«Սերժի եղունգի տակի կեղտը չարժեք»․ լարված իրավիճակ թիվ 11 դպրոցում (տեսանյութ)

«Սերժի եղունգի տակի կեղտը չարժեք»․ լարված իրավիճակ թիվ 11 դպրոցում (տեսանյութ)
Այսօր մի խումբ աշակերտներ իրենց ծնողների հետ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի բակում էին։ Նրանք պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը։ «Ազիզյան, հեռացիր», «հեռացիր» վանկարկումներով նրանք դպրոցում մնացին մի քանի ժամ։ Տեղում էին նաեւ Երեւանի «Ելք» խմբակցության ավագանու անդամները՝ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ։ Բանն այն է, որ ծնողները ահազանգում են, որ տնօրենը փակել է երեխաներին եւ ուսուցիչներին դասասենյակում, թույլ չի տվել մասնակցեն համաժողովրդական շարժմանը։ Նրանց առաջ դուռը բացել էր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լազար Կարախանովը։



Նրա պնդմամբ՝ իր այլ քայլի համար տնօրենը ստորագրահավք է սկսել, սակայն ուսուցիչները չեն ստորագրել։



Տնօրենը հերքում է լուրերը՝ պնդելով, որ այս ամենը կազմակերպվել է այդ ուսուցչի կողմից։



Սակայն այսքանով միջադեպերը չեն ավարտվում։ Դպրոցում հավաքված տասնյակ ծնողներից մեկը նշեց, որ ամիսներ առաջ երեխաներից մեկին հարվածել է քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Անտոնյանը, այնուհետեւ ասել․ «Սերժի եղունգի տակի կեղտը չարժեք»։



Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ուսուցչից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հարցերին։ Միջադեպի վերաբերյալ պարզաբանում էին ուզում ստանալ նաեւ ծնողները, Դանիել Իոաննիսյանը, որը եւս դպրոցում էր, բայց Անտոնյանը առանց որեւէ բացատրություն տալու հեռացավ, Իոաննիսյանը փորձեց փակել նրա ճանապարհը, բայց չստացվեց։



Ի դեպ, նշենք, որ տնօրենը ՀՀԿ-ական է, եղել է Սերժ Սարգսյանի համակուրսեցին։ Նա անցած տարի խորհրդարանական ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտնի բացահայտման «հերոսներից» էր։ Իոաննիսյանը հայտարարեց դպրոցում՝ տիկինը 170 ձայն է հավաքագրել ՀՀԿ-ի համար, եւ եթե այս ամենը վերջանա միայն նրա հրաժարականով, ապա բախտը կբերի։



_Մանրամասները՝ տեսանյութում։_



_Աննա Պապիկյան_