Ինչու են Կոստա Ռիկայի բնակիչներին վճարում չինացիների հետ ամուսնանալու համար

Ինչու են Կոստա Ռիկայի բնակիչներին վճարում չինացիների հետ ամուսնանալու համար
Բավական ուշագրավ իրավիճակ է տիրում Կոստա Ռիկայում: Լատինաամերիկյան այս երկրում կոստառիկացի կանանց վճարում են մոտավորապես 200 դոլար այն բանի համար, որ նրանք ամուսնանան ազգությամբ չինացիների հետ եւ այդպիսով հնարավորություն տան նրանց մշտական բնակության իրավունք ստանալու Կոստա Ռիկայում:



Այս մասին հայտնում է BBC-ն:



Հայտնի է, որ նման ֆիկտիվ ամուսնությունների ավելի քան 1000 դեպք է արդեն հայտնաբերվել: Կոստա Ռիկայի միգրացիոն ծառայությունն էլ հաղորդել է, որ ֆիկտիվ ամուսնությունների սեւ շուկան կառավարվում է տեղի տարբեր հանցախմբերի կողմից եւ նպատակ է հետապնդում օտարերկրացիների համար մշտական բնակության վայր եւ քաղաքացիություն ապահովել անօրինական ճանապարհով:



Նշենք, որ Լատինական Ամերիկայի այս երկրում համեմատաբար խաղաղ եւ կայուն վիճակ է, եւ միգրացիոն օրենքներն էլ համեմատաբար մեղմ են եւ, բացի այդ, չինացիները այս երկիր տեղափոխման մոտ երկու հարյուր տարվա փորձառություն ունեն:



Հետաքրքրական է այն, որ նման ֆիկտիվ ամուսնություններից հետո չինացիները վերադառնում են Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգ, ինչը եւս անհասկանալի ուղղություն է հանդիսանում իրավապահների համար: