Ո՞րն է ձեր կարմիր գիծը

Ո՞րն է ձեր կարմիր գիծը

Ամեն ինչ հասկանում ենք՝ ե՛ւ այն, որ մարդիկ ընտանիք են պահում, ե՛ւ այն, որ ոմանց հենց Նիկոլ Փաշինյանն է մարդամեջ բերել ու հացի տեր սարքել։ Ե՛վ այն, որ կան զոմբիներ ու մոլորվածներ, որոնք չեն ուզում հավատալ, որ սխալվել են, ու հիմա շատ դժվար է խոստովանել, որ 2018-ին իրենց ուսերի վրա բերեցին Փաշինյանին։ Ձեր շրջապատում սեփական սխալը խոստովանելու եւ մեղքն ընդունելու ունակ քանի՞ մարդ գիտեք։

Հասկանալի է նաեւ այն, որ ոմանց դիմադրությունը եւ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելն ավելի շուտ ինքնապաշտպանություն է եւ ինքնարդարացում։ Պարզ է նաեւ, որ նախկինների հանդեպ զզվանքն ու ատելությունն էլ իրենց սեւ գործն են անում, եւ մարդիկ վիրտուալ թշնամուց ու արհավիրքներից այնքան չեն վախենում, որքան իրենց հիշողության մեջ շատ վառ պատկերներից, օրինակ՝ «հաբրգած» ու ցինիկ պաշտոնյաներից, գողականներից ու օլիգարխներից, որոնց, իրենց կարծիքով, 2018-ին քշել են։

Իհարկե, անչափ վիճելի է վերջին պնդումը, քանզի «հաբրգածներից»ու ցինիկներից շատերը լավ էլ տեղավորվել են նոր իշխանությունների հովանու ներքո եւ շարունակում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի փոխվել։ Այս բոլորը հասկանալով հանդերձ՝ ուզում եմ հասկանալ, թե որտեղ է ավարտվում այս բոլոր խմբերի համբերության սահմանը, որն է այն կարմիր գիծը, որից այն կողմ հայ մարդը՝ ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, անցյալից մնացած ինչ վերքեր ուզում է ունենա, ինչքան անտարբեր ու շահամոլ ուզում է լինի, չի կարող անցնել։ Ասենք, Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանն ունե՞ն իրենց կարմիր գիծը, որից անդին սկսվում է հայրենիքի դավաճանության եւ պետական հանցագործության տարածքը։ Ի՞նչ կատարվի մեր երկրում, որ նրանք դեմ դուրս գան՝ հայտարարելով, որ հայրենիքը վտանգված է։