Մշակույթի նախարարությունը սահման չէ, որ պետք է պահել

Մշակույթի նախարարությունը սահման չէ, որ պետք է պահել
_Համաժողովրդական հեղափոխությունից հետո հրաժարական տվեց նաեւ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։_



Թեեւ նոր իշխանությունը դեռ նոր նախարար չի նշանակել այս պաշտոնին, բայց տարբեր անուններ են շրջանառվում՝ Հայկ Մարությանից մինչեւ Նաիրա Զոհրաբյան։ Մի մասն էլ կարծում է, որ մշակույթի նախարարություն մեզ ընդհանրապես պետք չէ, եւ իմաստ չունի նման մեծ գերատեսչություն պահել՝ այդքան մեծ հաստիքացուցակով։



Գեղանկարիչ **Փարավոն Միրզոյանը** կարծում է, որ մշակույթի նախարարություն մեր հանրապետությանն անհրաժեշտ է, ինչ վերաբերում է մշակույթի նախարարին՝ ով կամ ինչպիսի մարդ պետք է լինի, ապա, ըստ նրա, պետք է ճիշտ որոշում կայացնել եւ այնպիսի մարդու ընտրել, ով իր տեսակով մշակույթի մարդ լինի, այլ ոչ թե բիզնեսմեն կամ մեկի ընկերը։ «Մշակույթը ղեկավարելը, հավատացեք, շատ դժվար գործ է, ես ինչպես նայում եմ, մշակույթով չէին կարողանում զբաղվել, զբաղվում էին շոուներով։ Մինչդեռ մշակույթն իդեոլոգիա է, երկրի հիմնական կառույցներից մեկը, դրա համար ես գտնում եմ, որ պետք է շատ ավելի լուրջ մտածել»։



Երգահան, հեղինակ կատարող **Էդուարդ Զորիկյանը** կարծում է, որ Հայաստանի նման երկրի համար մշակույթի նախարարությունն ավելորդություն է։ Նա գտնում է որ պետաջակցության համար հսկայական նախարարություն պետք չէ պահել․ «Այն գումարը, որ չինովնիկներն են ուտում, թող աջակցություն տան, էլ չասեմ, որ 1 գրում, 2 դնում են գրպանները․ միշտ էլ դա եղել է, ու բոլորս գիտենք դրա մասին»։



Նախարարի պաշտոնը վարչական պաշտոն է, ըստ այդմ՝ պարտադիր չէ, որ նախարար լինի անվանի մի արտիստ, այն էլ՝ գործող, որովհետեւ գործող արտիստը պետք է իր գործով զբաղվի․ «Մենք փորձ ունենք, որ գործող արտիստների նշանակել են այս կամ այն պաշտոնի, մարդիկ ընդամենը իրենց հարցը լուծել են եւ դուրս եկել այդ պաշտոնից, ասենք՝ ֆիլմ նկարելու գումարը, եւ այդպես։ Հետո սենց մի բան կա․ եթե կա մշակույթի նախարարություն, ապա նույնիսկ ինքնուրույն գործող, ինքնաֆինանսավորվող մշակութային միավորները ձգտում են դառնալ պետական, այսինքն՝ բեռ են դառնում պետության վրա։ Հիշում եմ՝ անկախանալուց բոլոր պետական թատրոններն ուզում էին անկախանալ, որովհետեւ գտնում էին, որ անկախ աշխատելուց ավելի շատ գումար կաշխատեն եւ իրենք կտնօրինեն իրենց աշխատած գումարը։ Բայց մի 15 տարի հետո հակառակ պրոցեսը կատարվեց՝ մարդիկ թատրոն էին բացում, հետո դիմում էին, որ դառնան պետական, որովհետեւ գումար են տալիս, ուրեմն ինչո՞ւ մենք էլ չհերթագրվենք ու մեր փայը չվերցնենք։ Բայց այն թատրոնը, որը հանդիսատես չունի, պետք է փակվի։ Պետությունը պետք է հովանավորի պետական ծրագիր եւ այդ ծրագրով հաստատված ներկայացումներ, միջոցառումներ, ֆիլմեր»։



Զորիկյանը վստահ է, որ այս ամենի համար հսկայական գերատեսչություն պետք չէ պահել․ «Մեկ-մեկ ծաղրանկարներ են տեղադրում սոցցանցերում, երբ 10-15 հոգի կանգնած ցուցումներ են տալիս, իսկ մի հոգի բանվոր գործ է անում։ Հիմա մեր պարագայում նման նախարարություն ունենալը դա է նշանակում, բայց ոչ էլ ցուցում են տալիս։ Գումար կա, ու մշակույթի գործիչների ուշքնումիտքը դա է․ ոնց անենք՝ այդտեղից գումար ստանանք։ Մշակույթի մարդը, դու նախ որոշի ոնց անես, որ քո ֆիլմը դիտվի, բայց չէ՝ ֆիլմը նկարենք, պրեմիերա անենք, մեկ անգամ ցուցադրենք ու վերջ։ Եղբայր, բայց եթե քո ֆիլմը նայող չկա, ինչո՞ւ պետք է պետությունը այն ֆինանսավորի։ Ազատ երկիր ենք, էլի նկարի ինչ ուզում ես, բայց ո՛չ պետական բյուջեի հաշվին։ Ես կողմնակից եմ, որ լուծարվի եւ կառավարությանը կից ինչ-որ վարչություն լինի, որը կառավարության որոշումով կհաստատի, թե ինչ նպատակներով ինչքան գումար հատկացվի ինչ-ինչ ծրագրերի»։



Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ու թե ով պետք է լինի, ապա ամենակարեւորը՝ ազնիվ մարդ լինի․ «Որ ենթադրենք ես համերգ եմ անում, իմ համերգի տակ այլ թղթաբանություն չգրեն, այդքան հարո՞ւստ ենք, որ ինքներս մեզնից գողանանք»։



Ըստ նրա՝ նախարարությունները վարչական ռեսուրսներ են, որ մինչ օրս պահել են ընտրությունների ժամանակ նրանց միջոցով ձայներ ապահովելու համար․ «Լուծարել՝ դա սահման չէ, որ պետք է պահել, մշակույթը ստեղծում են մշակույթի մարդիկ, իսկ նախարարությունը կոռուպցիայի դասական օջախ է, ինչպեսեւ՝ մյուս բոլորը։ Կարծում եմ՝ Նիկոլը կնշանակի այնպիսի մարդկանց, ովքեր վստահություն ունեն ժողովրդի մոտ, մաքուր ձեռքերի կառավարություն պետք է ստեղծվի»։



Ռեժիսոր **Հրանտ Վարդանյանը** կարծում է, որ մշակույթի նախարար անպայման կնշանակվի, որովհետեւ այս ձեւաչափի մեջ այն դեռ պահպանվում է, եւ մի օրում չի լինի, որ լուծարենք մշակույթի նախարարությունը․ «Նոր կառավարությունը, ղեկավարությունը, ԱԺ-ն ինքը պիտի իր ծրագրերը հասկանա, ու թե ինչքանով մշակույթի դերն ու նշանակությունը պիտի բարձրանան, եւ ինչ պետք է փոխել։ Այսինքն՝ սրանք լուրջ ծրագրեր են, եւ մի անհատով չէ։ Ես չէի ուզի, որ մշակույթի նախարար նշանակվի նեղ պրոֆիլի մասնագետ, մշակույթի գործիչ, որովհետեւ նման օրինակներ եղել են, եւ տեսնում ես, որ դա տանում է դեպի իրենց ճյուղ։ Մշակույթ իմացող, դրա արժեքը բարձր գնահատող մարդ է պետք, որն ունենա մենեջերի եւ կազմակերպչի շատ կայուն հմտություններ, որ կարողանա կառավարի, եւ պետության գաղափարախոսությանը համեմատ մշակույթ ձեւավորվի։ Բայց ոչ այն անունները, որ այս օրերին տալիս են, որովհետեւ լավ, տաղանդավոր մարդ լինելը դեռ լավ ղեկավար լինել չէ, եւ չեմ կարծում, որ գործող որեւիցե մշակույթի գործիչ պետք է լինի նախարար։ Նախարարը դա վարչարարական աշխատանք է, որի փորձը մարդ պետք է ունենա»։



Մշակույթի նախարարը պետք է լինի ոլորտին շատ լավ տիրապետող մարդ՝ կարծում է բանաստեղծ **Վահե Արսենը**․ «Մարդ, որը նաեւ փորձ ունենա նախարարությունում աշխատելու։ Մշակույթի նախարարությունը շատ յուրահատուկ նախարարություն է եւ գործ ունի արվեստագետների հետ։ Ես կուզեի, որ, օրինակ, մշակույթի նախարարն արվեստագետ կամ արվեստին շատ մոտ մարդ չլիներ, որպեսզի լավ կարողանար այդ ոլորտը կառավարել, որովհետեւ գործ ունի հասարակության դժվար խմբի հետ՝ գրողների, կոմպոզիտորների, քանդակագործների, որոնք շատ յուրահատուկ են, եւ մոտեցումները՝ տարբեր, նրանց հետ պետք է լեզու գտնել, որովհետեւ նաեւ նեղացկոտ են, ըմբոստ։ Կարծում եմ՝ ոլորտին տիրապետող, բանիմաց, նաեւ կազմակերպչական հմտություններ ունեցող անձնավորություն պետք է լինի»։



Ինչ վերաբերում է շրջանառվող անուններին, ապա կարծում է, որ դրանք ասեկոսեներ են, որոնց չի ուզում անդրադառնալ։



Վահե Արսենի դիտարկմամբ՝ նախարարությունը, որպես այդպիսին, պետք է եւ քանի որ նուրբ ոլորտ է, համակարգման խնդիր ունի․ «Այ, օրինակ, սփյուռքի նախարարությունն իրոք իմաստ չունի պահել, կարելի է հենց մշակույթի նախարարությունում ունենալ սփյուռքի բաժին։ Մշակույթի նախարարությունն այնուամենայնիվ պետք է, որովհետեւ այս հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, եւ որին նման ակտիվությամբ մասնակցեցին մարդիկ, կարծում եմ, որ սրանից հետո առաջին հերթին մշակութային փոփոխություններ պետք է լինեն, եւ այստեղ շատ անելիք ունի հենց մշակույթի նախարարությունը, մշակութային կազմակերպությունները, եւ մշակույթն ինքնահոսի կամ բիզնեսի քմահաճույքին թողնել՝ ուղղակի անթույլատրելի է։ Հստակ պետք է լինի մշակութային քաղաքականություն՝ առանց հինը ոչնչացնելու։ Նաեւ մեծացվի մշակույթին տրվող ֆինանսավորումը, որովհետեւ հասարակության մի մասը մշակութային միջոցառումներից արհեստականորեն կտրված է, էժանագին, ցածրորակ երաժշտությունը, գրականությունը ներկայացվում են որպես արվեստի արժեք։ Սա պետք է կանոնակարգել շատ բարձր մակարդակով, ինքնակազմակերպվող արվեստը երբեք ինքնակազմակերպվող ոլորտ չի եղել»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**