Ժամանակը ցույց կտա՝ Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ գերագույն հրամանատար լինել, թե՞ ոչ

Ժամանակը ցույց կտա՝ Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ գերագույն հրամանատար լինել, թե՞ ոչ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով ուրբաթ օրը Ստեփանակերտ էր մեկնել Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցություններից բաղկացած մեծ պատվիրակություն։ Կան տեղեկություններ, որ հանդիպումն անցել է հետաքրքիր մթնոլորտում։ Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» ներկայացուցիչներից առավել մոլի ու հեղափոխական կեցվածք են ունեցել շարժմանը վերջին պահին միացած խորհրդարանական ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան դաշինքը»։ Նրանք, Արցախի բարձրաստիճան այրերի հետ հանդիպման ժամանակ մեկը մյուսին հերթ չտալով, ՀՀԿ-ականներին առերեսել են անցյալի հետ, ոմանց տոնում հոխորտանքի նոտաներ են զգացվել եւ մոտալուտ հաղթանակի բերկրանք։



 Մասնավորապես՝ «Ծառուկյան  դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է հիշեցրել, որ անցյալում իրենք բազմիցս են զգուշացրել իշխող ՀՀԿ-ին, որ միահեծան իշխանությունն ի վերջո այսպիսի վախճան է ունենալու, ինչին էլ այսօր ականատես եղանք։ Ասվել է, որ ժողովրդի հաղթանակը պետք է կապիտալացվի, որ իրենք մինչեւ վերջ իրականացնելու են հեղափոխությունը։ Նրանց «օդերից իջեցրել» են սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությամբ, խոսել են Բակո Սահակյանն ու ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։



Ներկայացվել են սահմանին տիրող ներկա իրավիճակն ու հավանական ռիսկերը, որ չնայած վերջին օրերին բավականին հանգիստ է՝ միջադեպեր, հարձակումներ չկան, սակայն հակառակորդը շարունակում է զորքի եւ տեխնիկայի կուտակումները եւ դիրքավորվում է սահմանի ողջ երկայնքով։ Կոչ է արվել հայաստանյան խորհրդարանականներին՝ նկատի ունենալով  արտաքին մարտահրավերներն ու վտանգները, հնարավորինս զերծ մնալ ապակայունացնող իրավիճակներից, չգնալ սրացումների, ՀՀԿ-ի հետ աշխատել համերաշխության մթնոլորտում։ Շեշտել են, որ  հենց այդ մթնոլորտից է կախված սահմանների կայունության հարցը։ Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ-ից Գեւորգ Կոստանյանը, Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը, Կորյուն Նահապետյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ «Ելք» խմբակցությունից՝ Արարատ Միրզոյանը։



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Միրզոյանի հետ այլ ներկայացուցիչներ են եղել, որոնք ելույթներ չեն ունեցել։ Հյուրընկալող կողմից հանդիպմանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանն ու ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Ըստ Արցախի պաշտոնական հաղորդագրության՝ «Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Արցախի Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը»:



Իսկ «ՔՊ» անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը, որպես հանդիպման ելք, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից եւ զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ»։



Միրզոյանը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց իր գրառումը, երբ հետաքրքրվեցինք, թե ապագա «իշխանավորները» կոշտ հռետորաբանությո՞ւն են օգտագործել Ղարաբաղում։ Միրզոյանը վստահեցրեց․ «Ես կասեմ հակառակը, որ բոլորն են խոսել համերաշխությունից, այդ թվում՝ ես, եւ բոլորը կարեւորել են միասնական ուժերով լավագույնը քաղելու ջանքերի մասին։ Այո, քննարկել ենք տարբեր հարցեր՝ սկսած սահմանում տիրող իրավիճակի, նոր մարտահրավերների եւ այլ հարցեր, բայց չի եղել մի հարց, որի քննարկման ժամանակ երկխոսություն, համերաշխություն եղած չլինի։ Ես անձամբ բազմիցս շեշտել եմ համերաշխության եւ այն մասին, որ վենդետաներ չպետք է լինեն»։ Հետաքրքրվեցինք գործընկերների պահվածքով․ «Իրենք էլ նման բան չեն ասել, ընդամենը ասել են, որ շարժման հաղթանակն իրողություն է, ու բոլորս պետք է հարգենք ժողովրդի որոշումն ու հաշվի նստենք ժողովրդի հաղթանակի հետ»։



Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը զրույցի սկզբում ասաց, որ Արցախի նախագահը Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին խառնվելու կամ միջամտելու ցանկություն չունի, հանդիպման նախաձեռնությունը հիմնավորեց հետեւյալով․ «Արցախը ցանկանում է, որ ցանկացած քաղաքական գործընթացներից բոլորս ուժեղ դուրս գանք, ժողովրդի հույսը՝ ամրապնդված։ Իսկ դրա կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի երկրում չլինի թշնամանք, հանդուրժողականության եւ իրավական մթնոլորտում գործընթացները շարունակություն ունենան»։ Ինչպե՞ս են Հայաստանի պատգամավորներն ընդունել այդ ուղերձը, Բաբայանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ կա նման պատրաստակամություն, քանզի քաղաքական պայքարը մեր պես երկրում չպետք է վերածվի թշնամանքի»։



Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը որոշ շրջանակների մտահոգությունների վերաբերյալ, որ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրականացնել գերագույն հրամանատարի պարտականությունները։ «Գիտեք, չպետք է քաղաքականացնել այդ հարցը, ժամանակը ցույց կտա, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի փոխադարձ հարգանքի եւ մեկը մյուսին օգնելու ճանապարհով ամեն բան ստացվի։ Եթե լինի  օրհասական պահ, Աստված մի արասցե, մեր ժողովուրդը կրկին իր ուժը ցույց կտա, եւ հաղթանակը մերն է լինելու»։



Դավիթ Բաբայանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի օրենսդրությամբ կվճռվի՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այլ պաշտոնյա է մասնակցելու ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին, եւ հույս հայտնեց, որ մի օր միջնորդական կողմերի համաձայնությամբ Արցախն էլ բանակցային սեղանի շուրջ կհայտնվի․ «Կարեւորն այն է, որ չենք ասում, թե լինելու է արմատական աշխարհաքաղաքական  փոփոխություն, եւ ճիշտ էլ չի լինի, որ քաղաքական գործընթացները հանգեցնեն նման արմատական փոփոխության, պետք է  հավասարակշռված ձեւով շարունակենք այդ գիծը, եւ այդ մասին հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը»։



_Հ.Գ․ Վերը նշված հանդիպմանը մասնակցած մեր աղբյուրը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, ասաց, որ շատ ծանր տպավորություն է ստացել խոսակցությունից։ Իրենց նպատակն էր՝ հաշտության, համագործակցության, ի շահ պետության աշխատելու մթնոլորտ ձեւավորել, բայց ընդդիմությունը՝ հանձինս 3 ուժերի, շատ ագրեսիվ է տրամադրված եղել եւ հեղափոխական՝ զրույցը չի ստացվել։ Ղարաբաղում այս առումով շատ տագնապած են։_



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**