուպար չէ, եւ մեր տնօրինությանը հանձնված երկիրն էլ խաղալիք չէ։ Այն շատ լուրջ ճանապարհ ունի անցնելու, եւ ճիշտ ընթացք դուրս գալու համար բոլորս անելիք ունենք։ Եվ յուրաքանչյուր սխալ հղի է վտանգավոր հետեւանքներով։ Ընդ որում՝ մեր երկրի թշնամին կլինեն ոչ միայն նրանք, ովքեր կչարաշահեն իրենց լիազորությունները, այլեւ նրանք, ովքեր կտեսնեն սխալներն ու կլռեն։