Կեցցե լեգիտիմ վարչապետը

Կեցցե լեգիտիմ վարչապետը
Խորհրդարանական կառավարմամբ երկրի սահմանադրության ողջ հմայքն այն է, որ վարչապետը, դառնալով առաջին դեմք, այնուամենայնիվ, իր մանդատն ստանում է խորհրդարանի կողմից: Որքան էլ լայնացվի վարչապետի լիազորությունների շրջանակը, ինչ լծակներ էլ կենտրոնացվեն նրա ձեռքում, միեւնույն է, Սահմանադրությամբ վարչապետին ընտրում է խորհրդարանի մեծամասնությունը` լինի մեկ կուսակցություն, թե կոալիցիոն մեծամասնություն:



Սա, իհարկե, եթե բարեբախտություն չասենք, ապա առնվազն փրկություն է հետխորհրդային տարածքի պետությունների համար, որտեղ խոր արմատներ ունեն մենիշխանության երեւույթները: Արձանագրենք, որ հետխորհրդային տարածքում սա առաջին դեպքն է, որ ժողովուրդը կարողացավ իր կամքը թելադրել իշխանություններին եւ առանց դիմադրության հրաժարական պարտադրել այդ իշխանությունը մարմնավորող վարչապետին:



Ոմանք, շտապելով, սա համարում են հեղափոխություն, ոմանք էլ, որ շատ լավ են հասկանում, թե ինչ էր սա, «հեղափոխություն» բառը գեղեցկացնում են սեր, համերաշխություն եւ այլ նկարագրություններով: Եվ, իսկապես, եթե փորձենք հասկանալ, թե ինչ է փոխել այն մեր հասարակական հարաբերություններում, տնտեսական եւ քաղաքական համակարգում, ապա խիստ կդժվարանանք անվանել մեր հեղափոխությունը: «Թավշյա» բառը, կարծում եմ, ինքնին ամեն ինչ ասում է գործընթացի մասին, որը շատ ավելի ճիշտ կլինի իշխանափոխություն, քան հեղափոխություն անվանելը:



Երբ կրքերը վերջնականապես հանդարտվեն, եւ անցնի հայկական անհարկի տաքարյունության այս բումը, մենք ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Իսկ մինչ այդ ես խորհուրդ կտայի արդեն այսօրվանից լրջորեն վերաբերվել միջազգային հանրության գնահատականներին եւ խորհուրդներին, որոնք գրեթե նույնությամբ արտացոլվեցին նաեւ ՀՀ առաջին նախագահի «փոքրիկ, բայց կարեւոր նկատառման» մեջ. «Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը Սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է:



Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձեւավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»:



Սա նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում, որ տեսել է 1996 թվականը: Նրա ասածին ավելացնելու ոչինչ չունենք, եւ այսօր մեր ընդդիմությանն ու խորհրդարանական մեծամասնությանը, որոնք, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են երկրում իշխանություն ձեւավորելու համար, պարզապես կոչ կանենք ականջալուր լինել օրինականության պահպանման այս պահանջին, որով էլ ձեւավորվում է ուզածդ իշխանության լեգիտիմությունը:



Այն, ինչ կատարվեց այս օրերին, ֆորսմաժորային իրավիճակից դուրս գալու ճգնաժամը հաղթահարելու փորձ է միայն, որ բխում է բոլորի, այդ թվում՝ «հեղափոխություն արած» Նիկոլ Փաշինյանի շահերից: Նա վարչապետ է դառնում (դարձավ) փողոցի ճնշումով, բայց Սահմանադրությամբ լեգիտիմ վարչապետ կարող է լինել միմիայն խորհրդարանի քվեով: Իրավիճակից դուրս գալու համար այդ քվեն ապահովվեց, բայց ինչպե՞ս:



Ներողություն, իհարկե, բայց ես լավ սվաղչի չեմ, որպեսզի մեր քաղաքական գործիչների հանգույն կարողանամ վարդագույն ներկայացնել, օրինակ, այն 13 հանրապետականների քայլը, որ արվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը, եթե շատ մեղմ ասենք, առակի հերոս աղվեսի նման ահ է տալիս` ինձ տվեք ձեր ձայները, թե չէ հրեն, կացինս սրած, գնամ բերեմ, ծառը կտրեմ: Եվ այդտեղ «կուրկուռն» իրեն փրկելու համար 10 «ձագ» է տալիս «աղվեսին»: Կա նաեւ մեկ այլ տարբերակ, ոչ առակային, իհարկե: ՀՀԿ-ն քաղաքական մի ֆարս է իրականացնում (իրականացրեց), որի մասին գրված չէ եւ ոչ մի քաղաքագիտական դասագրքում: Կարելի է ասել՝ ստիպված գնացին այս «կապիկությանը», որպեսզի մի կերպ կառավարություն ձեւավորեն, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինելու:



Բայց նույնիսկ ամենաբարի ցանկության դեպքում սրա արդյունքն այն է, որ մենք դե ֆակտո ունենք ոչ օրինակարգ վարչապետ: Մի զարմացեք, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն արեց, սակայն դարձավ ՀՀԿ-ի վարչապետը, որովհետեւ ոչինչ անել չի կարող առանց ՀՀԿ-ի: Նա հիմա նույնիսկ առանց ՀՀԿ-ի խորհրդարան չի կարող ցրել, եթե ՀՀԿ-ն հավանություն տա նրա ծրագրին: Մնում է, որ անձամբ հրաժարվի վարչապետի պաշտոնից,  որպեսզի տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ:



Երեւի պետք է մի ներքին համաձայնությամբ հանդուրժել այս իրավիճակը եւ հասնել խորհրդարանական ընտրությունների` արդեն նոր ԸՕ-ով եւ ընտրությունների հանդեպ վստահության լրացուցիչ պաշարով: Համախորհուրդ աշխատանք` այլ ճանապարհ չկա այս պահին, եթե ցանկանում ենք նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանում բոլորն են շահագրգիռ, պահպանելու Սահմանադրությունն ու պետությունը:



 



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**