Ինչո՞ւ է անհանգստացել ՄՃԽ-ն

Ինչո՞ւ է անհանգստացել ՄՃԽ-ն
Լրատվամիջոցները տարածել են Հայաստանի ներքաղաքական եւ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին Միջազգային ճգնաժամային խմբի արտահերթ զեկույցի հիմնական թեզերը: Ըստ այդմ, ՄՃԽ-ն գտնում է, որ Հայաստանում անկայունության խորացման դեպքում միանգամայն հավանական է դառնում ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիան: Որպես ամենահավանական սցենար առանձնացված է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դաշտային հրամանատարները կարող են դիմել նախահարձակ գործողությունների՝ փորձելով վերադարձնել երկու տարի առաջ կորցրած դիրքերը: ՄՃԽ-ն ավելի քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը կդիմի նախահարձակման: Զեկույցում ընդգծված է, որ Հայաստանում մեկ ամսից ավելի շարունակվող ներքաղաքական լարվածության ընթացքում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ոչ մի միլիտարիստական հայտարարություն չի արել, թեեւ նախկինում դա շատ տարածված էր:



Ի վերջո ՄՃԾ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում է դիվանագիտական կայուն խողովակներով աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան բացատրել, թե որքան վտանգավոր կարող է լինել ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիան: ՄՃԽ զեկույցի ամենավտանգավոր արձանագրումն, այսպիսով, այն է, որ ԼՂ զինված ուժերը կարող են առաջինը խախտել հրադադարը եւ փորձել վերադարձնել երկու տարի առաջ կորցրած դիրքերը: ՄՃԽ-ն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերլուծաբանական խորհրդատուի համարում եւ բավական հեղինակավոր հաստատություն է, որը ԼՂ հակամարտության գոտում օգտվում է տեղեկատվության սեփական աղբյուրներից: Այս իմաստով հրատապ է դառնում հասկանալ, թե Պաշտպանության բանակի ենթադրյալ գործողությունների մասին ինֆորմացիան ինչ խողովակներով է հայտնվել ՄՃԽ զեկույցում:



Երկրորդ էական հանգամանքն այն է, որ ՄՃԽ-ն Նիկոլ Փաշինյանին փաստացի համարում է Ադրբեջանի հետ ապագա բանակցող եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խորհուրդ է տալիս այս պահից սկսել աշխատել նրա հետ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ՄՃԽ-ն Փաշինյանին համարում է ոչ միայն ժամանակավոր, այլեւ ապագա կայուն կառավարության եւ Հայաստանի փաստացի ղեկավար, որին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դիվանագիտական պրեսինգի ենթարկի, որպեսզի ԼՂ հարցում մնա առկա պայմանավորվածությունների տիրույթում: Դրանից հասկացվում է, որ միջազգային միջնորդությունը վերապահումներ ունի, որ, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Փաշինյանը կարող է դնել ղարաբաղյան բանակցությունները մաքուր էջից սկսելու պայման: