Դպրոցի տնօրենը չէր հասկանում, թե ինչ էր կատարվում

Դպրոցի տնօրենը չէր հասկանում, թե ինչ էր կատարվում

Էսօր ես էլ էի գնացել 11 դպրոց: Պետք է իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում ու էն ինչ-որ տեսա իսկապես աներևակայելի էր:

Ամենահետաքրքիրը տնօրենի կերպարն էր: Ինքը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, չէր հավատում ու չէր համակերպվում: Տեսեք, Ազիզյանը տարիներ ու տասնամյակներ շարունակ միահեծան տնօրեն է եղել, ինչ ուզել այն էլ արել է, աջուձախ դեսպոտ ու բռնություն է սփռել, ստորացրել է ուսուցիչներին, աշակերտներին, ինչպես նաև վերջիններիս ծնողներին, փաստորեն բոլորը նրանից վախեցել են ու զգուշացել: Այդ կինը նույնիսկ կանգ չի առել աշակերտներին ծեծելու առջև: Շատերը պատմում էին, որ ուսուցիչները նրան տեսնելիս պետք է լեզուները կուլ տային: Նա նաև առանց որևէ պատասխանատվության ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ, զբաղվել է դրամահավաքությամբ ու դրամաշորթությամբ, ընտություններ է կեղծել, իսկ ուսուցիչներին և աշակերտներին էլ ստիպողաբար ներգրավել ՀՀԿ-ի շարքերը:Եվ այսպես, նրա մահացու մեղքերը պարզապես հնարավոր չէ ամբողջության մեջ դասակարգել ու թվարկել, որովհետև ցանկն իսկապես անվերջ է:

Իսկ ի՞նչ կատարվեց այսօր: Տարիներ շարունակ ճնշված աշակերտները, ծնողներն ու ստորացված ուսուցիչները վերցրեցին ու ամբողջ աշխարհի աչքի առջև ստորացրեցին հենց Ազիզյանին: Հենց այդ իրականությանը նա չէր կարղանում հավատալ, նրա մտքով երբեք չէր էլ անցել, որ իրեն տեսնելիս վախից պապանձվող աշակերտները կարող են պահանջել իր հեռացումը և այդ ամենը ժպիտով, այլ ոչ թե արդեն իսկ ավանդույթ դարձած վախեցած դեմքով:

Ազիզյանը միշտ այն համոզմունքն էր ունեցել, որ, եթե ինքը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ապա վե՛րջ, անհաղթ է ու ամենակարող: Այսինքն՝ բոլորը պետք է խոնարհվեն իր առջև, շողոքորթեն, թանկարժեք նվերներ տան և զինվորական ճշգրտությամբ կատարեն բոլոր հրամանները:

Այսօր այդ համոզմունքը փշրվեց, որովհետև ժամանակին Ազիզյանի առջև վազվզող ուսուցիչները այսօր նրան ցույց տվեցին դռան կողմը՝ ամենավերջին ձևով ստորացնելով ու խայտառակելով:

Ազիզյանն ապշած էր, նույնիսկ շանթահարված, նա երբեք չէր կարող կանխատեսել, որ իրադարձությունները կարող են համանման ընթացք ունենալ, չէ՞ որ ոչ վաղ, բայց երջանիկ անցյալում ինքն իր ձեռքով ընտրատեղամաս էր փակում ու անկաշկանդ ինքնվաստահությամբ լցոնումներ անում:

Ազիզյանը դարձավ ինքն իր զոհը, նա այդ զոհին ստեղծել էր տարիներ առաջ, բայց չէր հավատում, որ այն իրական է, այսօր էլ չէր հավատում, բայց առավոտյան անպայման կհավատա: Ավելի շուտ կհասկանա, որ Հայաստանն այլևս երբեք առաջվանը չի լինի:

Դա կհասկանան նաև մյուս դպրոցների տնօրենները, որոնք դողդողացող ձեռքերով նայում էին ուղիղ եթերը՝ սրտի խորքում ունենալով այն սարսափը, որ շուտով իրենց ետևից էլ են գալու: Անպայման գալու են: