Ադրբեջանի արձագանքը. ի՞նչ է սպասվում

Ադրբեջանի արձագանքը. ի՞նչ է սպասվում
Շուրջ մեկ ամիս Ադրբեջանը պաուզա էր պահում՝ երբեմն-երբեմն ակնարկելով սպասումների մասին: Ճիշտ չէր լինի, իհարկե, ասել, թե Բաքվում այնքան միամիտ էին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում սպասում էին հայկական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխության, բայց որոշակի ակնկալիքներ, այնուամենայնիվ, դրսեւորվում էին: Մայիսի 8-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, երեւում է, ի դերեւ է հանել դրանք: Ադրբեջանական մամուլի առաջին արձագանքները չափազանց կոշտ են: «Դե ինչ,- գրում է [լրատվամիջոցներից](https://news.day.az/politics/1003097.html) մեկը,- կարծես թե Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման պատերազմը դառնում է անխուսափելի»:



Ընդսմին, հեղինակը շեմքից մերժում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության գաղափարը եւ պնդում, որ անցած 25 տարիներին ԼՂ անկախությունը չի ճանաչվել ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանը կամ նրա նախորդները Փաշինյանից վատ հռետորներ էին, այլ՝ «որովհետեւ դա հակասում է միջազգային օրենսդրությանը եւ Ադրբեջանի դիրքորոշմանը»: Մամուլի հռետորաբանությունն, ինչ խոսք, կարելի է բացատրել ներադրբեջանական պահանջվածությամբ: Ալիեւյան ռեժիմը խնդիր ունի սեփական հանրությանը համոզելու, որ հայկական հեղափոխությունը ԼՂ հարցում հայկական կողմերին որեւէ առավելություն չի տալիս:



Բայց հենց դա էլ պետք է մտահոգի, որովհետեւ նաեւ սեփական իշխանությունը պահպանելու մղումով է, որ Ալիեւը կարող է անցնել դեպի նոր էսկալացիայի տանող քայլերի: Տպավորություն կա, որ ժողովրդավարական բարեփոխումները կբարձրացնեն Հայաստանի միջազգային վարկը, իսկ դա իր հերթին կդառնա ԼՂ հարցում լրացուցիչ ռեսուրս: Դա, կարծես, հաշվարկվել է նաեւ Բաքվում, ուստի Ալիեւը, հավանաբար, փորձելու է շփման գծում լարվածության մեծացման միջոցով միջազգային շահագրգիռ կենտրոնների ուշադրությունը բեւեռել պատերազմի վերսկսման վտանգի վրա: Դեպքերի զարգացմանը եւ իրավիճակի փոփոխությանը հակազդելու այլ լծակ Ադրբեջանը չունի: Այս դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեծ ջանքեր են պահանջվելու, որպեսզի զսպվեն Ադրբեջանի չափազանցված հավակնությունները:



Կունենա՞ն հայկական հեղափոխությունը պաշտպանելու շահագրգռվածություն միջնորդները: Հնարավո՞ր է, որ այդ հարցում նրանք հասնեն կոնսենսուսի եւ միասնաբար պաշտպանեն Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը: Ադրբեջանն, ըստ ակնհայտի, դիվանագիտական ջանքեր է գործադրելու, եթե արդեն չի սկսել, որպեսզի հայկական հեղափոխությունը ենթարկի դիսկրեդիտացիայի: Ո՞վ կարող է այդ հարցում նրա լծակիցը լինել: Գլխավոր հարցը դա է: