Ի՞նչ են ակնկալում Թուրքիան եւ Ադրբեջանը

Ի՞նչ են ակնկալում Թուրքիան եւ Ադրբեջանը
Ադրբեջանական մամուլը տարածել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի օգնական, իշխող կուսակցությունից պատգամավոր Հալուք Էփեքի մեկնաբանությունը: Նրա գնահատմամբ, Հայաստանում հեղափոխության պատճառը սոցիալ-տնտեսական է, իսկ վերջինս էլ հետեւանք է այն «ագրեսիվ քաղաքականության, որ վարել է Քոչարյան-Սարգսյան տանդեմը»:



Էփեքի մեկնաբանությամբ, այդ քաղաքականությունը տարել է Հայաստանի կոմունիկացիոն մեկուսացման, առանց որի հաղթահարման նոր իշխանությունները չեն կարող որեւէ արմատական լուծում առաջարկել: Էրդողանի օգնականը բացառել է Հայաստանի նոր իշխանությունների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերստին քննարկումը, մինչեւ որ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի խնդիրը» չկարգավորվի:



Էփեքը նաեւ անհավանական է համարել Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացը, եթե չկարգավորվեն հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: «Հակառակ դեպքում Հայաստանը կսպասի նոր թավշյա հեղափոխության»,- եզրափակել է Թուրքիայի նախագահի օգնականը: Այսպիսով, պարզ է դառնում, թե Հայաստանի նոր իշխանություններից ինչ սպասելիքներ ունի Թուրքիան:



Ընդ որում, ակնհայտ է, որ դրանք համաձայնեցված են Ադրբեջանի հետ: Այնպես որ, առաջիկայում Թուրքիան եւ Ադրբեջանը, հավանաբար, Հայաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշման նոր փորձ կձեռնարկեն՝ նպատակ ունենալով հասնել իրենց համար ցանկալի քաղաքական կողմնորոշման:



Ո՞րն է լինելու Հայաստանի ռազմավարական պատասխանը: