Կուսակցական լինելն ինձ չի խանգարում. Սահակ Մինասյան

Կուսակցական լինելն ինձ չի խանգարում. Սահակ Մինասյան
Երեկ [անդրադարձել էինք](https://www.hraparak.am/posts/5aec6a92047e5e06d49b8209/%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D6%86%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D6%80%D5%B8%D5%BB%D5%A8-%D5%B7%D5%BA%D5%B0-%D5%BA%D6%80%D5%B8%D5%BC%D5%A5%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D6%81-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC), որ  Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատման ծանուցագիր է ներկայացրել:



ՀՀԿ –ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը,  պատրաստվում է ռեկտորի որոշումը վիճարկել դատարանում: Ամիսներ առաջ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել էր ևս երկու դասախոսների, որը աղմուկի պատճառ դարձավ, ուսանողները տևական ժամանակ դասադուլ հայտարարեցին:  



Գյումրու ավագանու անդամ Լևոն  Բարսեղյանն էլ երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով այսօր մի  «թավշյա հեղափոխություն» էլ իրականացնել նաև ՇՊՀ-ում՝ պաշտոնաթող անել Հանրապետական ռեկտորին: Մինչ այդ  hraparak.am-ին հաջողվեց զրուցել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ:



Պրոռեկտորին, ինչպես նաև  երկու դասախոսներին աշխատանքից ազատելու հանգամանքը նա հետևյալ   ձևով պարզաբանեց. «Այս տարի ու կես է՝ այդ երեքը, սկզբում ընդհատակ ձևով, հետո արդեն բացահայտ ձևով վարկաբեկում են բուհը, ինձ: Պատճառը աթոռակռիվն է, որովհետև ինքը Ֆարմանյան Սամվելի քույրն է, պիտի դառնա ռեկտոր,հաստիքների կրճատում է եղել, կրճատվել է,  թող գնա դատարանում բողոքարկի»:



Անդրադառնալով հեղափոխությանն ու  բուհերի ապաքաղաքականացման գործընթացին, որ այլևս ոչ մի կուսակցական չպետք է ղեկավարի ուսումնական  կառույցները, Սահակ Մինասյանն ասաց. «Ես կուսակցական եմ, Հանրապետական կառույցի մարզի ղեկավարն եմ, բայց դա ռեկտորի պաշտոնի հետ բացարձակ կապ չունի: Հիմա ինչ-որ առիթավորվել են, ուզում են բողոքել, բայց դա իմ իրավունքն է կուսակցական լինել, թե չլինել:



Երբ որ ԱԺ-ն օրենք կընդունի, որ ռեկտորը պետք է կուսակցական չլինի, կամ իրավունք չունի կուսակցական աշխատանքով զբաղվել, նոր թող դեմ լինեն: Կուսակցական լինելն ինձ չի խանգարում»:



ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե այս ընթացքում ՀՀԿ շարքերը պաշտոնապես որքան մարդ է լքել, քանի որ մեր տեղեկություններով անդամատոմսերից հրաժարվողների թիվը շատ է: «Եղել են հրաժարվողներ, բայց էդպես մասսայական չէ, մեր կուսակցությունը կուռ է»,-եզրափակեց նա:



**Արևիկ Հակոբյան**