Բանակցությունների՞, թե՞ համաձայնությունների կողմ

Բանակցությունների՞, թե՞ համաձայնությունների կողմ
Կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության թեման աշխուժացել է: Հանրապետականներն ասում են, որ անցած տարիներին էլ այդ ուղղությամբ ջանքեր գործադրվել են, կողջունեն, եթե դա հաջողվի վարչապետ Փաշինյանին: Խնդիրն, այսպիսով, շատ որոշակիորեն պարզունակացվում է՝ մենք փորձել ենք, չի ստացվել, հիմա էլ դժվար կլինի, բայց եթե մի լուծում գտնվի, դրա համար միայն ուրախ կլինենք:



Ինչի՞ մասին է խոսքը: Եթե ելնենք իրողություններից, ապա ԼՂ հարցով եռակողմ՝ բարձր մակարդակի բանակցություններ չեն եղել նաեւ 1992-97 թվականներին: Բայց այդ տարիներին Լեռնային Ղարաբաղն ունեցել է հնարավոր համաձայնությունների կողմի լիարժեք մանդատ:



Քննարկման դրվող առաջարկություններն առաքվել են երեք հասցեով՝ Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան: Վերջինը այսպես կոչված Ընդհանուր պետության մասին առաջարկությունն էր, որն ստացվել է 1998թ., հավանության արժանացել Երեւանում եւ Ստեփանակերտում եւ մերժվել՝ Բաքվում: Խնդիրն, ուրեմն, պետք է դիտարկել այս կտրվածքով՝ հնարավո՞ր է հասնել նրան, որ ներկայումս բանակցությունների սեղանին գտնվող առաջարկությունը կամ ինչ-որ մի նոր տարբերակ պաշտոնապես հասցեագրվի նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:



Որպեսզի այդ մասին Ստեփանակերտում իմանան ոչ թե Երեւանից, այլ՝ անմիջականորեն ԵԱՀԿ –ից: Այդ դեպքում բանակցությունների սեղանին ԼՂ ներկայացուցչի բացակայությունը սկզբունքային նշանակություն չի ունենա: Իր մոտեցումները, նկատառումները, վերապահումները կամ լրացուցիչ առաջարկությունները պաշտոնական Ստեփանակերտը կներկայացնի դիվանագիտական խողովակներով՝ այդ կերպ դառնալով բանակցությունների լիարժեք մասնակից:



Ճիշտ չէր լինի, իհարկե, ասել, թե անցած երկու տասնամյակներին Լեռնային Ղարաբաղը լիովին օտարված է եղել քննարկումներից: Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար նաեւ Ստեփանակերտում են լինում, հանդիպում ԼՂՀ նախագահին, պաշտոնատար այլ անձանց: Եւ, իհարկե, մտքերի այդ փոխանակումը նույնպես դիվանագիտական աշխատանքի մաս է: Այնպես որ, թվում է՝ խնդրի ճակատային ձեւակերպման փոխարեն կարելի է հնարավորություններ փնտրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղին վերադարձվի հնարավոր համաձայնությունների իրավահավասար կողմի մանդատը:



Այս դեպքում Ադրբեջանը հակազդեցության որեւէ հիմք չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղը 1994թ. մայիսյան հրադադարի կողմ է, ունի պարտավորություններ եւ կրում է պատասխանատվություն: Իսկ հրադադարը հաստատվել է, որպեսզի բանակցությունների միջոցով գտնվի հակամարտության քաղաքական լուծումը:



Այս տրամաբանությունը պիտի հիմք ընդունեն միջնորդները եւ ԼՂ-ին վերադարձնեն հնարավոր համաձայնությունների իրավահավասար կողմի մանդատը: Դա բանակցություններին կառուցողականության լիցք կտա եւ կտրուկ կբարձրացնի ներգրավված եւ շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը:



Եւ եթե կա հակամարտությունը կարգավորելու միջազգային անհրաժեշտություն, իսկ կողմերն ունեն արձագանքելու եւ պատասխանատու որոշումներ կայացնելու քաղաքական կամք, ապա ճիշտ ժամանակն է, որ յուրաքանչյուր դերակատար ունենա հավասար լիազորություն, որպեսզի հավասարապես էլ կիսի ներկայի եւ ապագայի համար պատասխանատվությունը: