Բացության առջեւ

Բացության առջեւ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կազմավորած ժամանակավոր կառավարության անդամների բացությունը, մատչելիությունը, շփման անմիջականությունը նոր իրողություններ են ստեղծում, ձեւավորում նոր մշակույթ, ու ակներեւ է՝ այս հանգամանքը գրանցելու է բացառապես նոր արդյունքներ:



Փակ, ինքնամփոփ սիստեմից հետո, ուր գերիշխողն ամեն ինչից խուսանավող ցինիկ չինովնիկն էր, քաղքենին, նաեւ՝ կասկածը, վախը, սակրալությունը, հնամաշությունը, ագրեսիան ու դատարկամտությունը, այդքան էլ հեշտ չէ միանգամից ընտելանալ, ամբողջովին ըմբռնել, թե ինչպես է ժամ առ ժամ փոխվում ոչ միայն պետական պաշտոնյաների մասին եղած հնարավոր պատկերացումների ողջ շղթան, այլ նաեւ դրա հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը: ՀՀ քաղաքացիները, անկասկած, ողջունում են եւ դեռ երկար ժամանակ ողջունելու են նոր իշխանության որդեգրած մոտեցումների հենց այս կերպը:



Դրա կարիքը միշտ էլ եղել է, մանավանդ՝ հաշվի առնելով իշխանության ու ժողովրդի արանքում բացված անջրպետի խորությունն ու չափը: ՀՀ վարչապետի աշխատասենյակից ուղիղ միացումը ժողովրդի հետ՝ ձեւավորված սակրալության կազմաքանդման բացառիկ նմուշ է: Սերժ Սարգսյանի օրոք այդ պետական ծառայողի աշխատասենյակը միայն կռահելով էին բացահայտում, փորձում էին կռահել, թե կա՞ն այդտեղ արդյոք ուրիշ սենյակներ, մինչեւ իսկ փորձում էին գլխավոր աթոռի ետեւում շարված գրքերի վերնագրերը կռահել:



Հայաստանում հիմնավորապես հաստատվել էր կանխագուշակման մի ողջ «քաղաքակրթություն», պետք էր գուշակել, թե ինչ մտայնություններ են պտտվում իշխանության գիտակցությունում, կանխագուշակել աներեւույթը ու անգամ՝ ամենատեսանելին: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն էզոթերիկ ու իռացիոնալ տավտոլոգիա էր վավերացրել՝ անմիջականության, մարդեղենության ու բացության փոխարեն առաջարկելով ցինիզմ, ցնորամիտ գաղափարաբանություն, անօրինակ տափակություն:



ՀՀԿ-ն հասարակության անմիջական մարդկանց էլ էր «նվիրաբերել», օրինակ՝ գեներալ Սեյրան Սարոյանն էր «շփվող մարդու» համբավ վայելում՝ իբր հումորի զգացումով, իբր «ժողովրդական լեզու» ունեցող մեկը: Անմիջականության մի կարկառուն ներկայացուցիչ էլ կար՝ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ի առաջին ու վերջին «մեծն հտպիտը»:



Անշուշտ, նորանշանակ նախարարները պետք է պահպանեն, ապահովեն այս բացության անընդհատությունը, որպեսզի ուշ թե շուտ վերջապես հաղթահարվի ու ամրապնդվի իշխանության եւ ժողովրդի միջեւ նոր գցված փխրուն կամուրջը՝ միակ հույսը նոր Հայաստանի նոր ապագայի:



 



**Արամ ՊԱՉՅԱՆ**