Թատերական 3-րդ ֆորումը՝ Երեւանում

Թատերական 3-րդ ֆորումը՝ Երեւանում
Մինչեւ մայիսի 21-ը Երեւանում կանցկացվի ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը, որի մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Լատվիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Լիտվան:



ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումն առաջին անգամ անցկացվել է 2012-ին, Քիշնեւում (Մոլդովա), երկրորդը` 2015-ին, Մինսկում (Բելառուս):



Ֆորումի կազմակերպիչների նպատակն ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների եւ թատերական քննադատների) միջեւ ստեղծագործական շփումների ամրապնդումն է: Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Նախ մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատորիաներ եւ որքշոփ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները։



Երկրորդ․ ֆորումը երիտասարդ բեմադրիչների եւ ներկայացումների հեղինակավոր մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված եւ նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ:



Ներկայացումները հանդիսատեսին կցուցադրվեն երեւանյան առաջատար թատրոնների բեմերում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, եւ նրանք են որոշելու լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումն իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին: