«Ռեստարտ» նախաձեռնությունը ընդլայնում է աշխարհագրությունը

«Ռեստարտ» նախաձեռնությունը ընդլայնում է աշխարհագրությունը
ԵՊՀ-ում ձևավորված «Ռեստարտ» նախաձեռնությունը, կարծես թե, ընդլայնում է իր «աշխարհագրությունը»։ Այս նախաձեռնությունը դեռ փետրվար ամսին ԵՊՀ-ում, ի նշան զուգարանում թղթերի բացակայության և վատ սանիտարահիգիենիկ պայմանների, զուգարանի թղթի բարեգործական հավաք էր կազմակերպել։ Այսօր զուգարանի թղթի նմանատիպ հավաք է կազմակերպվել նաև Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ «Թերլեմեզյան Ռեստարտ» նախաձեռնության անդամ Արթուր Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը արդեն «մասնաճյուղեր ունի» մի շարք այլ ուսումնական հաստատություններում՝ ներառյալ գեղարվեստի պետական քոլեջը։



«Մենք գիտակցում ենք, որ պետք է բարեփոխումներ արվեն քոլեջում։ Էդ գիտակցմանը մենք եկել ենք փողոցից, այսինքն ՝ երբ մենք փողոցում արձանագրեցինք հաղթանակ, մենք շատ լավ հասկացանք, որ այդ հաղթանակը պետք է պահվի։ Այդ նպատակով մենք ստեղծեցինք «Թերլեմեզյան Ռեստարտ» նախաձեռնությունը, որը հիմք ընդունեց «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության սկզբունքներն ու գաղափարները։ Ու այդ սկզբունքներով շարունակվում է այդ պայքարը։ Այսինքն՝ էն պայքարը, որով մենք դուրս ենք եկել փողոց, շարունակում ենք։ Մենք փորձում ենք ունենալ ալտերնատիվ ուսանողական կառույց և իր ներկայությունը այն պետք է ունենա բոլոր ուսումնական հաստատություններում, և արդեն ձևավորվում են այդ խմբերը։ Իմ տեղեկություններով՝ «Ռեստարտ» նախաձեռնությունը գործում է բժշկական համալսարանում, մանկավարժական համալսարանում, ճարտարապետականում, պոլիտեխնիկում է ձևավորվում, կոնսերվատորիայում կա։ Այդ խմբերը դեռ ձևավորման փուլում են»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողը։



Նրան հարց ուղղեցինք, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին անում այդ ակցիան, չէ՞ որ զուգարանի թղթերի բացակայության խնդիրը միշտ էլ եղել է, նույնիսկ նախադեպն էլ կար, երբ նույն ակցիան արեցին ԵՊՀ-ում, ինչից հետո ԵՊՀ զուգարաններում սկսեցին թղթեր, օճառներ ու հեղուկ օճառի սարքեր տեղադրել․



«Նման խնդիր չկա, որ եթե ԵՊՀ-ն արել է, ուրեմն մենք պետք է չանենք։ Ես ասացի, թե ինչի համար ենք մենք եկել այդ մտահղացմանը։ Շարժումից հետո մենք հասկացել ենք, որ եթե պայքարել են, հաղթանակ ենք տարել, ուրեմն էդ հաղթանակի տրամաբանությունը պետք է պահվի՝ յուրաքանչյուրս մեր միջավայրում բան փոխելով։ Իսկ թե ինչու հենց զուգարանի թղթի հավաք, պատասխանը շատ հստակ է, տեսնում ենք, որ չկա»։



Արթուր Ավագյանից փորձեցինք ճշտել, թե հնարավո՞ր է, որ «Թերլեմեզյան Ռեստարտ» նախաձեռնությունը փորձի քոլեջում մեկ այլ ակցիա անցկացնել, սակայն չկարողանա՝ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի կամ Յուրի Ավագյանի հետ նախապես պլանավորած չլինելու պատճառով․



«Ճիշտ է, նրանք մեր ընկերներն են, բայց բոլոր կառույցները պետք է ունենան ներքին ինքնավարություն, դա պարտադիր պայման է։ Մենք իրենց հետ փորձի փոխանակում ենք իրականացնում։ Այդ նպատակով «Ռեստարտ» միավորումները հավաքվելու են, ժողովներ են իրականացնելու՝ հասկանալու, թե ինչով կարող են օգնել միմյանց։ Ընթացքում հարցեր կլինեն, որոնք պետք է հստակցվեն, այսինքն՝ նման ժողովներ բնականաբար կլինեն։ Էն սկզբունքները, որոնք հռչակել է «ԵՊՀ ռեստարտը», մենք գործելու ենք էդ սկզբունքների շրջանակում՝ ունենալով ներքին ինքնավարություն»։