Նաթան արք. Հովհաննիսյանի այցը Սփյուռքի նախարարություն եւ պետություն-եկեղեցի հարաբերությունների նոր մոդելը

Նաթան արք. Հովհաննիսյանի այցը Սփյուռքի նախարարություն եւ պետություն-եկեղեցի հարաբերությունների նոր մոդելը
Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Նախարար Հայրապետյանը ողջունել է բարձրաստիճան եկեղեցականին եւ կարեւորել պետության եւ եկեղեցու միջեւ առկա սերտ կապերի պահպանմանն ու զարգացմանը:



Ըստ էության արարողակարգային այս հանդիպման առիթը, ըստ պաշտոնական հաղորդագրության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովի հետ կապված քննարկումն է եղել, սակայն պարզ է, որ իրականում այս հանդիպումն ունի շատ ավելի խորը ենթաշերտեր:



Եթե ընթերցողն ուշադիր է եղել, ապա թավշյա հեղափոխության առաջին օրերից սկսած՝ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը Հայ Առաքելական եկեղեցու եւ Մայր Աթոռի հետ հարաբերություններում որդեգրել են այլ մոդել, որը արմատապես տարբերվում է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ձեւավորված պետություն-եկեղեցի հարաբերությունների մոդելից: Սերժ Սարգսյանի կառավարման օրոք տեղի էր ունեցել պետություն-եկեղեցի սերտաճում եւ բազմիցս ահազանգեր են հնչեցվել փորձագիտական եւ քաղաքացիական հասարակության տարբեր հատվածներից, որ Հայաստանը աստիճանաբար բռնում է կրոնապետության ուղին:



Այն ժամանակ, սակայն իշխանությունները կամ անտեսում էին այդ ահազանգերը, կամ ի հակադրություն հանրային տրամադրությունների ձեռնարկում ահազանգերին տրամագծորեն հակառակ քայլեր, կարծես հասկացնելով, որ թքած ունեն հասարակության վրա:



Թավշյա հեղափոխության ամենաեռուն օրերին Գարեգին Բ-Նիկոլ Փաշինյան առաջին շփումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, երբ ընդառաջելով կաթողիկոսի խնդրանքին, Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ եւ քննարկել ներհայաստանյան քաղաքական վիճակին առնչվող հարցեր: Դրանից հետո արդեն որեւէ այլ շփում, ըստ էության տեղի չի ունեցել: Նոր կառավարության ձեւավորումից հետո էլ՝ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե նորանշանակ նախարարները, կոտրեցին Սերժ Սարգսյանի օրոք ներդրված մշակույթը, որի համաձայն վարչապետը հետո նախարարներն այցելում էին Մայր Աթոռ եւ հանդիպում Գարեգին Բ-ին, որը պաշտոնապես կոչվում էր՝ «օրհնություն ստանալ»:



Սա կարեւոր քայլ է, որն արվում է ըստ էության, պետության կրոնականացման սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ: Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի այցը Սփյուռքի նախարարություն, ըստ էության նոր իշխանությունների տրամադրությունների շոշափման հետին նպատակն ուներ, որով փորձ է արվում հասկանալ, թե իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ կեցվածք է որդեգրելու Մայր Աթոռի հանդեպ: Ընդ որում, այս դեպքում Մայր Աթոռ ասելով, պետք է նկատի ունենալ եկեղեցական վերնախավին, քանի որ ինքնին հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը Առաքելական եկեղեցու հետեւորդ է, սակայն սրանով հանդերձ՝ դեմ է եկեղեցական վերնախավի ցոփություններին, եւ պետություն-եկեղեցի սերտաճմանը եւ նաեւ կողմ է, որ եկեղեցին լինի իր բուն առաքելության մեջ, ինչի մասին բազմիցս է հայտարարել իր հանրային ելույթներում, հարցազրույցներում եւ ԱԺ ամբիոնից:



Պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Առաքելական եկեղեցին ըստ էության դիտարկվում էր որպես էլեկտորատ, որպես հանրության վրա ազդեցություն բանեցնելու գործիք: Չունենալով ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը, Սերժ Սարգսյանն ըստ էության այդ գործիքն օգտագործում էր պատեհ անպատեհ առիթով, շռայլելով տարբեր արտոնություններ, ինչպես օրինակ մաքսազերծման, հարկային, ընդհուպ մինչեւ սեփական արեւային էլեկտրակայան ունենալու, դրա դիմաց ստանալով Գարեգին Բ-ի եւ Մայր Աթոռի կատարյալ սերժահաճ վերաբերմունքը:



Այժմ արդեն, թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր իշխանությունն ունի համաժողովրդական աջակցություն, կարելի է հասկանալ, որ պետք է փոխվի նաեւ Մայր Աթոռի հետ հարաբերությունների մոդելը, դրանով իսկ Եկեղեցուն վերադարձնելով իր հիմնական առաքելությանը, այդպիսով հնարավորություն տալով Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը համարվող Գարեգին Բ-ին ինքնամաքրվել եւ գոնե վաստակել ժողովրդի չեզոք վերաբերմունքը /դեռ սիրո եւ հարգանքի մասին չենք խոսում/, ներկայիս ընդգծված բացասական վերաբերմունքի փոխարեն /Գարեգին Բ-ի եւ Սերժ Սարգսյանի վարչակարգի միասնությունը նաեւ ատելություն ու զայրույթ է ծնել նրա հանդեպ/:



Տիգրան Վահանե