Կոտայքի մարզպետարանի վարչության պետի նոր բիզնեսը․ դագաղ ու շոր ծախեմ

Կոտայքի մարզպետարանի վարչության պետի նոր բիզնեսը․ դագաղ ու շոր ծախեմ
Հրազդանի ԲԿ-ի դիահերձարանի կողքին ինտենսիվ շինարարություն է ընթանում:



Մեզ հասած տեղեկություններով՝ տվյալ հատվածում կառուցապատման աշխատանքները իրականացնում է Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը: Վարչության պետը Հրազդանի դատական բժիշկ Գառնիկ Սահակյանի հետ միասին որոշել է նոր բիզնես ստեղծել՝ դիահերձարանին կից սգո ծառայության սրահ բացել:



Փորձեցինք այս տեղեկությունը նախ ճշտել վարչության պետ Վահագն Ոսկանյանից: Վարչության պետը հարցը լսելուց եւ «կուշտ» հազալուց հետո ասաց. «Շինությունը իմը չի, դա քաղաքապետարանի հողնա»:



**-Պարո´ն Ոսկանյան, հասկանալի է, որ հողը համայնքի սեփականությունն է, իսկ շինարարությունը ձեր կողմի՞ց է ընթանում, ի՞նչ եք կառուցում տվյալ հատվածում:**



-Դիահերձարանի կողքի շինությունը դա համապատասխան Հրազդանի քաղաքապետի յուրիզդիկցիայի տակ է գտնվում:



**-Ո՞վ է իրականացնում շինարարությունը:**



-Ինչ-որ անձնավորություն:



**-Ով է այդ անձնավորությունը, դու՞ք եք:**



-Դիմեք Հրազդանի քաղաքապետարանին:



**-Ինչո՞ւ դիմենք Հրազդանի քաղաքապետարան։ Հստակ գիտենք, որ շինարարությունը դուք եք իրականացնում: Նոր բիզնե՞ս եք բացում:**



-Ով է նման բան ասել, զրպարտում եք, ես աբսալյուտնը կապ չունեմ, ազի՛զ ջան, դիմեք Հրազդանի քաղաքապետարան:







_Զրուցեցինք նաեւ դատական բժիշկ Գառնիկ Սահակյանի հետ:_



**-Պարո´ն Սահակյան, Հրազդան ԲԿ-ի դիահերձարանի կողքի տարածքը ձե՞րն է, այնտեղ շինարարություն է ընթանում տեղյա՞կ եք:**



-Տարածքը իմ չի, տեղյակ եմ, որ շինարարություն է գնում:



**-Դիահերձարա՞նն են մեծացնում, թե՞ այլ շինություն են կառուցում:**



-Դե 45քմ շինություն է, կամ դիահերձարանն են մեծացնում, կամ էլ սառնարանի համար են կառուցում: Ինչքան հասկացա, որ պատի նման կառուցել են, որ հիվանդանոցից շատ չեւրեւա, որ դիակները բերում են, տհաճ է:



**-Սգո ծառայությո՞ւն է լինելու:**



-Չէ, չէ նման բաներ չկա: Ավելի շատ սպասասրահ կամ աշխատասենյակ կլինի, որովհետեւ չկա ոչ մի պայման:



**-Եթե աշխատասենյակներ լինեն, դուք այդտեղ աշխատասենյա՞կ եք ունենալու:**



-Ես չէ, կարող ա աշխատակազմից լինի, սանիտարի համար լինի, չեմ կարող ասել կոնկրետ ինչ է սարքվելու, ինչ է լինելու, ինչքանով ես տեղյակ եմ, սարքում են եւ ինչ անում են՝ օրինական է: