Մշակույթի նախարարությունը սիրով է ընդունել անծանոթ գեղեցկուհուն

Մշակույթի նախարարությունը սիրով է ընդունել անծանոթ գեղեցկուհուն
Նոր կառավարության նոր նշանակումներից ամենաուշագրավը, թերեւս, մշակույթի նախարարի նշանակումն էր։ Այդ պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նշանակվեց Լիլիթ Մակունցը, ում մասին տեղեկատվությունն այնքան սակավ էր, որ «գուգլելու» բոլոր փորձերը սկզբում անարդյունք էին։ Այն աստիճան, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա դեմքը պատկերեցին Կրամսկոյի հայտնի «Անծանոթուհին» կտավի հերոսուհու կերպարում։



Ի վերջո, քիչ ուշ հրապարակված կենսագրականից պարզ դարձավ, որ Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, գերմաներենի մասնագետ, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել։ Ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը։ Ութ տարի (2004-2012) եղել է Հայաստանի լիբերալ կուսակցության խորհրդի անդամ եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար։



Օգտատերերից շատերը տարակուսում են՝ այդքանը բավակա՞ն է նախարար դառնալու համար, մի մասն էլ նկատում է, որ փորձն ու իմաստնությունը տարիքով չեն պայմանավորված, եւ լավ է, որ մշակույթի նոր նախարարը մշակույթի մարդ չէ։ Չուշացավ նաեւ Լիլիթ Մակունցի արձագանքը ֆեյսբուքյան հարթակում․ նա մասնավորապես, ի պատասխան համացանցում հնչող հարցին, թե ինքն ինչ կապ ունի մշակույթի հետ, գրել է․ «Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար։



Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի: Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպեսեւ՝ մեզանից յուրաքանչյուրի»։ Գրելուց ժամեր անց նա հեռացրել է այս ստատուսը, քանի որ «մշակույթը ես եմ» արտահայտությունը դարձել էր քննարկման առարկա։ Դրանից քիչ անց մամուլում գրվեց, որ նա անգլերեն է դասավանդել նաեւ Նիկոլ Փաշինյանին։



Օրվա ընթացքում նորանշանակ նախարարը բացեց նաեւ անձնական էջ եւ խնդրեց հետեւել իրեն այդ էջում, որտեղ կլինեն իր հանրային հրապարակումները։ Մեկ օրվա ընթացքում էջն ունեցավ 1600-ից ավելի հետեւորդ։ Ինչպես իր էջում պաշտոնապես տեղեկացրել էր նորանշանակ նախարարը, մայիսի 14-ից մշակույթի նախարարությունում կանցնի պարտականությունների կատարմանը: Ապա դիմել էր մշակութային միավորումներին եւ պատրաստակամություն հայտնել՝ հանդիպելու բոլորի հետ, նաեւ լսելու եւ քննարկելու առկա խնդիրները` ըստ ոլորտների։



«Ակնկալում եմ, որ այն սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը, որով բոլորս վարակված փորձում էինք մեր քայլն անել մարտի 31-ից սկսած, կշարունակվի արդեն այս բովանդակային փուլում եւ նոր որակի փոփոխությունների սկիզբ կդնի»,- գրել է նա:



Դերասան **Հրանտ Թոխատյանը** կարծում է, որ նոր նախարարին նախ պետք է ժամանակ տալ աշխատելու։ Իսկ այն հարցադրումների առնչությամբ, թե ինչ կապ ունի նա մշակույթի հետ, ասաց․ «Նույնը կարելի է ասել իմ մասին՝ ի՞նչ կապ ունեմ բեմի հետ, որովհետեւ ուսուցիչ եմ, հիմա անցան ժամանակներ, հարմարվեցինք, թողեք մեր նոր նախարարն աշխատի՝ տեսնենք»։



ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար **Վլադիմիր Կարապետյանը**, անդրադառնալով Լիլիթ Մակունցի նշանակմանը, ով 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել, նշեց, որ համաձայն չէ հնչող այն կարծիքներին, թե նա ինչ կապ ունի մշակույթի հետ, ապա, առիթից օգտվելով, այդ նշանակման առիթով շնորհավորեց Մակունցին․ «Ավելին՝ կարող եմ ասել, որ ես ոգեւորված եմ, որ նման անձ գլխավորելու է մեր համապատասխան գերատեսչությունը։



Հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է քաղաքական կամք, ինչն առկա է այս կառավարությունում, քաղաքական թիմի անդամ լինել, ինչն առկա է այս նշանակման մեջ, տեսլական, ինչը, վստահ եմ, Լիլիթն ունի, եւ ցանկություն՝ շարժվել բարեփոխումների ճանապարհով։ Ես մաղթում եմ հաջողություններ եւ վստահ եմ, որ դրանք տեսանելի կլինեն շատ շուտով բոլորի համար»։



Առիթ ունեցե՞լ է նրա կազմակերպչական կամ այլ հմտություններին ավելի մոտիկից ծանոթանալու եւ ի՞նչ է կարծում, չնայած երիտասարդ տարիքին, կկարողանա՞ կազմակերպել նման մեծ գերատեսչության աշխատանքը։ «Այո, ես ծանոթ եմ, թեեւ վաղուց չենք հանդիպել, ծանոթ եմ նախ նրա մտածելակերպին, մոտեցումներին, գաղափարներին եւ վստահ եմ, որ, ունենալով այն քաղաքական թիմի աջակցությունը, որ առկա է, միանշանակ՝ հաջողություն կունենա, քանի որ նաեւ պատրաստված անձնավորություն է»։



Իսկ այն, որ մշակույթի նախարարն անպայման մշակույթի մարդ պետք է լինի, ըստ նրա, կարծրատիպ է, ավելին՝ կարծում է, որ բոլոր նշանակումներն էլ պետք է քաղաքական լինեին․ «Բացարձակ չեմ կարեւորում այս կամ այն ոլորտի մարդ լինելու հանգամանքը եւ կարծում եմ՝ այն լեգիտիմությունը, որ ունի այսօրվա թեկուզ ժամանակավոր կառավարությունը, հաջողություն կունենան»։



Մշակույթի փոխնախարար **Արթուր Պողոսյանից** հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել նորանշանակ նախարարից, եւ ինչպես է անցել առաջին աշխատանքային օրը։ «Մենք հանդիպել ենք շատ կարճ, եւ ընդհանուր քննարկում դեռ չի եղել անձնակազմի հետ։ Նախարարն այսօր ընդամենը ծանոթացել է աշխատակիցներին, տեխնիկական խնդիրներ ենք լուծել։ Անձնական տպավորությունս այն է, որ շատ լուրջ անձնավորություն է եւ լուրջ խնդիրներ լուծելու ցանկություն ունի։ Սա է կարեւորը։



Մեր հանդիպումը տեւել է ընդամենը մի 10 րոպե, եւ խորհրդակցել ենք մի շարք հրատապ հարցերի շուրջ, մասնավորապես՝ Սարդարապատի 100-ամյակի միջոցառումների եւ Համահայկական նվագախմբի այսօրվա համերգի հետ կապված»,-ասում է Պողոսյանն ու ընդգծում, որ աշխատանքի փորձն այնքան կարեւոր չէ, ինչքան նրա ցանկությունը՝ բոլոր հարցերի մեջ խորանալու եւ լուծումներ տալու։ Նոր նախարարի կողմից դեռ ոչ մի կարգադրություն չի եղել, քանի որ առաջին օրն է եղել, լուծվել են միայն տեխնիկական բնույթի հարցեր։ Հետագայում, կարծում է, կլինեն խորհրդակցական բնույթի հանդիպումներ, եւ գործն առաջ կգնա։



Այսօր բոլոր նախարարություններում ակտուալ է կադրային փոփոխությունների հարցը, հնարավոր համարո՞ւմ է կադրային փոփոխությունները նաեւ մշակույթի նախարարությունում։ Պողոսյանը նշեց, որ առայժմ նման քննարկում չի եղել, եւ ավելի նպատակահարմար կլինի այդ մասին հենց նախարարից տեղեկանալ։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**