Նախադեպեր չստեղծենք

Նախադեպեր չստեղծենք
Այս համատարած հեղափոխականության օրերին դժվար է ողջամիտ խոսք ասել ու լսված լինել, առավել եւս՝ հասկացված։ Բայց մեր գործը մենք մշտապես արել ենք՝ առանց հաշվի առնելու դրական կամ բացասական արձագանքները։ Եվ ինչպես նախկինում ենք գրել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական իշխանության սխալների, թերությունների մասին, նույնկերպ պատրաստվում ենք գրել նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղպայմանագրի», իսկ հետագայում՝ բոլոր հաջորդ վարչապետների ու իշխող կուսակցությունների մասին։



Առհասարակ՝ մամուլի եւ մտավորականների դերը ոչ թե իշխանություններին ծափ տալն է, ամբոխահաճո ելույթներ ունենալը, այլ նկատելը, արձանագրելը, մատնացույց անելը, նախազգուշացնելն ու ահազանգելը։ Իսկ վտանգավոր տենդենցներ այսօր՝ ինչքան ուզեք։ Մենք, թվում է, կարեւոր, բեկումնային գործ արեցինք՝ իր հավերժացումը հանգամանորեն նախապատրաստող իշխանություններին ասացինք, որ պետք է հեռանաք։



Կարեւոր չէ, որ 2017-ին մենք ձեզ ձայն ենք տվել, իսկ 2015-ին համաձայնել ենք ձեր ներկայացրած Սահմանադրության հետ, եկել է ժամը հեռացումի, քանզի այդպիսին է ժողովրդի կամքը եւ արդարության հրամայականը։



Մենք դա արեցինք, եւ փառք ու պատիվ մեզ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց դա կարող էր լինել մեկանգամյա փրկություն, առանձնահատուկ իրավիճակ՝ երբ ոչ թե ընտրությամբ, այլ փողոց ելած մարդկանց ըմբոստության արդյունքում վերականգնվեց արդարությունը։



Մինչդեռ դրան հաջորդող դեպքերը ցույց են տալիս, որ այդ գործողությունը շարունակական լինելու վտանգ է իր մեջ պարունակում։ Հիմա ցանկացած կոլեկտիվ ու մարդկանց խումբ մտմտում է՝ ինչպես ազատվել անցանկալի «շեֆից», ՀՀԿ-ական ղեկավարից՝ անկախ նրանից, թե այդ անձն ինչպիսի ղեկավար է, ընտրվե՞լ է, թե՞ նշանակվել։ Իսկ դա անարխիայի, կամայականության ճանապարհն է։