Ամիրյանն արգելել է ստորագրահավաքը

Ամիրյանն արգելել է ստորագրահավաքը
Մայիսի 2-ին մշակույթի նախարարության շենքի դիմաց մի քանի տասնյակ մշակույթի գործիչներ՝ երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, ինչպես նաեւ բազմաթիվ ուսանողներ, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանից պահանջում էին միանալ համաժողովրդական շարժմանը: Ժամեր անց Արմեն Ամիրյանն արձագանքեց, սակայն հրաժարականի դիմումով, որը շատերի կողմից գնահատվեց իբրեւ խելամիտ քայլ, քանի որ դրանով Ամիրյանը նախ փորձեց պահպանել իր բարի համբավը եւ հետո՝ հեռանալ նույնքան բարի ձեւով՝ իր հետեւից չայրելով ետդարձի ճանապարհները։



Այդ օրը նախարարության շենքի դիմաց հավաքվածների թվում էին Արամոն, Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Էդվարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Վիրաբյանը, Կարեն Քոչարյանը, Արթուր Իսպիրյանը եւ այլ հայտնիներ, իսկ նախարարության դիմաց իսկական թատերականացված ներկայացում էր՝ մարիոնետ տիկնիկներով, երգ ու պարով: Ներսում մոտավորապես նմանատիպ իրավիճակ է եղել․ այն ժամանակ, երբ Արմեն Ամիրյանն իր հրաժարականի տեքստն է գրելիս եղել, նախարարության աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին ուղղված կոլեկտիվ նամակ են ստորագրել` Արմեն Ամիրյանին մշակույթի նախարարի պաշտոնում պահելու համար։



Այլ կերպ ասած, եթե փողոցում՝ նախարարության շենքի դիմաց «Արմեն, միացիր» ցույցն էր, ապա ներսում ստորագրահավաք էր՝ «Արմեն, վերադարձիր» տրամաբանությամբ։ Բայց, ինչպես տեղեկացանք, Ամիրյանն իմացել է այդ ստորագրահավաքի մասին ու արգելել այն, չնայած աշխատակիցների մեծ մասն արդեն ստորագրած է եղել։



Ինչ վերաբերում է մտավորականներին, ովքեր շենքի դիմաց հավաքված պահանջում էին, որպեսզի Ամիրյանը միանա շարժմանը, նրանք Ամիրյանի վաղեմի ընկերներն էին, որ այդ քայլով մի կողմից հաճոյացան ժողովրդին, մյուս կողմից սատարեցին իրենց ընկերոջը եւ, ի վերջո, փորձեցին սիրաշահել Նիկոլին՝ ապագա իշխանությանը։ Մի իրավիճակ, երբ շահում են բոլորը։