Փոխել հռետորաբանությունը

Փոխել հռետորաբանությունը
-Եթե Երեւանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա ինչու՞ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Ղարաբաղը վաղ թե ուշ Հայաստանի մաս կկազմի,- տարակուսում է ադրբեջանցի լրագրողը:



Հարցին կարելի է հարցով պատասխանել՝ եթե Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորմանը, ապա ինչու՞ է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում, որ ադրբեջանական դրոշը կծածանվի Շուշիում: Չէ՞ որ դա բանակցային դիրքորոշում չէ, այլ՝ կապիտուլյացիայի պահանջ: Ընդ որում, Ալիեւի հռետորաբանությունը հիմնովին հակասում է ԼՂ կարգավորման միջնորդական առաջարկություններին:



Այս իմաստով Հայաստանի վարչապետն ավելի արդարացի է: Եթե հաջողվի հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա Լեռնային Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի մաս: Իսկ դա ենթադրում է, որ ինչ-որ ժամանակ տեղի կունենա հայկական երկու պետությունների միավորում: Բայց դիվանագիտական առումով նախընտրելի է գործածել այլ ձեւակերպումներ:



Կարո՞ղ է Ադրբեջանը փոխել հռետորաբանությունը: Ահա հիմնական ազդակը, որ Բաքուն պատրաստ է խնդրի խաղաղ-բանակցային հանգուցալուծման, կլինի դա: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները, եթե կողմերից մեկը պնդում է, որ իր համար ընդունելի է միայն Շուշիում ադրբեջանական դրոշը ծածանելու տարբերակը:



Բանակցությունները նրա համար չեն, որպեսզի արդյունքում մեկը հաղթի, մյուսը պարտվի: Բանակցությունների իմաստը բոլորին բավարարող լուծման շուրջ համաձայնության գալն է: Եւ, ուրեմն, կա խնդիրը հնարավորինս բացելու, հանրայնացնելու անհրաժեշտություն: Պատկերացումը, թե բանակցությունների նրբություններին կարող են տիրապետել միայն այսպես կոչված ընտրյալները, հիմնավորապես թյուր է: Եթե չկա հանրային աջակցություն, չեն կարող լինել արդյունավետ բանակցություններ: Ադրբեջանցի մի լրագրող հոխորտում է, որ երկրի տասը միլիոն բնակչությունը կանգնած է Ալիեւի թիկունքին եւ նրան լիազորել է վերադարձնել օկուպացված տարածքները:



Ադրբեջանի նման երկրում առնվազն լուրջ չէ խոսել հանրային կարծիքից: Բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ ԼՂ հարցում հայ հանրության տեսակետի մասին հստակ պատկերացում չկա: Ժողովրդի անունից երբեմն-երբեմն հանդես եկող գործիչներն ու առաձին խմբերը հաստատ հանրային իշխող տրամադրությունների կրող չեն: Կարծես թե մոտենում է բաց դիսկուրսի ժամանակը: Եւ կա հռետորաբանությունը սրբագրելու անհրաժեշտություն: