Երեք մահ Գյումրիում. սպանել են եղբայրների

Երեք մահ Գյումրիում. սպանել են եղբայրների
Գյումրու բժշկական կենտրոնից hraparak.am –ին փոխանցեցին, որ այսօր՝ մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն եւ Թելման Կ.-ն: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կենսաբանական մահը:



Ավելի ուշ պարզեցինք, որ սպանվածները հորեղբոր տղաներ են: Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Արցախի թաղամասի Ղուկասյան փողոցում, դեպքի վայրում հայտնաբերվել են 13 պարկուճ, տարածքը շրջափակված է, ոստիկանները շարունակում են իրենց աշխատանքը։



Նույն օրը ժամը 18:40-ին, շտապ բուժօգնության մեքենայով Գյումրու ԲԿ է տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած մի քաղաքացի ևս: Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տուժածը 1949 թվականին ծնված Արզունիկ Գ-ն է:



Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ձախ դաստակի կտրած վերք, պարանոցի աջ կեսի ծակած-կտրած վերք: ԲԿ-ում հաստատվել է տուժածի կենսաբանական մահը: Թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի, կհասկանանք առաջիկայում, միայն լուրերի համաձայն՝ հորեղբոր տղաներին այլ վայրում են սպանել, 68-ամյա տղամարդուն քաղաքի ուրիշ հատվածում են դանակահարել: Վարկած կա, որ նա ինքնասպան է եղել։