Մշակութային հեղափոխություն

Մշակութային հեղափոխություն
Օրեր առաջ համացանցում տարածեցին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը, որ նախարար նշանակվելուց հետո երթեւեկում էր մետրոյով։ Այսօր արդեն տարածել են տեսանյութ, թե ինչպես է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին պաղպաղակ հյուրասիրում եւ նրանց հետ վայելում պաղպաղակը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը վիրավոր զինծառայողին, հուզիչ է՝ դատելով լուսանկարներից։ Ոմանք առարկում են, որ սրանք երկրորդական հարցեր են․ նախարարն, ի վերջո, ամեն օր մետրոյով չի գնալու աշխատանքի, վարչապետն ամեն օր չի կարողանալու ժամանակ գտնել եւ շփվել իրեն դիմող քաղաքացիների հետ, երկրի նախագահի ուսերին էլ այլ պարտականություններ են ծանրացած, կարող է դուրս չգալ, չշփվել մարդկանց հետ, բայց ավելի կարեւոր եւ երկրի համար նշանակալից ու մնայուն գործեր անել։ Այս տեսակ «մանրուքներին» կարող են ուշադրություն չդարձնել մեզնից քաղաքակիրթ ու առաջադեմ երկրներում, որտեղ նախորդ տասնամյակներում չի եղել իշխանություն-հասարակություն անջրպետ, որտեղ հարգի փոխադրամիջոց է դիտվում ոչ թե «Ջիպ»-ը, այլ հեծանիվը։



Այն երկրներում, որտեղ իշխանավորները չեն փորձում ինքնահաստատվել՝ իրենց այս կամ այն տեղ գնալու ժամանակ քաղաքի փողոցների երթեւեկությունը կաթվածահար անելով, մեկ տասնյակի հասնող մեքենաների ուղեկցությամբ։ Այն երկրներում, որտեղ նախագահ-քաղաքացի, վարչապետ-քաղաքացի հարաբերությունները չեն հիշվում միայն նախընտրական քարոզարշավների ժամանակ։ Խոստովանենք, որ այո՛, մեր երկրում էլ են մինչ այս եղել նման «ջերմ» հարաբերություններ, սակայն՝ միայն ընտրությունների նախօրեին․ մենք, իհարկե, ականատես ենք եղել, թե ինչպես են նախագահի թեկնածուները գրկել եւ ողջագուրվել տատիկ-պապիկների հետ, ինչպես են խոստացել թոշակները բարձրացնել, իսկ ընտրությունների հաջորդ օրն իսկ գոյացել է երկաթբետոնե պատ նրանց միջեւ։ Ավելին՝ ընդվզող, իր պահանջները ձեւակերպող եւ պայքարող քաղաքացին հալածվել է, ենթարկվել բռնության։ Մեկ-երկու ամիս առաջ չկար այն մթնոլորտը իշխանական, քաղաքական վերնախավում, ինչ այսօր է տիրում։ Գուցե շատերը չէին էլ սպասում, որ այսքան կարճ ժամանակում կարող են տեղի ունենալ նման կտրուկ փոփոխություններ։ Չէ՞ որ, դեռ մինչեւ բոլորովին վերջերս մարդիկ միայն իրենց զայրույթն ու հակակրանքն էին արտահայտում քաղաքական վերնախավի հոռի բարքերի, մթնեցրած ապակիներով «Ջիպ»-երի նկատմամբ, սոցիալական ցանցերում տեղադրում լուսանկարներ, թե ինչպես են զարգացած երկրներում նախարարները հեծանիվով գնում աշխատանքի։



Դրան հակադրելով հիշվել է, թե ինչքան միջոցներ կխնայվեն պետբյուջեից, եթե նախարարությունների տարբեր չինովնիկները չնախընտրեն երթեւեկել ծառայողական մեքենաներով։ Եվ այդ մեքենաները տրամադրվեն միայն նախարարներին։ Գործընկերներիցս մեկը պատմում էր, թե ժամանակին ինչքան ծանր է տարել ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը պաշտոնին հրաժեշտ տալը եւ առաջին հարցը, որ հնչեցրել է, եղել է հետեւյալը․ «Ի՞նչ է, սրանից հետո էլ պադավատով չե՞նք երթեւեկելու»։ Եվ քանի դեռ շարունակվում է հեղափոխական էյֆորիան, քաղաքացին սկսել է իրեն տեր զգալ երկրի, նաեւ պրագմատիկ լուծումներ գտնելու ժամանակն է։ Չէ՞ որ բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն օր ի վիճակի չեն լինելու լսել կառավարության շենքի առջեւ խմբված մարդկանց բողոքները, երեխաների հետ պաղպաղակ վայելել կամ մետրոյով երթեւեկել։ Իսկ ուշադրության, օրինականության պահանջ քաղաքացին շարունակելու է զգալ ամեն օր։