Սասուն Միքայելյանին ռեկտորն անձամբ չի ճանաչում․ ՇՊՀ-ում շարունակում են պահանջել նրա հրաժարականը

Սասուն Միքայելյանին ռեկտորն անձամբ չի ճանաչում․ ՇՊՀ-ում շարունակում են պահանջել նրա հրաժարականը
Արդեն մի քանի օր է՝ Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Շաբաթ օրը մի խումբ ցուցարարներ պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը եւ պահանջում, որ Գյումրի այցելի ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԳՆ հայտնեց, որ Վահրամ Մկրտչյանը չի պատրաստվում Գյումրի այցելել:



ՇՊՀ-ում լարված իրավիճակը պահպանվում է նաեւ այսօր։ Առավոտվանից մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ կրկին պահանջում են Հանրապետական ռեկտորի հրաժարականը: Ռեկտորը, սակայն, համառ է եւ չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր ցուցարարներին էր միացել նաև ընդամենը օրեր առաջ աշխատանքից ազատված պրոռեկտորը՝ Անահիտ Ֆարմանյանը՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը, որը վստահեցնում է, որ ռեկտորն աշխատանքից իրեն հեռացրել է վրեժխնդրությունից դրդված:



Սահակ Մինասյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ պրոռեկտորն արդեն տևական ժամանակ է, եղբոր լծակներն օգտագործելով, աչք է դրել իր աթոռին, ինչն էլ իր հերթին հերքում է տիկին Ֆարմանյանը: Մեզ հետ զրույցում Սահակ Մինասյանն ասաց, որ աշխատանքից կհեռանա միայն այն դեպքում, երբ ԱԺ-ն որոշում կայացնի հեռացնել կուսակցականներին ղեկավար պաշտոններից:



Ամիսներ առաջ աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանն էլ տեղեկացնում է, որ Սահակ Մինասյանն ու նրա յուրայինները սկսել են տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին՝ ստիպելով վերջիններս ստորագրություն դնել Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի տակ, որի բովանդակության համաձայն՝ ստորագրողները ցանկանում են աշխատել Սահակ Մինասյանի անմիջական ղեկավարության ներքո, իսկ չտորագրողներին բացահայտ սպառնում են գործից ազատել: Խոսակցությունների համաձայն՝ Սահակ Մինասյանն այս անգամ էլ հայտարարել է, թե լավ կապերի մեջ է պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ: ՇՊՀ ռեկտորը, սակայն, զարմանք արտահայտեց՝ ասելով, որ Սասուն Միքայելյանին անձամբ չի ճանաչում, իսկ ստորագրահավաքի հետ կապված վրա բերեց. «Դուք հավատում եք, որ ես նման բան կանեմ»:



**Արևիկ Հակոբյան**