Սրտանց շնորհավորում եմ նորընտիր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին․ Գուսան Հայկազուն

Սրտանց շնորհավորում եմ նորընտիր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին․ Գուսան Հայկազուն
_Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին է անդրադարձել Գուսան Հայկազունը։ Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։_



«Վերջին օրերին նորանշանակ նախարարի հետ կապված, համացանցում տեղ գտած գուցե նախանձի, երբեմն նաև չարությամբ լեցուն քննադատական, բացասական կարծիքներն ու արտահայտությունները ինձ ստիպեցին անդրադառնալ այդ թեմային: Բոլորիս պարզ էր, որ փոխվել է իրավիճակը և նախկին նախարարները լավն էին, թե վատ, միևնույն է պետք ազատվեին պաշտոններից և նրանց փոխարեն նշանակվեին նորերը:



Հուրախություն ինձ, մի շարք նախարարություններում նշանակվեցին նախարարներ, որոնք լավագույն կրթություն ստացած, ակտիվ ու իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ են` իրենց մաքուր կենսագրությամբ, և սրտանց շնորհավորում եմ այդ նորանշանակ նախարարներին:



Որպես մշակույթի բնագավառի ներկայացուցիչ ուզում եմ իմ կարծիքը հայտնել մինչ օրս մշակույթի նախարարությունում տիրող իրավիճակի մասին:



Լինելով մի շարք սիրված երգերի հեղինակ, ժողովրդի կողմից հարգված ու մեծ ճանաչում ունեցող երգահան, գուսան՝ ես երբեք չեմ զգացել, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի մշակույթի նախարարություն և նախարար: Ես և իմ նման շատերը միշտ անտեսված ենք եղել նրանց կողմից, հավանաբար, որպես ընդիմադիրներ:



Հեռու չգնամ ու խոսեմ միայն նախկին նախարար Արմեն Ամիրյանի ու իմ միակ հանդիպման մասին, որը նախարար նշանակվելուց մի քանի օր հետո ինձ հրավիրեց հանդիպման, որի ընթացքում ես մանրամասն ներկայացրեցի գուսանական, ժողովրդական երգարվեստի պահպանման, տարածման բնագավառում տիրող անմխիթար վիճակը և դրանց լուծման անհրաժեշտ քայլերը:



Շատ մեծ էր ուրախությունս, երբ ինձ առաջարկվեց մի քանի օրում ներկայացնել աշխատանքային ծրագրերը և անմիջապես սկսել դրանց իրականացումը, որի արդյունքում մեկ-երկու տարվա ընթացքում, վստահ եմ, գուսանական, ժողովրդական երգարվեստը ողջ Հանրապետությունում, անգամ հեռավոր գյուղերում զարթոնք կապրեր:



Ես անմիջապես ներկայացրեցի իմ ծրագրերը, որոնք հաստատվեցին նախարարի կողմից: Ցավոք, իմ ուրախությունը այսքանով ավարտվեց և ծրագրերը մնացին սոսկ թղթի վրա…



Ես, նորից շնորհավորելով Լիլիթ Մակունցին, վստահ եմ, որ մեր վարչապետը շատ ճիշտ նշանակում է արել և այժմ ունենք մաքուր կենսագրությամբ, անկաշառ, սրտացավ և ժպտադեմ մշակույթի նախարար, իսկ մասնագիտական բացը կարող է լրացվել մեր՝ մշակութային գործիչներիս ակտիվ մասնակցությամբ»: