Թիվ 168 դպրոցում բազմաթիվ տնօրեններ են հավաքվել․ քաղաքապետին «պադերշկա» անելու համա՞ր (ֆոտո)

Թիվ 168 դպրոցում բազմաթիվ տնօրեններ են հավաքվել․ քաղաքապետին «պադերշկա» անելու համա՞ր (ֆոտո)
Մեր խմբագրություն էր ահազանգել քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ թիվ 168 հիմնական դպրոցում են հավաքվել 15,16,17 թաղամասերի դպրոցների տնօրենները՝ ամենայն հավանականությամբ, քննարկելու այս օրերին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակցելու մեխանիզմները։



Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիները հավաքվում են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Վերջինիս դեմ ցույց անողների կողքին երեկ հայտնվել էին քաղաքապետի կողմնակիցները եւ նրան գովաբանում էին։



«Աշակերտները պատմեցին, որ իրենց ասել են՝ դաս կա, բայց էստեղ տնօրեններ են եկել, մնացածին էլ ասել են՝ դիմացը մի հավաքվեք, գնացեք տուն։ Ինձ ասացին՝ 44 դպրոցի տնօրեններ են հավաքվել, մտածում ենք՝ Տարոնին պաշտպանելու համար ա, քանի որ մոլի հանրապետականներ են։ Մի ժամից ավել ա ներսոմ են, ասին՝ միջոցառում չկա»,-նշեց քաղաքացին։



Ի դեպ, մեր զրուցակցի խոսքով՝ մի քանի տնօրենների Երեւանի քաղաքապետարանի ավտոմեքենան է հասցրել դպրոց, նրանք ճանապարհին կանգնել, հասցեն են հարցրել։



Տեղեկությունը փորձել է ճշտել աշակերտներից մեկի ազգականը, նրան գործավարուհին հայտնել է, որ տնօրենն այդ պահին չի կարող խոսել, իսկ ինքը ոչինչ ասել չի կարող՝ ինչու են երեխաներին շուտ ուղարկել տուն, քանի որ տեղյակ չէ։



**Hraparak.am**-ի հետ զրույցում դպրոցի գործավարուհին նշեց, որ, այո, մի շարք դպրոցի տնօրեններ այս պահին իրենց դպրոցում քննարկում են ներառական կրթությանն անռչվող հարցեր։



Հարցին, թե այդ դեպքում աշակերտների մի մասին ինչո՞ւ են ուղարկել տուն, գործավարուհին դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ այդ հարցերին կպատասխանի տնօրենը։



**Աննա Պապիկյան**



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/32673697_2093632597563109_1281405696079822848_n.jpg?_nc_cat=0&oh=e7565b1b2657cfa50aec0467bdc7c5a8&oe=5B9AE263)



Երեւանի քաղաքապետարանի ավտոմեքենան՝ թիվ 168 դպրոցում։