Ես մի քիչ վիրավորված եմ. Վահան Թումասյանը՝ հեղափոխության մասին

Ես մի քիչ վիրավորված եմ. Վահան Թումասյանը՝ հեղափոխության մասին
Գյումրիում գործող «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն այս օրերին գրեթե ամեն օր ցուցարարների մեջ էր եւ նրանց կողքին: Հանրապետության ամենաաղքատ մարզում տասնամյակներ շարունակ հասարակական գործունեություն ծավալող Վահան Թումասյանը համոզված է, որ նոր կառավարության հետ էլ իրենց գործելաոճը չի փոխվելու, շարունակելու են պահանջել, ինչպես նախկիններից:



«Փառք Աստծո, մինչ այս պահը կարծես թե ամեն ինչ առանց պոռթկումների ավարտվեց:Բուռն օրերից հետո ժողովուրդը շատ արագ մտել է հունի մեջ, երեխաները դպրոց են գնում, աշխատողներն՝ աշխատանքի: Չկան թեժ քննարկումներ, կամ հոգնել են, կամ ուզում են՝ սառի, հետո վերլուծեն: Այս պահին բոլորս լռություն ենք վերցրել, ինչպես ընտրություններից մեկ օր առաջ է հայտարարվում: Ճիշտ է, պարում էին, ուրախանում, բայց բոլորն էլ սթրես էին ապրում, վախենում էին տապալվելուց: Այն էներգիան, որ կար, հիմա պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործվի: Այդ էներգիան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանից չէր կախված, ոչ էլ իշխանության ընկրկելուց, այն յուրաքանչյուրիցս էր», -**hraparak.am**-ի հետ զրույցում, թավշյա հեղափոխությանն անդրադառնալով, ասաց հասարակական գործիչը:



Ինչ վերաբերվում է նոր կառավարությանը, Վահան Թումասյանն իր մտահոգությունն ունի: «Ես մի քիչ վիրավորված եմ, որ այս ընթացքում, թե մեկ, թե մյուս կողմից, նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, այդպես էլ չհնչեց երկրաշարժի 30-ամյա տարելիցին վերաբերող ոչ մի հարց: Աղետի 30 տարին անգամ չհիշատակվեց: Նախորդ իշխանության ամենամեծ սխալը պրոբլեմները սառեցնելն էր, եւ աղետի գոտի ասվածն էլ իրենց համար սառեցված թեմա էր արդեն: Այնպես չի, որ նոր իշխանություններից առանձնակի ակնկալիք ունենք, մինչև չբզենք, չեմ կարծում հարց լուծվի: Բայց իրականում, եթե իշխանությունը ցանկանա, շատ հարցեր կան, որ ի զորու է լուծելու : Կան հարցեր, որոնք համահայկական լուծումներ են պահանջում: Վերադառնալով աղքատությանը՝ նշեմ, որ գաղտնիք չէ՝ Շիրակի մարզում այն ոչ թե 30, այլ 50 տոկոս է հասնում: Իշխանության ցանկության դեպքում, աղետի գոտում գոնե հնարավոր է լուծել բնակարանաշինության եւ տնակներից քաղաքը ազատագրելու խնդիրները, ինչը 30 տարի է՝ լուծում չի ստանում»,-ասաց նա:



**Արևիկ Հակոբյան**