Առաջին արդյունքները

Առաջին արդյունքները
Մարդը, որպես կանոն, հետեւություններ, վերլուծություն կատարում է, երբ կրքերը հանդարտվում են, եւ բուռն իրադարձությունների առաջին ալիքը մարում է՝ հնարավորություն տալով, որ զգացմունքային շրջանին հաջորդի գնահատման շրջանը։ Այս առումով արդեն իսկ կարող ենք մի քանի հետեւություն անել։



Նախ արձանագրենք, որ վերջին իրադարձությունները մի տեսակ արթնացրին մեր երիտասարդությանը։ Նա ոչ միայն դարձավ այս օրերի հերոսն ու հայտնվեց իրադարձությունների կենտրոնում, այլեւ զգաց իր ուժն ու կարողությունը, հասկացավ, որ իրոք «ինքն է տերը մեր երկրի»։ Ինքը կարող է իշխանություն փոխել, դուրս գալ ոչ միայն համալսարանական «իշխանության» դեմ, այլեւ ավելի վերեւում գտնվողների, պայքարել ստի, կեղծիքի դեմ, պահանջներ ներկայացնել եւ հասնել հաջողության։



Երկրորդ արդյունքը, որը կարող ենք վստահաբար արձանագրել, այն էր, որ շարքային քաղաքացին եւս գիտակցեց իր զորությունն ու թոթափեց վախի զգացումը։ Վախը թաղային հեղինակությունից մինչեւ ամենաբարձր իշխանություն։ Պարզվեց, որ ոչինչ ու ոչ ոք այնքան սարսափելի չէ, ինչպես թվում էր ընդամենը օրեր առաջ։ Դա մենք՝ լրագրողներս, ամեն օր ենք արձանագրել, երբ քաղաքացին մտնում էր խմբագրություն, խեղճացած ու ստորացված, աղերսում զբաղվել իր հարցով, բայց ոչ մի դեպքում իր անունը չհիշատակել հոդվածում։



Մյուս արդյունքը, որ պետք է արձանագրենք․ մարդիկ սկսեցին գիտակցել եւ բացեիբաց պաշտպանել իրենց իրավունքները։ Նրանք հասկացան, որ կարող են ցանկացած պահի հանրային միջոցառումներ կազմակերպել՝ ընդհուպ մինչեւ փողոց փակել եւ պահանջել անընդունելի պաշտոնյաների հրաժարականը։ Մեծ հաշվով, սա դեմոկրատիայի կայացման ուղղությամբ խոշոր քայլ է, որը կարող ենք արձանագրել որպես վերջին դեպքերի կարեւոր ձեռքբերում։