Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ



Շնորհավորելով Ձեզ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ողջունելով մեր ժողովրդի հաղթանակը (հավատալով, որ ազատության ընթացքն այլեւս անկասելի է)՝ իմ մի քանի առաջարկություններով ցանկանում եմ նպաստել հանրապետության մշակութային կյանքի բարեփոխումների իրականացմանը:



Մշակութային իրավիճակի կարգավորումը շատ կարեւոր է քաղաքացի դաստիարակելու գործում, քանի որ այսպիսի հեղափոխություն կարող է անել եւ նրա պտուղները պահպանել միայն քաղաքացին եւ ոչ թե ընտրազանգվածի անդամը: Շատ լավ իմանալով դա՝ նախկին իշխանությունները ոչ միայն կանխամտածված ձեւով չէին մտահոգվում մշակույթի հիմնահարցերով, այլեւ վարում էին բացահայտ հակամշակութային քաղաքականություն:



Պետական (կեղծ հանրային) եւ մասնավոր (օլիգարխիկ) հեռուստաալիքներով «հոգեւոր» փչացած ապրանք էին մատուցում մեր ժողովրդին, անպատիժ, ինչպես որ իրենց սուպերմարկետներում փչացած, ժամկետանց սննդամթերքը: Դա դրսեւորվում էր անորակ սերիալների (հնդկական` բթացնող, եւ տեղական` հիստերիկ - քրեական...) ցուցադրմամբ, անիմաստ հարցազրույցներով տարբեր մատնահարդարների, բախտագուշակների հետ, թուրանաոճ երաժշտության մոլեգին հովանավորչությամբ ոչ միայն իրենց քաբաբխանաներում ու զխտկարաններում եւ այլն:



Արժանավոր մտավորականությունը, ֆուտբոլային լեզվով ասած` «աուդ» էր շպրտված, իսկ պսեւդոմտավորականությունը կոչումներով եւ այլ «խթաններով» պալատականացվել էր կամ քնում էր Ազգային ժողովի նիստերի ժամանակ` պատգամավորի կարգավիճակով:



Որպես գրող, ես որոշ նկատառումներ կհայտնեմ գրական կյանքի վերաբերյալ:



Պարոն վարչապետ, մշակույթի այլ ճյուղերում քիչ թե շատ լուծվում են մշակույթի գործչի նյութական խնդիրները (նկարը, երաժշտությունը, քանդակը, ֆիլմը, թատերական ներկայացումն ինչ-որ չափով իրացվում են մեր երկրում, նաեւ արտահանվելու հնարավորություն ունեն):



Գրականությունը դրսում չի կարող իրացվել, ներսում էլ կանգնած է դժվար հաղթահարելի խոչընդոտների առջեւ: Աշխարհի ոչ մի երկրում գրողը չի վարձատրվում պետության կողմից, եւ դա ճիշտ է, սակայն փոքրաթիվ բնակչություն ունեցող մեր երկրում, որտեղ չկա վճարունակ պահանջարկ ունեցող գրաշուկա, անհրաժեշտ է պետության հնարավորությունների սահմաններում օժանդակել գրականությանը: Ինչպե՞ս:



1. Մշակութային գործերով զբաղվող Ձեր խորհրդականի միջոցով ունենալ ցուցակը (ոչ մի դեպքում այն չհամաձայնեցնել ինչ-ինչ գրական վարչարարների հետ) այն փոքրաթիվ գրողների (հավատացեք` դրանք ամենաշատը 20-30 հոգի են), որոնք իսկապես արժեք են ստեղծում (Գրողների միության ավելի քան 400 անդամներից 350-ից ավելին 30 տարվա ընթացքում նույնիսկ մի հոդված չի տպագրել - տվյալները «զգացական» չափումներով են...), եւ նշանակել ստեղծագործական թոշակ` պետբյուջեի սուղ հնարավորությունների սահմաններում:

2. Վերացնել պետական եւ նախագահական մրցանակները․ դրանք վաղուց բարոյական խթանի տեսանկյունից արժեզրկվել են, եւ գուցե այդ գումարը կբավարարի հենց վերը նշված թոշակները վճարելու համար: Աշխարհի նորմալ երկրներում, որքան գիտեմ, ոչ մի երկիր պետական մրցանակներ եւ վաստակավորի կոչումներ չի տալիս: Դա (մրցանակները) անում են գրական հիմնադրամները, որոնց կարող է մասնակցել նաեւ պետությունը:

3. Սահմանել օրենք մշակութային հիմնադրամների եւ դրանց օժանդակողներին հարկային արտոնություններ տալու մասին:

4. Վերականգնել ավերված գրադարանային ցանցը, բարձրացնել գրադարանավարների աշխատավարձը (որը, կարծեմ, երկրում ամենացածրն է):

5. Գրադարանային ցանցի միջոցով (բայց պատվերները` մշակույթի նախարարության միջոցով) վերականգնել կաթվածահար գրահրատարակչությունը, հրատարակչություններին տալ լիմիտավորված ֆինանսավորում, որի սահմաններում գրքեր կտպագրվեն հրատարակիչների ընտրությամբ (բացի այն դեպքերից, երբ առկա է պետական որեւէ հոբելյանական կամ այլ կոնկրետ գրքի պատվեր), իսկ իրացում գտնող գրքերի տպաքանակը հրատարակիչը կարող է ավելացնել իր հաշվին եւ հօգուտ իրեն:

6. Ֆինանսական իրական աջակցություն ցույց տալ մեր աչքի առջեւ օրեցօր ցամաքող գրական մամուլին:

7. Հանել գրահրատարակչական նյութերի ձեռքբերման գծով ավելացված արժեքի հարկը:

8. Պարտադրել Հանրային հեռուստատեսությանը` ունենալ շաբաթական մեկ ժամ գրական հաղորդում, որտեղ կքննարկվեն նոր լույս տեսած գրքերը (այդպիսով պայքարելով տարածված գրական խոտանի դեմ), ինչպես նաեւ կլուսաբանվեն գրական կյանքի այլ հարցեր:



Պարոն վարչապետ, ես ուրախ կլինեմ, եթե իմ առաջարկություններով կարողանամ դույզն իսկ օգնել Ձեզ մշակութային հիմնահարցերը լուծելիս (գիտեմ, հիմա դեռ դրա ժամանակը չունեք):



**Զավեն ԲԵԿՅԱՆ | բանաստեղծ**