Եթե նամուս ունեցող գյումրեցի է, պետք է հրաժարական տա. ՇՊՀ-ում սպասում են Ֆելիքս Ցոլակյանի զանգին

Եթե նամուս ունեցող գյումրեցի է, պետք է հրաժարական տա. ՇՊՀ-ում սպասում են Ֆելիքս Ցոլակյանի զանգին
Այսօր կրկին Շիրակի պետական համալսարանի բակում շարունակվեց բողոքի ակցիան՝ ընդդեմ ռեկտոր Սահակ Մինասյանի: Աշխատանքից ազատված դասախոսներին, բուհում տիրող իրավիճակից դժգոհ ուսանողներին այսօր միացել էին բուհի նախկին ռեկտոր, Ծառուկյան դաշինքով պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանն ու Ելք դաշինքի Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:



Ցուցարարների պահանջը մեկն է՝ Հանրապետական ռեկտորը պետք է հրաժարական տա: Անահիտ Բախշյանն իր ելույթում շեշտեց . «Եթե նամուս ունեցող գյումրեցի է, պետք է հրաժարական տա»: Նրա համոզմամբ՝ Սահակ Մինասյանը դեռ չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում, որ Հանրապետականների ժամանակն անցել է, եւ պետք է հիմա սուս ու փուս հեռանա: Անահիտ Բախշյանը նաև դիմել է բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին. «Ես խնդրեցի Ձեր օգնականին զանգել, ուզում ենք հասկանալ, թե ինչ քայլեր եք անելու։ Եթե կառավարման խորհուրդը հավաքեք, կլինեք նոր Հայաստանի այն պաշտոնյան, ով իր լիազորությունը կատարում է այնպես, ինչպես գրված է»:



Ու թեև Ֆելիքս Ցոլակյանը դեռ չի արձագանքել, ՇՊՀ բակում հավաքված ցուցարարները հույսները չեն կորցնում, սպասում են նրա զանգին: Նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանն էլ վստահեցնում է, որ իր պաշտոնավարման 14 տարիների ընթացքում բուհն այնքան հարազատ օջախ է դարձել իր համար, որ հիմա պարզապես ձեռքերը ծալած նստել, իրադարձություններին հեռվից հետևել չի կարող. «Ես ձեր կողքին եմ, ձեր կողքին եմ որպես պատգամավոր, ձեր կողքին եմ որպես բուհի համար սրտացավ մարդ: Բուհը իմն է, բուհը Ձերն է, բուհը հեռացված դասախոսներինն է, բուհը բոլորինս է»:



Ի դեպ, նշենք, որ այս օրերին խոսակցություններ են պտտվում, թե հնարավոր է Վարդևան Գրիգորյանը հրաժարվի ԱԺ մանդատից եւ կրկին վերադառնա նախկին պաշտոնին: Թեև այս խոսակցությունների հետ կապված նա օրերս անդրադարձել է՝ ասելով, որ չգիտե, թե որտեղից են սկիզբ առել եւ ի՞նչ հիմունքով: Ի դեպ նշենք, որ այսօր ցուցարարները դասադուլ էին հայտարարել, բայց ուսանողների մի ստվար զանգված համալսարանի ներսում էին, եւ նրանց թույլ չէին տալիս դուրս գալ ու մասնակցել ցույցին: Բողոքի ակցիային մասնակցող ուսանողները ևս մեկ անգամ հիշեցրեցին, որ իրենց պայքարը բուհում կատարվող խայտառակ իրադարձությունների դեմ սկսել էին դեռևս սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ, եւ այն իրենց շահերն ու իրավունքները պաշտպանելուն էր ուղղված, ուղղված էր խաթարված արդարությունը վերականգնելուն։ Հավելենք, որ Սահակ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Ավելին՝ բուհի 164 դասախոսներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ցանկանում են աշխատել ներկայիս ռեկտորի հետ:



**Արևիկ Հակոբյան**