Նիկոլ Փաշինյանը հավատում է իր հաղթանակին. Le Monde

Նիկոլ Փաշինյանը հավատում է իր հաղթանակին. Le Monde
Հայաստանում երեքշաբաթյան քաղաքական ճգնաժամից հետո իշխող Հանրապետական կուսակցությունը կարծես թե վճռականություն է հանդես բերելու ընդդիմության առաջնորդին կառավարության ղեկավար նշանակելու հարցում: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ի հայաստանյան հատուկ թղթակից Աննիկ Կոժանը: Հաղթանակ բառը այնքան է վանկարկվել Երեւանի կենտրոնական հրապարակում եւ փողոցներում վերջին երեք շաբաթների ընթացքում, որ նույնիսկ մի պահ տրամաբանորեն կարող է թվալ, թե այն արդեն արժեզրկվել է: Սակայն չորեքշաբթի օրը՝ մայիսի 2-ին, շարունակում է հայաստանյան ներքաղաքական վերջին երկու-երեք օրերի զարգացումները ներկայացնել Աննիկ Կոժանը, երբ համընդհանուր գործադուլը պարալիզացրել էր երկիրը, այն կարծես նոր իմաստ ու սրություն ստացավ: Պատկերավոր ասած՝ հակառակորդը հանձնում է դիրքերը եւ հաղթանակած ժողովրդական ուժն ու միասնությունը գրավում է դրանք: Հրապարակման մեջ մանրամասնվում է, որ հակառակորդը այս դեպքում իր տասնամյա կառավարման արդյունքներով խայտառակված Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունն է: Հոդվածագիրը հետադարձ հայացքով անդրադառնում է ապրիլի 23-ի դեպքերին, երբ Սերժ Սարգսյանը, տեղի տալով ժողովրդական ճնշմանը, հրաժարական տվեց: Հաջորդիվ արդեն ներկայացվում են սպասվելիք իրադարձությունները ի դեմս մայիսի 8-ին տեղի ունենալիք քվեարկությանը, որի ընթացքում արդեն հանրապետականները կաջակցեն Նիկոլ Փաշինյանին: Հոդվածագիրը նաեւ ներկայացնում է Հայաստանում տիրող ընդհանուր տրամադրությունները, քաղաքական հնարավոր դասավորությունը, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած քաղաքական ուժերին եւ Երեւանից դուրս տեղի ունեցած ակցիաներրը, ամփոփելով, որ Փաշինյանը վստահ է, որ կհաղթի: