Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է առաջնային պլան մղվի

Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է առաջնային պլան մղվի

Ընդամենը օրեր անց Նիկոլ Փաշինյանը կընտրվի Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ՝ հեղափոխական շարժումը հասցնելով իր տրամաբանական ավարտին: Փաստորեն պայքարի հեղափոխական արագ զարգացող շրջափուլը փոխարինվում է աստիճանական ռեֆորմների ու դանդաղ փոփոխությունների շրջափուլով: Անշուշտ գործընթացն այդ համընդգրկուն է և ուղղահայաց ու հորիզոնական վեկտորներով հատելու է պետության կյանքի բոլոր ոլորտներն ու հանրային տիրույթները:

Եվ չնայած այն իրողությանը, որ հեղափոխությունն արդեն իսկ մարմնավորված իրականություն է, բայց, այնուամենայնիվ, չի կարելի կորցնել աչալրջությունն ու զգոնությունը, քանի որ հակահեղափոխությունը նույնքան անկանխատեսելի է, որքան՝ հենց հեղափոխությունը:

Վստահաբար քրեաօլիգարխիկ համակարգում դեռևս մնացել են այնպիսի նվիրյալներ, որոնք չեն համակերպվում ո՛չ հեղափոխության և ո՛չ էլ դրան հաջորդող անխուսափելի շղթայական փոփոխությունների հետ: Գրեթե կասկած չկա, որ այդ նվիրյալները հին կարգերը պահպանելու և իրենց շարունակականությունը երաշխավորելու նպատակով փորձում են վերջին հույսի ինչ-որ գործողություններ նախաձեռնել: Տարօրինակ ակտիվություն է ցուցաբերում հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հրապարակի» տեղեկություններով նրա մոտ հաճախ են խորհրդակցություններ կազմակերպվում, որոնց մասնակցում են հեղափոխության արդյունքներից դժգոհ տարրերը:

Այսինքն՝ ամեն ինչ այդքան հարթ ու սահուն չէ և չէր էլ կարող լինել, քանի որ հեղափոխության թշնամիները ամեն պահ կարող են անցնել պատասխան գործողության՝ դիմելով սադրանքի իրենց հոգեհարազատ մեթոդներին: Խնդիրն ավելի քան պարզ է ու հասկանալի: Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ անխնա թալանել է Հայաստանի ժողովրդին՝ տիրանալով անհաշվելի քանակության հարստության և ունեցվածքի: Նրա ձեռքերը արյունոտ են ավելի քան որևէ մեկինը ու ասվածի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ երկրորդ նախագահն ու նրա պես շատերը սկսել են վտանգ զգալ իրենց կաշիների համար: Նրանք վախենում են արդարադատությունից:

Այսինքն չի կարելի կուրանալ հաղթանակի անխուսափելիությամբ ու մատնվել անշարժության գիրկը, քանի որ հաղթանակն ակնթարթորեն անհետանալու և անէանալու սովորություն ունի:

Ասվածի համատեքստում պետք է առաջնային պլան մղվի Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նրա թիմի անդամների անվտանգությունը: Պետությունը պետք է գործադրի բոլոր հնարավոր միջոցները գործն այդ պատվով իրականացնելու համար: Հասկանալի է, Նիկոլը սովոր չէ թիկնապահների առկայությանը, դա նրա համար ավելորդություն է, բայց սա այն դեպքն է, որ չի կարելի համեստության ետևից ընկնել: Անհրաժեշտության դեպքում նույնիսկ մի ամբողջ ջոկատ պետք է ուղեկցի նրան, քանի որ չի կարելի խաղալ ավանդույթի ուժով գոյություն ունեցող կրիմինալ տարրերի հետ: Նրանք ամեն ինչի ընդունակ են: Բացի այդ այստեղ հարցը միայն Նիկոլի անվտանգությունը չէ, այլ՝ ամբողջ պետության: Նրա չեզոքացումը կասկածի տակ կդնի ինչպես հեղափոխության արդյունքները, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության բնականոն գոյությունն առհասարակ: Պետությունը կներքաշվի արյունոտ քաոսի հորձանոտի մեջ, որը պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում կունենա:

Եթե Նիկոլի գլխից մի մազ պակասի, ապա պատկերացնու՞մ եք, թե ինչ կանեն նրա հարյուր հազարավոր կողմնակիցները: Վստահաբար ի սկզբանե արգելանքի տակ դրված վենդետան գործի կդրվի և կատաղած ժողովուրդը հողին կհասվասարեցնի ամեն ինչ: Այս հանգամանքը պետք է հասկանան նաև հուսահատության վերջին քայլեր նախաձեռնող ուժերը:

Ի դեպ վտանգը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի չեզոքացման սպառնալիքով: Կարող են գտնվել նաև սադրանքի այլ թիրախներ: Օրինակ՝ ահաբեկչական հարձակումներ պետական հիմնարկների և բնակչության դեմ: Ոչինչ չի կարելի բացառել:

Հավանական է, որ շատերն իմ այս մտահոգությունները կարող են անլուրջ համարել, բայց շատ ի զուր: Այնպես չէ, որ ես համոզված եմ, թե իրադարձությունները հենց այս սցենարով են զարգանալու: Սրանք ընդամենը կասկածներ ու մտահոգություններ են, որոնք նույնիսկ չնչին հավանականության դեպքում պետք է բարձրաձայնվեն:

Ո՞վ էր սպասում 1999 թ. հոկտեմբերի 27-ին: Ինչ-որ մեկը կանխատեսե՞լ էր, որ վարչապետն ու խորհրդարանի նախագահը կարող են գնդակահարվել հենց պառլամենտի շենքում: Երևի թե դրա նախորդ օրը մարդիկ նույնիսկ մտքի ծայրով չէին կարող անցկացնել հավանական ահաբեկչության մասին, իսկ, եթե ինչ-որ մեկը մամուլում մտահոգություն արտահայտեր, ապա համընդհանուր ծաղրի կարժանանար՝ որպես դավադրությունների տեսությունների սիրահար:

Իսկ հիմա իրավիճակն ավելի քան լուրջ է ու մտահոգիչ: Ամեն ինչ կարող է լինել: Հեղափոխության թշնամիները հենց այնպես չեն հանձնվելու և պատրաստ են նույնիսկ ամենաստոր լուծումների:

Եվ ասվածը միայն ներհայկական իրականությանը բնորոշ մտահոգություն չէ, այլ մենք առաջին հերթին հաշվի ենք առնում համաշխարհային պատմության պրակտիկան, որը ողողված է պետությունների առաջնորդների սպանություններով և անթիվ անհամար մահափորձերով: