Աջակցություն եւ մասնակցություն

Աջակցություն եւ մասնակցություն
Մեկ-երկու ամիս առաջ մեր երկրում գոհ մարդ գրեթե չկար՝ բոլորը դժգոհ էին, այդ թվում՝ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ Այնպես, որ թվում էր՝ մենք դժգոհների հասարակություն ենք։ Դժգոհ՝ իր կյանքից, իր երկրից, իր իշխանություններից, իր ճակատագրից։ Հասարակություն, որ ոչ մի լուսավոր բան չի տեսնում, ոչ մի հույս չունի եւ իր բողոքը հայտնում է երկրից փախչելով։



Մի քանի ամսում, թվում է, ամեն ինչ փոխվեց։ Հույս ու հավատ արթնացավ, մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց, հեռանալու փոխարեն մարդիկ մտածում են վերադառնալու մասին։ Բայց մենք ծայրահեղությունների ազգ ենք՝ առաջ համատարած դժգոհություն էր տիրում, հիմա համատարած գոհունակության եւ լավատեսության ալիք է։



Այս վիճակը, անշուշտ, շատ ավելի կառուցողական է եւ հաճելի՝ հույսն ու լավատեսությունը, հուսանք, լավ խթան կլինեն աշխատելու, մեր կյանքում ինչ-որ բան փոխելու, ինքներս մեզ փոխելու համար։ Բայց որքան հուսահատությունն ու մռայլ դժգոհությունն էին վտանգավոր, նույնքան էլ այս անհիմն ու չմտածված լավատեսությունն ու գոհունակությունն անվտանգ չեն։ Սա հետո գալիք հիասթափությամբ է հղի։ Ինչպես հղի է ձեռքերը ծալած նստելու եւ Նիկոլ Փաշինյանից ու նրա երիտասարդ թիմից լավ կյանք ու լավ երկիր ակնկալելու ծուլությամբ։



Մարդն ինքը պետք է կերտի իր ճակատագիրը, պետք է իրատես լինի իր սպասելիքների եւ ջանասեր՝ իր գործունեության մեջ։ Սպասել, որ ջահել նախարարների այս թիմը հրաշքներ է գործելու եւ մեր փոխարեն լավ երկիր է կառուցելու՝ լուծելով մեր պետության առաջ հառնած բոլոր խնդիրները, ոչ միայն միամտություն է, այլեւ վնասարարություն նույն այս երիտասարդ թիմի հանդեպ, որը բոլորիս օգնության եւ մասնակցության կարիքն ունի։ Ինչպես ունի մեր սթափ հայացքի եւ պահանջկոտ ներկայության կարիքը։