Ինչո՞վ է զբաղվելու «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը

Ինչո՞վ է զբաղվելու «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը
_Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն ձևավորված է։ Նոր կառավարությունում կան անուններ, որոնք հանրության լայն շերտին հայտնի չեն, մինչ դեռ շարժման սկզբից մինչև վերջ Փաշինյանի կողքով քայլած «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները կառավարությունում և վարչապետի աշխատակազմում որևէ պաշտոն չստացան։ Թե ինչու, փորձեցինք պարզել «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանից:_



**- Ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը վարչապետի ձևավորած կառավարության վերաբերյալ։**



-Կառավարության հիմանական կազմը երիտասարդներ են։ Իհարկե, մտահոգություններ կան, բայց առանձնապես շատ մտահոգություններ չունեմ, որովհետև, եթե էս թիմը կարողացել է անել հեղափոխության դժվար գործը, ապա կառավարումը ավելի հեշտ է լինելու։ Կառավարման սկզբունքներն էլ են էստեղ կարևոր, այսինքն՝ լսել, թե հասարակությունը ինչ է ասում, համագործակցել հասարակության տարբեր շերտերի, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ, և հասկանալ կառավարման մեթոդները, իրականացնել կառավարում։ Սա էն ամենաարդյունավետ մեթոդն է, որով կարելի է հեշտ կառավարում իրականացնել ու հնարավորինս սխալ գործողությունները մինիմալի հասցնել։ Կարծում եմ, որ այս կառավարությունը հաջողելու է։



**- Կառավարության անդամների նշանակման շուրջ քննարկումները իրականացվել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսո՞ւմ,թե՞ «Մերժիր Սերժի՛ն» նախաձեռնությունը նույնպես ներգրավված է եղել այդ քննարկումներին։**



-«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը նշանակումների քննարկումներին չի մասնակցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է կայացրել նշանակումների որոշումները։



**- Դուք և Դավիդ Սանասարյանը հեղափոխության ակունքներում կանգնած մարդիկ եք, ի սկզբանե նախաձեռնողներից եք եղել։ Սոցցանցերում բուռն քննարկվում է, թե ինչու դուք պետական կառավարման ապարատում որևէ պաշտոնի չնշանակվեցիք։**



-Քանի որ «Մերժի՛ր Սերժին»-ը ունեցել է ժողովրդավարության տեսլական, իսկ այս կառավարությունը բազում այլ նպատակների հետ մեկտեղ ունի գերնպատակ՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ, այդ իսկ պատճառով մենք կաշխատենք հիմնականում այդ ուղղությամբ։ Ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված կլինենք։ Մենք հիմնականում էդ գործով կզբաղվենք։



**- Մասնակցելո՞ւ եք ընտրություններին, թե՞ միայն կազմակերպմանը։**



-Չէ, ընտորությունների կազմակերպմանը, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդիր կա, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության խնդիր կա, և մի շարք այլ խնդիրներ կան, որոնց կազմակերպման աշխատանքում մենք ակտիվ ներգրավվածություն կունենանք։



**- Ընտրություններից հետո նո՞ւյնպես պետական պաշտոն չեք ունենալու։**



-Դրանք արդեն ընտրությունների արդյունքներից կախված կլինի, կարծում եմ, որ ներգրավված կլինենք։



**- Իսկ հնարավո՞ր է, որ ձեր անունները տեսնենք ՔՊ նախընտրական ցուցակում։**



-Ցուցակի հետ կապված որևէ քննարկում դեռ չենք ունեցել, բայց համոզված եմ, որ կառավարաման գործընթացում ներգրավված ենք լինելու։ Այդպիսի հարց էս պահին չենք քննարկել։



**- Այս կառավարության կազմում ձեզ տեղ չե՞ն առաջարկել, թե՞ առաջարկել են դուք եք մերժել։**



-Քննարկումներ եղել են, բայց քաղաքական իրավիճակից ելնելով՝ մենք ավելի շատ գնացել ենք ընտրություններով զբաղվելու ճանապարհով։



**Կորյուն Սիմոնյան**