Ի՞նչ եղավ ամենամյա Կոնյակի փառատոնը, այս տարի այն Ծաղկաձորում չի անցկացվելու

Ի՞նչ եղավ ամենամյա Կոնյակի փառատոնը, այս տարի այն Ծաղկաձորում չի անցկացվելու
Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անցյալ տարի՝ մայիսի 7-ին, Ծաղկաձորում անցկացվեց Հայկական կոնյակի առաջին փառատոնը: Ի դեպ, փառատոնն անցկացվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո:



Եւ որոշ տեղեկությունների համաձայն, հենց նա էլ ընտրել էր փառատոնի անցկացման վայրը։ Ըստ կազմակերպիչների՝ «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի» նախատեսվում էր կոնյակի փառատոնը դարձնել ամենամյա, քանի որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրը պետական մակարդակով է իրականացվում եւ նպաստելու է վարչապետի ներկայացրած տնտեսության զարգացման հայեցակարգի կետերի զարգացմանը։



Ուշագրավ է, սակայն, որ կոնյակի փառատոնի անցկացման մասին այս տարի պետական մակարդակով որևէ հայատարարություն դեռևս չի արվել, ո՞ւր կորավ նախորդ տարվա ոգևորությունը: Թե՞ ինչպես եւ որտեղ կանցկացվի այս տարի փառատոնը, փորձեցինք նախ պարզել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանից:



«Նախորդ տարի մեզ դեռ ամիսներ առաջ տեղեկացրեցին փառատոնի մասին, եւ նախապես պատրաստվեցինք, բազմաթիվ տաղավարներ տեղադրեցինք Ծաղկունյաց հրապարակում, բեմահարթակ, լուսավորություն, մի խոսքով ամենը, ինչ անհրաժեշտ էր: Այս տարի դեռևս ոչինչ չեն ասել, թե երբ կամ ինչպես է անցկացվելու: Կամ դեռևս հստակեցված չէ ժամանակը, կամ էլ որոշակի փոփոխություններ են եղել»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:



Իսկ ահա ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Խաչատուրյանը մեր հարցմանն ի պատասխան՝ փոխանցեց. «Այս տարի կոնյակի փառատոնը նախատեսվում է անցկացնել Երևանում, սակայն ավելի մանրամասն տեղեկությունների դեռ չեմ տիրապետում»:



Նշենք, որ անցյալ տարի Ծաղկաձորը միտումնավոր էր ընտրվել, քանի որ ռուս զբոսաշրջիկների հոսքը այնտեղ ամենաշատն է, եւ նման փառատոն անցկացնելու նպատակն էր ցուցադրել հայկական այնպիսի արտադրանք, որն արդեն իսկ ճանաչելի է արտերկրում, եւ որի միջոցով հնարավոր էր կրկնապատկել ռուս զբոսաշրջիկների թիվը Հայաստանում։



Ի դեպ, ռուսները հատկապես Ծաղկաձոր այցելում են մայիս ամսին՝ տոնելու մայիսյան տոները: Ծաղկաձորի քաղաքապետի խոսքերով, անցյալ տարի՝ փառատոնի օրը, միայն այդ մեկ օրվա ընթացքում Ծաղկաձորը հյուրընկալել է մոտ 15հզր ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների:



Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են որոշել փոխել փառատոնի վայրն ու ամիսը, ի՞նչը չարդարացրեց: Հիշեցնենք, որ Հայաստանում կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասնում է 30-ի, մինչդեռ առաջին անգամ փառատոնին մասնակցել են կոնյակ ներմուծող ու արտադրող 12, իսկ շոկոլադ արտադրող ու ներմուծող 7 ընկերություններ:



**Արևիկ Հակոբյան**