Ձեզ տեսած պահեք

Ձեզ տեսած պահեք

Հասկացանք՝ փոքր երկիր ենք, եւ ԱՊՀ երկրների մի քանի ղեկավարների մեկօրյա այցը Հայաստան մեծ իրադարձություն է մեր կյանքում։ Հասկացանք, որ ուզում եք լավ դիմավորել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին եւ տպավորություն ստեղծել, որ պարտված, խեղճ, անկազմակերպ պետություն չեն եկել իրենք, այլ եկել են կազմակերպված եւ լուրջ երկիր, որն ահռելի ոստիկանական բանակ ունի եւ գագաթնաժողովներ կազմակերպելու լուրջ փորձ։ Բայց ի՞նչ իմաստ ունի մայրաքաղաքի կյանքն ամբողջությամբ կաթվածահար անելը, աժիոտաժ եւ անհանգստություն մտցնելը, ոստիկանական սուլոցներով եւ հիստերիայով մարդկանց դիվադադար անելը։ Մի քիչ ձեզ արժանապատիվ ու տեսած պահեք, մի քիչ հանդարտ վերաբերվեք այս մեկօրյա հերթական ու հերթապահ նիստին։ Ո՞ւմ ինչ եք ցուցադրում, ինչի՞ համար։

Առհասարակ՝ իրեն հարգող պետությունն առաջին հերթին իր քաղաքացիներին է հարգում, հետո՝ դրսից ժամանած հյուրերին։ Բայց ում՝ ինչ ենք ասում։ Ինչպես ասում են՝ ջաղացը կորցրել, չախչախի հետեւից ենք ընկել։ Իբր ամեն ինչ իր տեղում է, մնացել է, որ տարրական հարցերում ճիշտ կողմնորոշվեն եւ իրենց ծառայամտությունը ռուսական ցարին ի ցույց չդնեն։ Այդ ո՞ր հարցում են գոնե մեկ-երկու քայլ առաջ մտածել ու հաշվարկել, որտե՞ղ են այս իշխանություններն իրենց արժանապատիվ պահել, ո՞ր հանդիպման ժամանակ են լուրջ, պատասխանատու, իշխանավայել կեցվածք դրսեւորել։ Կա՛մ քծնալից ժպտում են եւ վիզները ծուռ որբի նման իրենց պահում, կա՛մ հոխորտում են, քաղաքական սխալներ թույլ տալիս, որը հետո երկրի քթից է գալիս։ Փորձի, գրագիտության, կրթության ու գիտելիքի պակասն է, թերեւս, պատճառը, որ չեն կարողանում գտնել այն նուրբ սահմանը, որը բաժանում է վասալի կեցվածքը բախտախնդիր տգետի պահվածքից, որը վտանգում է իր երկիրը։