Առաջին տարիներին ՀՀԿ-ն մոլի ընդդիմություն էր

Առաջին տարիներին ՀՀԿ-ն մոլի ընդդիմություն էր
_«Ընդդիմությունը, քաղաքական իմաստով, ավելի վառ էր արտահայտվում ԳԽ առաջին (1990-95թթ.) եւ ԱԺ առաջին (1995-1999թթ.) գումարումներում։ 1995-ին ընդդիմադիր կուսակցություններից 4-ը ՀՀՇ-ի հետ կազմեցին «Հանրապետություն» բլոկը։_



Քրիստոնյա դեմոկրատները՝ Ազատ Արշակյանի, Հանրապետական կուսակցությունը՝ Աշոտ Նավասարդյանի, լիբերալ դեմոկրատները՝ Վիգեն Խաչատրյանի, հնչակները՝ Եղիա Նաճարյանի գլխավորությամբ: Որպես ընդդիմություն՝ խորհրդարան անցան ԱԺՄ-ն՝ Վազգեն Մանուկյանի, Կոմկուսը՝ Սերգեյ Բադալյանի, ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:



ՀՅԴ գործունեությունը դատարանով կասեցված էր, բայց նրանցից մեկ հոգի ընտրվեց մեծամասնական ընտրակարգով։ Կային նաեւ «Շամիրամը» եւ մի քանի տասնյակ անկախ պատգամավորներ»։ Այսպիսին էր, ըստ պատմաբան, ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանի, ներքաղաքական ներկապնակը 1995 թ․ ԱԺ ընտրություններից առաջ եւ հետո: Նա Գերագույն խորհրդի, 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր էր:



**-Կարելի՞ է ասել, որ այն ժամանակ գաղափարական ընդդիմություն ունեինք:**



-Շարժման տարիներին եւ հետո գաղափարական իմաստով պայքարը քաղաքական մտքի 2 ուղղության մեջ էր։ Առաջինն ավանդական հայդատականությունն էր. «մեր հողերը», Ցեղասպանությունը, պահանջատիրություն, «հավերժական թշնամի» ու մշտական բարեկամ եւ այլն: Երկրորդը դեռ 1988թ․ ամռանից որդեգրված իրատեսական քաղաքականության սկզբունքներն էին:



Ըստ դրա՝ ժողովուրդը պետք է ապավինի միայն սեփական ուժերին, դնի միայն իր ուժերին համապատասխան, լուծելի քաղաքական խնդիրներ, հարեւանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, մերժի քաղաքական կողմնորոշումը՝ գումարած, իհարկե, սոցիալիստական տնտեսակարգից ազատ շուկայականին եւ ժողովրդավարության անցնելը:



Քաղաքական սուր քննարկումներ էին լինում տարբեր հարցերի շուրջ՝ սկսած Ղարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հարցից մինչեւ սեփականաշնորհում, այլ բարեփոխումներ, բանակ, Սահմանադրություն, անկախության հանրաքվե, Լեռնային Ղարաբաղի հարափոփոխ իրադարձություններ։ Առողջ, գաղափարական պրոցես էր: 1999 թվականից հետո դա դարձավ մի տեսակ արհեստական, քաղաքական որակից զուրկ:



Բոլորս ենք հիշում, չէ՞, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին խորհրդարանում հաճախ էր հնչում հարցերը չքաղաքականացնելու հորդորը։ Այն ժամանակ հակառակը՝ խորհրդարանի ղեկավարների կողմից բոլոր հարցերը քաղաքական հարթության վրա քննարկելու հորդորներ էին հնչում։



**-Տարաձայնությունների կիզակետում նաեւ Սահմանադրությո՞ւնն էր՝ ինչպեսեւ այսօր:**



-Անշուշտ: Իշխանությունը ներկայացրել էր նախագահական համակարգով Սահմանադրության տարբերակ, ընդդիմությունը՝ 6 կուսակցություն՝ խորհրդարանական: ԳԽ-ում ստեղծված էր 20 հոգուց բաղկացած սահմանադրական հանձնաժողով, որն ուներ Սահմանադրություն գրելու, իսկ մինչ այդ՝ նաեւ սահմանադրական օրենքներ մշակելու գործառույթ: Խնդիրը միայն Սահմանադրություն գրելը չէր, այլ նաեւ այն, որ հիմնական օրենքները մի քանի տարի աշխատեին, փորձարկվեին, ապա դրվեին Սահմանադրության հիմքում: Գերագույն խորհրդի, նախագահի մասին եւ այլ օրենքներն անցան ապրոբացիա, ապա դրվեցին 95 թվականի Սահմանադրության հիմքում: Այդ Սահմանադրությունը ոչ միայն մտքի, այլեւ տեւական քրտնաջան աշխատանքի արդյունք էր, ոչ մի ներքին հակասություն չուներ, երբեւէ ճգնաժամ չստեղծեց, ինչպես այս Սահմանադրությունն է ստեղծում հենց սկզբից:



**-Էն, որ Վլադիմիր Նազարյա՞նն էր մի շիշ օղով գրել:**



-Չգիտեմ, թե ով է հորինել ոչ կոռեկտ եւ անհաջող այդ արտահայտությունը։ Նազարյանը՝ հարգանքի արժանի հմուտ իրավաբան, որքան հիշում եմ, օգնել էր ընդդիմադիր 6 կուսակցություններին՝ ստեղծելու խորհրդարանական տիպի հանրապետության Սահմանադրության նախագիծ: ԳԽ սահմանադրական հանձնաժողովը ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, 1994 թվականից՝ նաեւ Բաբկեն Արարքցյանը՝ որպես համանախագահ։



**-Այսինքն՝ Սահմանադրությունը մեկ-երկու իշխանական հեղինակներ չէին գրել, ինչպես այսօր:**



-Իհարկե՝ ոչ: Հանձնաժողովը կազմված էր բարձրակարգ իրավաբաններից, բոլոր կուսակցությունները հրավիրված էին մասնակցելու, եւ բոլորն էլ մասնակցում էին: Հանձնաժողովի նիստերը բաց էին։ Ընդհանուր հաշվով, բոլորն իրար հետ, թերեւս, մոտ 40 հոգի էին: Բոլոր հոդվածները, հաճախ առանձին ձեւակերպումներ, նույնիսկ բառեր ընդունվում էին երկար քննարկումներից հետո, քվեարկությամբ։ Ասեղնագործ աշխատանք էր։ Արա Սահակյանն էր հաշվել՝ հանձնաժողովի միայն պաշտոնական նիստերը տեւել էին մոտ 120 ժամ՝ չհաշված խմբերում աշխատանքը:



**-Ինչպե՞ս եղավ, որ ընդդիմադիր ուժերն անցան ՀՀՇ-ի կողմը, 95 թվականին ԱԺ-ում իշխանականներն ունեցան ահռելի մեծամասնություն:**



-Ես հիշում եմ իրենց բացատրությունները. նկատի ունենալով, որ ՀՀՇ իշխանությունները կարողացել են պատերազմում հաղթել, ճգնաժամից դուրս գալ, լուծել խնդիրներ, որ նաեւ իրենց ծրագրերում են եղել եւ այլն։ Այսինքն՝ գնահատելով հինգ տարվա քաղաքական արդյունքը՝ որոշեցին ընտրությունների գնալ ՀՀՇ-ի հետ դաշինքով: Նորմալ մոտեցում էր։



**-Փաստորեն, ՀՀԿ-ն միշտ էլ իշխանության հետ համագործակցելու հակված է եղել:**



-Նա առաջին տարիներին մոլի ընդդիմություն էր:



**-Մոլի ընդդիմություն ես պատկերացնում եմ այդ տարիներին ԱԺՄ-ն, Դաշնակցությունը եւ ինչ-որ տեղ՝ կոմունիստներին, որոնք թույլ էին, բայց ՀՀՇ-ին հակադիր գաղափարական բեւեռում, սակայն երբեք ոչ Հանրապետականը:**



-Առաջին տարիներին ընդդիմադիր էին բոլորը: Բայց 95 թվականի խորհրդարանում արդեն իշխանության մաս էին: ՀՀԿ-ից շատ չէին՝ Աշոտ Նավասարդյան, Գալուստ Սահակյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան:



**-Դուք ականատես եղաք մեծ «առնետավազքի», երբ 98-ին իշխանական կոալիցիան մեկ օրում քանդվեց:**



-1998 թվականին Ղարաբաղի հարցի պատրվակով տարաձայնություններ ի հայտ եկան իշխանության մեջ։ Կարեւոր պաշտոններ զբաղեցնող Վազգեն Սարգսյանը, Ռ. Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ղարաբաղյան ղեկավարությունն անակնկալ դուրս եկան ղարաբաղյան կարգավորման՝ նախագահի առաջարկած ծրագրի դեմ, կատարվեց պետական հեղաշրջում։ Իշխող «Հանրապետություն» դաշինքի մի մասը, բացի ՀՀՇ անդամ պատգամավորներից, գնացին նրանց հետեւից։



**-Ինչպե՞ս Դուք ընդունեցիք դա:**



-Լավ չընդունեցինք, իհարկե: Բայց մյուս կողմից հասկանում էինք, որ եթե նախագահը հրաժարական է տվել, եւ նրա հետ հրաժարական են տվել մոտավորապես 4 տասնյակ բարձր պաշտոնյաներ, դա բնական է, պետք է լիներ: Դա արդեն երրորդական, չորրորդական հանգամանքն էր, որ կարող էր մեր տրամադրության վրա ազդել: Մինչ այդ անհանգստանալու շատ ավելի կարեւոր բաներ կային՝ կապված երկրի ապագայի հետ։



**-Այսօր Դուք Ձեր թիմի քաղաքական սխալը տեսնո՞ւմ եք, որ ասեք՝ այ, սա սխալ արեցինք:**



-Քաղաքական ուժի համար սխալն ու ճիշտը որոշելու մի չափանիշ կա՝ գործունեության քաղաքական արդյունքը: Ես գրել եմ մի քանի անգամ, եւ ոչ մի պատմաբան ինձ հետ չի վիճել. եթե 1988-98 թվականի քաղաքական արդյունքների ցուցակ կազմես, կտեսնես, որ վերջին առնվազն 1000 տարվա մեր պատմության որեւէ տասնամյակի արդյունքները դրա հետ չեն կարող համեմատվել: 1988-ին սկսված քաղաքական պրոցեսը 1998-ին խզվեց եւ դեռ չի վերականգնվել: Մեծ հաշվով՝ 1998-ը հայդատականության ռեւանշն էր:



**-Բայց սա էլ է քաղաքական արդյունք՝ որ եկան Քոչարյանն ու մյուսները, բացասական արդյունք:**



-Չէ, արդյունքն այն է, թե ինչ էինք ժառանգել, ինչ խնդիրներ լուծեցինք եւ ինչ հանձնեցինք: Իսկ անձերն այդ նույն քաղաքական թիմի անդամներն էին, որոնք ինչ-որ պահի անակնկալ վարք ցուցաբերեցին, ինչը հնարավոր չէր նախապես կանխատեսել: Սա այլ թեմա է։



**-Որպես Սահմանադրության ստեղծմանը մասնակցած պատմաբան, ի՞նչ եք կարծում, կա՞ սահմանադրական ճգնաժամ:**



-Սահմանադրական իմաստով այսօրվա իրավիճակը ճգնաժամային է եւ վտանգներով լի: Այս Սահմանադրությունը գրված է այնպես (ինչպես կոմունիստականը), որ ապահովի մի կուսակցության մշտական իշխանություն. եթե մի անգամ մեծամասնություն կազմեցիր, ապա այն քեզ 99 տոկոսով երաշխավորում է, որ լինես մշտական իշխանություն: Հիմա ՀՀԿ-ին ամբողջ ժողովուրդն ասաց «ոչ», բայց նա զուտ փաստաթղթի ուժով շարունակում է մեծամասնություն ունենալ խորհրդարանում: Առաջին դեմքը՝ վարչապետը, նրա առաջ, սահմանադրական մեխանիզմների իմաստով, ըստ էության, անզոր է:



**-ՀՀԿ-ն կշարունակի՞ պայքարել:**



-Իհարկե: Այն ժամանակ կոմունիստներն էլ պայքարեցին, ինչքան որ կարողացան։ Բայց, նախ՝ նրանց նյութական եւ այլ ռեսուրսներն անհամեմատ քիչ էին, երկրորդ՝ նրանց մի մասը կարողացավ քաղաքական մտածողություն դրսեւորել: Նախորդ սահմանադրությունները ենթադրում էին խորհրդարանը ցրելու ձեւեր, բայց այս փաստաթղթով այդ ձեւը չկա:



**-Ի՞նչ ելք եք տեսնում:**



-Ելքն առաջարկել է առաջին նախագահը։ Պետք է հասնել լայն ու վստահելի քաղաքական պայմանավորվածությունների՝ որպես միակ ելակետ ունենալով երկրի ու ժողովրդի շահերը։ Բոլոր դեպքերում, չի կարելի խախտել դե ֆակտո գործող Սահմանադրությունը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**