Բա նախկինների նմա՞ն

Բա նախկինների նմա՞ն
Մի ուսանելի պատմություն կա, որ վստահ եմ՝ մեր ընթերցողներին էլ է ծանոթ։ Մեկը նորմալ կին է ունենում՝ խելոք, կիրթ, լավ տնտեսուհի։ Տարիներ անց հանկարծ իմանում են, որ տղամարդը բաժանվել է կնոջից։ Ընկերները հետաքրքրվում են, թե ինչն էր պատճառը, առերեւույթ մեծ թերություններ չէին նկատվում։ Տղամարդը պատմում է, որ ամեն օր՝ 15 տարի շարունակ, խնդրել է կնոջից․ ատամի մածուկն օգտագործելուց հետո փակել։



Ասում է՝ էլ նյարդերս չդիմացան, դե, ինչքա՞ն կարելի է համբերել, 15 տարի ամեն առավոտ զգուշացնես, մյուս օրը նորից բաց թողնի, հոգնել էի կրկնելուց, չդիմացա՝ բաժանվեցի։ Անցնում է ժամանակ, տղամարդը նորից է ամուսնանում։



Երբ ընկերները տեսնում են նոր կնոջը՝ ոչ շատ բարետես, ոչ շատ խելոք, համտեսում են պատրաստած ճաշը՝ միջակ, զրուցում են՝ չի փայլում խելքով, ամուսնու հանդեպ էլ շատ ուշադիր չէ, զարմանում են՝ ինչո՞վ է այս կինն արժանացել նման պատվի, արտաքուստ ոչնչով առավել չէ նախկին կնոջից։ Տղամարդը հպարտորեն ասում է՝ բայց ատամի մածուկն ամեն օր պարտաճանաչ փակում է։



Առակս զի՞նչ ցուցանե։ Երեկ նոր կառավարության ձեւավորմանը զուգահեռ հետեւում էի հասարակական արձագանքներին։ Ամենից շատ հնչող կարծիքները վերաբերում էին ուղիղ եթերներին՝ «լայվ»-երին, որոնցով Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է հանրությանն իր քայլերի մասին, ցույց է տալիս իր աշխատասենյակը, իր հանդիպումները։



Մարդիկ հիացած ասում էին՝ ապրի մեր վարչապետը, բա էն նախկինների նմա՞ն՝ ո՛չ ասուլիս էին տալիս, ո՛չ իրենց կաբինետներն էին ցույց տալիս, ո՛չ կառավարական ուղղաթիռն ու զուգարանները, ո՛չ կանգնում զրուցում էին մեզ հետ, ո՛չ հաշվետու էին մեզ։ Այ, հիմա մենք մեզ իշխանություն ենք զգում, մասնակից ենք կառավարական որոշումներին, հենց վարչապետից ենք տեղեկանում։