Անտեսված կողմը մինչև հեղափոխությունը...

Անտեսված կողմը մինչև հեղափոխությունը...
**«Հրապարակն»** այս օրերին բազում նամակներ է ստանում, որտեղ ընթերցողները ցանկություն են հայտնում իրենց մտորումների, պատկերացումների մասին հրապարակային խոսել՝ ի պատասխան օրերս համացանցում մեծ տարածում գտած բաց նամակի, որի հեղինակը Շարմազանովի դուստրն է։



Ներկայացնում ենք այդ նամակներից մեկը․



Այո՛, սա հեղափոխություն էր ու ըստ էության հենց «Թավշյա» էր: Ամբողջ հայությունը և սփյուռքը՝ աշխարհի հայերի մոտ 7 %-ը, բաց ձեռքերով դուրս էր եկել պայքարի ու դեռ պայքարում է , որ տարիների լռությունը վերջապես սկսի դոփել ու թափ տա Հայասատանի ամպերի վրա կուտակված բազմամյա փոշին: Բոլորը՝անկախ տարիքից, բաց ձեռքերը, մեծ խանդավառությամբ դեպի երկինք էին պարզում, որպեսզի բոլորը տեսնեն ու աջակցեն այս հայկական զարթոնքը:Այս հարյուր հազարանոց բաց՝դեպի երկինք պարզված ձեռքերը միայն սեր և հանդուրժողականություն չէին քարոզում, այլ ակներև ապացույց էին մաքրության: Այս ձեռքերը եկել էին ապացուցելու, որ անպայման չէ զույգ ոտքով դոփել արյան ու ստի մեջ, որպեսզի Հայաստանում որևէ բան փոխվի: Հեղափոխությունը միշտ բոլորին ինչ-որ բան է ասում, և կարևոր չէ, թե դա ինչ լեզվով կլինի: Ոմանք հասկանում են իրենց թերությունները, ոմանք էլ պարզում իրողություններ,որ թերևս անկարող էին պարզել «հանգիստ» ժամանակ:



Հեղափոխությունը կարծես հայելու նման եկավ ու դեպի Հայոց ազգի կողմը շրջվեց, և բոլորը կարողացան իրենց երեսին տեսնել տարիների խորքից եկող դժվարին խնդիրների արդյունքում հայտնված սպիներն ու կնճիռները: Քա˜նի- քաˉնի տարիներ...մի բան,որ հնարավոր էր անել ամիսներ կամ գուցե օրերի ընթացքում, ծանր բեռի պես խրվել էր հայ ազգի սրտում: Բոլորն էլ վստահ էին,որ մի օր կեղծիքը բախվելու է արդարության սյունին ու փշուր -փշուր լինի, բայց, ավախ, չկար մեկը, ով ցույց կտար թեկուզ խավար մի ճանապարհ այդ ուղղուն հասնելու համար: Գուցե հեղափոխությունը սպանել է զգացմունքեր և սպասումներ, գուցե այն այնքան էլ «առանց զոհերի» չի եղել և որպես արդյունք իր հետևից թողել է հայացքներ, որոնք պետք է այսօր նայեին նույն ուղղությամբ, բայց շրջվել և նայում են ի հանդիման: Արդյոք նախընտրելի չէ քայլել կանաչապատ արահետով և վայելել արևի պայծառ շողերը, որոնք միայն ջերմացնելու և լուսավորելու համար են,քան « ճախրել» վիհի վրայով՝ամեն պահին մտքում ունենալով կասկած,որ հնարավոր է ուժասպառ լինել և վայր ընկնել դեպի դատարկություն: Եվ արդյոք նախընտրելի չէ լցնել վիհի դատարկությունը գործարկելով ամբողջ ջանքը մի որոշ ժամանակ, քան անընդհատ խուսափել վիհը ընկնելուց՝ամեն անգամ որևէ մեկին մեր փոխարեն այնտեղ ուղղարկելու գնով:



**Հ.Գ** Հեղափոխությունը սեր է և նպատակ դեպի ավելի լավը, և ինչպես յուրաքանչյուր սեր` այն տարիք չի ճանաչում , իսկ հստակ նպատակի համար արդարացված են բոլոր միջոցները: Չարժե « այս» ու «այն» կողմ փնտրել: Բոլորս «այս » կողմում ենք, իսկ այն կողմում ունենք թերևս մի խնդիր ՝ Արարատը: Պետք է միասնական հասկանալ,որ սերն ու հոգատարությունը երբեք այսքան մեծ չեն եղել,որքան այսօր, որքան երեկ, որքան այն պահը, երբ արթնացավ հայը, և սրանք աճելու են ու ապացուցեն բոլորին,որ հայի երկարակեցության գաղտնիքը հենց ինքը հայն է:



Քայլ արա հայ ազգ, քո ոգին անկոտրում է և սերը անսպառ։ Պայքարիր, որպեսզի գլուխդ բարձր ընդառաջ գնաս լույսին,և եթե նույնիսկ հեռու է լույսը,քո ոգով լուսավորիր խավարը:



**Սուրեն Աբազյան**