Պատգամավորի եւ նրա գլխավորած ակումբի շուրջ առաջացած աղմուկը հնարավոր է հասնի դատարան

Պատգամավորի եւ նրա գլխավորած ակումբի շուրջ առաջացած աղմուկը հնարավոր է հասնի դատարան
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում երեկ Գյումրիում կայացավ Շիրակ -Գանձասար ֆուտբոլային թիմերի հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի, սակայն մինչ խաղի մեկնարկը, Շիրակի երկրպագուներն ու ֆանակումբի անդամները՝ ի նշան ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ «Շիրակ»-ից 12 միավոր նվազեցնելու որոշմանը, բողոքի երթով անցան քաղաքի փողոցներով և պահանջեցին չեղարկել մայիսի 5-ի որոշումը:



Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ՖԱ-ն տուգանել և զրկել 12 միավորից, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ զրկել ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելուց: Ըստ ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձանագրության՝ Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղի կազմակերպման առաջարկ է արել «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյին։ Համաձայն Էդվարդ Կպոդոյի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար:



Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները: Արդեն մի քանի օր է՝ գյումրեցիները պահանջում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ նշելով, որ առաջացած խնդիրները հենց նրա մեղքով են: Երթի կազմակերպիչ, ակտիվիստ Եղիշե Շարյանը նշում է. «Հայկական ֆուտբոլը ոտ է առել, գնում է, բոլոր թիմերը լրատվական հակամարտության մեջ են մտել, ֆեդերացիայի նախագահը նամուս ունենա, կհեռանա»:



«Շիրակը չի սկսվում և չի սահմանափակվում առանձին անհատներով: «Շիրակ»-ը մեծ ավանդույթ է, պատմություն, ճանապարհ… Չի կարելի արհեսատական խոչընդոտներով, ոչ սպորտային վարքով ու եղանակներով փորձել կասեցնել Շիրակին ՝ հերթական հաղթական պատմությունը կերտելիս: Սա մեր թասիբի հարցն է, Գյումրեցու, ամեն մի շիրակցու թասիբի հարցը: Կոչ ենք անում հայկական ֆուբոլային ողջ հասարակությանը (թիմեր, ֆան ակումբներ, երկրպագուներ, հայեր), միանալ մեզ և միահամուռ կերպով մաքրենք հայկական ֆուտբելը տասնամյակներ ոչնչացնող ՀՀ Ֆերդերացիայի աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ և սպորտատյաց գործունեությունից և Նոր Հայաստանում ձևավորենք իսկապես հոգացավ, Հայկական ֆուտբոլի մասին մտածող ֆեդերացիա»,-ընդգծում են ֆուտբոլի երկրպագուները:



Ի վերջո սեփական ակումբի շուրջ ստեղծված սկանդալի հետ կապված լռությունը խախտեց ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը՝ ասելով, որ երկուշաբթի՝ մայիսի 14-ին, «Շիրակը» կներկայացնի բողոքարկումը ՀՖՖ-ին: «Պատրաստվում ենք կարգապահական կոմիտեի որոշումը օրենքով սահմանված ժամկետներում բողոքարկել դատարանում ու վերականգնել նվազեցված միավորները»,-նշում է պատգամավորը՝ կասկածելով, որ Շիրակի մարզիչը սադրանքի զոհ է:



Թեև տեղծված իրավիճակը ակումբի նախագահը չի քաղաքականացնում, այնուամենայնիվ, ոմանց կողմից միտումնավոր քայլեր տեսնում է: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նույնպես պարզաբանում է . «Ի պատասխան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությանը՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է թե ում նախաձեռնությամբ, «Բանանց» - «Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ «Շիրակի» բոլոր 48 միավորները թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով արժանվույն վաստակած են։



Նշենք նաև, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմնավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել պարզաբանումեր ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում, հատկապես, երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի՝ առաջնությունում մրցաշարային աղյուսակում դիրքի վրա։ Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը և պահպանել բողոքարկման համար տրված 7 օրյա ժամկետը» ։Հիշեցնենք, որ մայիսի 20-ին «Շիրակը» իր նախավերջին հանդիպումը կանցկացնի«Փյունիկի» հետ:



**Արևիկ Հակոբյան**