Չպետք է կրկնել այն իշխանության սխալները, որը եղավ 1988-98թթ․-ին

Չպետք է կրկնել այն իշխանության սխալները, որը եղավ 1988-98թթ․-ին
_Հարցազրույց գրող, հրատարակիչ __**Վան Արյանի**__ հետ_



**- Պարոն Արյան, սիրո եւ համերաշխության հեղափոխությունը նոր էջ բացեց Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովրդական այս շարժումը մի մասն անվանեց թավշյա հեղափոխություն, մյուսները՝ հեղաշրջում։ Ի՞նչ էր այս ամենը Ձեզ համար։**



Այս շարժումը ո՛չ թավշյա էր, ո՛չ նարնջագույն, սա լոգիստիկ հեղափոխություն էր․ բառից, խոսքից սկսվող շարժում, այլ բան է, թե որտեղից, ինչու ծագեց եւ ինչպես առաջացավ այդ լոգիստիկ շարժումը ղեկավարելու, առաջ տանելու խնդիրը։ Ժամանակի հայտնի գիտնականներից մեկն ասում էր՝ աշխարհի ամենադժվար խնդիրն ավելի հեշտ է լուծելը, քան թե ճիշտ խնդիր ձեւակերպելը։ Այսինքն՝ շատ կարեւոր է խնդիրը ճիշտ ձեւակերպելը։ Ես սա կանվանեի համաժողովրդական ընդվզում իշխանության վարած քաղաքականության դեմ։ Չգիտեմ՝ ուրիշ երկրներում, ուրիշ ժողովուրդներ այսքան համբերություն ունեի՞ն, մերոնք համբերեցին այնքան, մինչեւ դանակն արդեն պետք է շարժվեր։ Նիկոլը շատ ճիշտ բառերով ղեկավարեց այս շարժումը, մենք հո գիտեի՞նք, որ ժողովուրդը դժգոհ էր, դժգոհ էին բոլորը՝ վերից վար, թվերը բարկացնում էին մարդկանց, հատկապես՝ երբ ասում էին՝ ՀՆԱ-ն աճել է 7 տոկոսով, մինչդեռ մարդու վրա մեկ տասներորդական տոկոսով դա չէր ազդում։



Պետք չէ նաեւ այս շարժումը համեմատել 88-ի, 2008-ի շարժումների հետ։ Շատ կարեւոր է դա գիտակցելը։ 88-ին մարդը ոտքի կանգնեց 3 բանի համար՝ ԽՍՀՄ փլուզում, հարկադրված պատերազմ եւ բնական աղետ։ Այս ամենի ժամանակ հանկարծ ժողովուրդն ուզեց գալ իշխանության եւ եկավ։ Պետք էր ուղղակի ճիշտ ղեկավարել, եւ ճիշտ ղեկավարվեց, ինչպես հիմա, դրա համար արդյունք եղավ։ Այն ժամանակ մենք ձեռք բերեցինք պետականություն եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, 2 տասնամյակ սպասում էինք այդ բանին, որովհետեւ 1998-ին մեր ընթացքի ընդհատում կատարվեց, եկան մարդիկ, որոնք մեզ 20 տարում բերեցին սրան։ Այնպես որ՝ մեղավոր թող ուրիշ տեղ չփնտրեն մեր ընդդիմադիրները, միայն իրենց մեջ, իրենք հասունացրին այս ամենը։



**- Ասացիք՝ ամենադժվարը խնդիր ձեւակերպելն է, գուցե այս շարժման հաջողությունը հենց դրանում էր, որ հստակ ձեւակերպված էր խնդիրը։**



Այո, լոգիստիկ պահը, որ ասում եմ, հենց դա նկատի ունեմ, այդ ամենը ճիշտ գտնվեց, նույնիսկ անեկդոտների վերածվեցին, որովհետեւ այդ խոսքը, որ պետք է հնչի մարդկանց ականջներին, շատ կարեւոր է։



Հետո․ 88-ին մենք անկախ պետականություն չունեինք՝ ունեցանք, իսկ հիմա ունենք իրավաբանորեն անկախ պետություն, բայց չունենք իշխանություն։ Հիմա ես վտանգներ եմ տեսնում։



**- Որտեղի՞ց։**



Այն ուժերից, որոնք կարող են հօդս ցնդեցնել այս ձեռքբերումը։ Հիմա չեմ ուզում տագնապի կամ վախի ազդակներ հնչեցնել, բայց կան սխալներ, որ հանկարծ կարող ենք անել, մի՞թե նախօրեին պաշտպանության նախարարի ասուլիսը դրա վկայությունը չէր։ Նա ասաց, որ չի աշխատի նոր իշխանության հետ, քանի որ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել՝ ուրիշ քաղաքական ուժի հետ աշխատելու։ Թվում է, թե քաղաքական սթափ պատասխան է, բայց շատ մեծ վտանգ է պարունակում այս հայտարարությունը։ Այսինքն՝ դու, լինելով պաշտպանության նախարար, հատուկ նշում ես քո քաղաքական պատկանելությունը։ Դրանից շատ վատ հոտ է գալիս, դու պետք է լինես ապաքաղաքական։ Հետո, դու չգիտես՝ Նիկոլը վա՞տ բան է անելու, թե՞ լավ բան, բայց արդեն ասում ես՝ ես նրա հետ չեմ կիսի պատասխանատվությունը։ Այսինքն՝ վատ բան է գուշակում ու չի ուզում կիսել։ Ես էլ հարց եմ տալիս՝ եթե իսկապես կարծում եք, որ վատ բան է լինելու այս նոր իշխանության գալով, այդ ո՞ւր եք փախնում, մնացեք, որ վտանգի դեպքում կիսեք այդ պատասխանատվությունը։ Ես կարծում եմ՝ դրանով նա ժողովրդի դեմ խոսեց։ Ոչ թե Նիկոլը չի ուզում, այլ ժողովուրդը չի ուզում, որ դուք լինեք իշխանության մեջ։



Ես անհանգստացա նաեւ, որ Նիկոլն իր ողջ կազմով ուղղաթիռով թռավ Արցախ։ Գիտեք, կոկա կոլայի բաղադրատոմսի գաղտնիքը 3 մարդ գիտի, եւ այդ 3 մարդը երբեք նույն մեքենան կամ ինքնաթիռը չի նստում։ Այս խառը պահին երբ ով ինչ տեռորիստական ակտ կարող է անել նոր իշխանության եկածների դեմ, չէր կարելի նման բան անել, ինչպես որ չէր կարելի ուղիղ եթեր մտնել ուղղաթիռից եւ քո գտնվելու վայրի մասին ասել։



**- Հիմա ի՞նչ կարող է լինել։**



Մի շատ կարեւոր հարց կա՝ չպետք է կրկնել այն իշխանության սխալները, որը եղավ 88-98-ին, բոլոր առաջին դեմքերն այդ ժամանակ լեւոնականներ էին, այսօր էլ կարող են լինել նիկոլականներ կամ ելքականներ, բայց առաջին դեմքերը չէ, որ ընդհատեցին մեր զարգացումը, միջին օղակն էր։ Այսօր կարելի է առաջին դեմքերի վրա այդքան ուշադրություն չդարձնել, միջին օղակում է տեղի ունենում ամեն ինչ։ Եթե միջին օղակում լինեն նվիրյալներ, նրանք շատ լավ կարող են Նիկոլին զեկուցել, որ, ենթադրենք, ձեր նշանակած առաջին դեմքը սխալ է կատարում ձեր հրահանգները։ Բայց երբ առաջին դեմքն է զեկուցում, նա չի իմանա, թե ինչ է կատարվում միջին օղակներում։ Ես կուզեի, որ արժանավոր մարդիկ լինեն միջին օղակներում, նախարարները ուզում է թող լինեն հանրապետական, ոչինչ չեն կարող անել, եթե օղակը ճիշտ է աշխատում։



**- Այս օրերին տեսանք մի շարք հրաժարականներ, կա՞ն մարդիկ ղեկավար օղակներում, որ Դուք կուզեիք իրենք մնային ու աշխատեին այս նոր իշխանության հետ։ Այս ընթացքում նաեւ շատ խոսվեց, որ Նիկոլը չունի այդքան ռեսուրս եւ թիմ։**



Այսօր մեր ազգի ճակատագիրը որոշողները նստած են ԱԺ-ում, բայց մենք լավ գիտենք, որ այնտեղ մարդիկ կան, ովքեր իրենց անունը չեն կարող առանց սրբագրելու գրել, այսինքն՝ նրանք կարո՞ղ են ազգի ճակատագիրը որոշել, իսկ Նիկոլն ու նրա շուրջ եղած բավականին սթափ մարդիկ չե՞ն կարող։ Հեղափոխության արդյունքը հետո է երեւալու, մենք ընդամենը այս հանգրվանի հաղթանակն իրավաբանորեն ամրագրեցինք, դժվարությունն այդ օրվանից է սկսվում, ու շատ դժվար ճանապարհ կա անցնելու։ Իսկ այն մտահոգությունը, թե «Ելքը», «ՔՊ»-ն, Նիկոլը չունի այդ ռեսուրսը, ուզում եմ ասել, որ ռեսուրսը Նիկոլը չէ, «ՔՊ»-ն չէ, «Ելք»-ը չէ, ռեսուրսը ժողովուրդն է, այդ մարդկանց պարզապես տեսնել եւ գտնել է պետք։ Սա է խնդիրը։



Նույն ձեւով նաեւ ասում են՝ մենք մտավորականություն չունենք, ու հիմնականում գրողներին են կպնում, քանի որ մտավորական ասելով՝ հիմնականում հասկանում են գրողներին։ Պետք է ի վերջո հասկանալ, որ կա Գրողների միություն, եւ կան գրողներ։ Գրողների միության անդամներն ուրիշ մարդիկ են, գրողները՝ ուրիշ։ Գրողներն իսկական մտավորական են, եւ չի կարող աշխարհի որեւէ ծայրում լինել իսկական գրող, ով մտահոգ չլինի երկրի ու ժողովրդի ցավերով։ Ճիշտ է՝ Գրողների միությունը 400 անդամ ունի, բայց նրանց մեջ իմ տված ձեւակերպմամբ գրողները 30-50 հոգի են, իսկ նրանք ճիշտ տեղում են եւ կողմ են։ Դրա համար թացն ու չորը պետք է չխառնել ու ասել՝ ո՞ւր է մեր մտավորականությունը․ սրանք տհաճ եւ հիմար կոչեր են։ Առանց մտավորականի չի կարող որեւէ բան լինել, մի՞թե Նիկոլը մտավորական չէ, ամենամեծ մտավորականը հիմա ինքն է։



**- Այս ընթացքում նաեւ մի հատված պնդում էր, որ բոլոր ստեղծագործական միությունները պետք է հայտարարություններով հանդես գան, մի մասն էլ՝ որ սա Սովետի ժամանակները չեն, ամեն մարդ ինքն է իրավասու իր կարծիքը հայտնել։**



Իհարկե, կոլեկտիվ ուղերձներին ես միշտ դեմ եմ եղել, ինչու ես առանձին չե՞մ կարող ասել իմ խոսքը, պարտադիր պետք է ստորագրե՞մ մի նամակի տակ։ Դա անհատական հարց է, եւ կարող եմ իմ բառամթերքով արտահայտել իմ մտքերը։ Մենք հիմա պետք է արագ բարձրաձայնենք մեր մտահոգությունները, չեմ ասում, որ Նիկոլը նստած՝ մեր խոսքին է սպասում, դա չէ հարցը, բայց մենք պետք է ակտիվ լինենք։ Մյուս մտահոգությունս այն է, որ նախորդ շարժման ժամանակ ամենանվիրյալները հանկարծ տեսան, որ իշխանության շուրջ բլոկադա ստեղծվեց, եւ նորմալ մարդիկ չէին կարողանում նրանց ասել, որ, օրինակ, գլխիդ վերեւը սուր է կախված ու ընկնելու է գլխիդ։ Այսինքն՝ այսօրվա իշխանությունն ուշադիր պետք է լինի, որ իրեն բլոկադայի չենթարկեն ու պատեհապաշտներն ու չինովնիկական տաշտով սնվողները չշրջապատեն։ Հայտնի դրամատիկական գործ կա․ հերոսը հաղթում է վիշապին, մյուս օրը գալիս տեսնում են, որ նա է վիշապ դարձել։ Այսօր այս շարժումը նույնիսկ կես միլիմետր նահանջելու, ընկրկելու իրավունք չունի, միայն առաջ։ Պետք է նաեւ խուսափել ոչ պոպուլիստական քայլերից, որովհետեւ անհնար է չանել ոչ պոպուլիստական քայլեր, պոպուլիստական քայլով չես կարող հարց լուծել, դա կարող է ժողովրդին միայն բառային հրճվանք պատճառել, բայց հարցը չի լուծվի։ Այն, ինչ իրենք ուզուրպացրել են, այդ թվում՝ մամուլը, արդեն պիտի ճիշտ աշխատեն։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի նաեւ, որ ամիսը կամ երկու ամիսը մեկ կարեւոր հանգուցային կետերում վարչապետը հեռուստատեսությամբ իր ժողովրդի հետ խոսի, հենց ինքը պիտի խոսի՝ վարչապետը, որովհետեւ ժողովուրդն իրեն է հավատում։ Ես հիմա կոչ կանեմ բոլոր մտահոգ մարդկանց՝ քնած ու նստած չմնան, խոսեն, անգամ թող փորձ անեն մտնել Ազգային ժողով, ինչի՞ չէ, մեզ նման մարդիկ են պետք՝ իսկական քաղաքացիներ, մասնագետներ, ոչ թե օլիգարխներ։



**- Դուք անձամբ կուզե՞ք մտնել ԱԺ։**



Կյանքում չեմ ունեցել նման ցանկություն, բայց հիմա մտածում եմ՝ եթե իմ տիպի մարդու անհրաժեշտությունը լինի, կմտնեմ։ Առաջ չեմ ուզել, որովհետեւ գիտեի՝ այն մարդկանց շրջանում, որոնք մեծամասնություն են կազմում, նրանց մեջ իմ գաղափարները չէի կարող տեղ հասցնել, հիմա գուցե կա այդ հնարավորությունը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**