Սա մի սերունդ է, որը վերադարձրեց իր արժանապատվությունը

Սա մի սերունդ է, որը վերադարձրեց իր արժանապատվությունը
_Մայիսի 1-ին թեեւ Հանրապետության հրապարակը լի էր հարյուր հազարավոր քաղաքացիներով, բայց ԱԺ-ն 45 կողմ եւ 56 դեմ ձայներով վարչապետի պաշտոնում չընտրեց համազգային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։_



Փաշինյանը բեմահարթակից կոչ արեց նույն թափով շարունակել տոտալ գործադուլները, դասադուլները, փողոցների եւ ճանապարհների արգելափակումը, ինչը եւ տեղի ունեցավ երեկ։



**Այսբերգի չերեվացող մասը Ռոբերտ Քոչարյանն է**



Արձակագիր **Լեւոն Ջավախյանը** կարծում է, որ վարչապետի ընտրությունները տապալելու պատճառն այն էր, որ նախորդ գիշերը հանդիպելով ՀՀԿ-ականների հետ, Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթին համագործակցելով Ռոբերտ Քոչարյանի հետ, ցուցում էր տվել, որ պետք է կուսակցության միասնությունը պահել եւ ոչ մի դեպքում ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին․ «Դրանով շարժումը պետք է մտներ փակուղի, բայց նրանք, ըստ երեւույթին, մի ցուցում էլ էին տվել, որ հարցակոխ արեք Նիկոլ Փաշինյանին՝ այն աստիճան, որ ապացուցեք ժողովրդին, որ այս մարդուց վարչապետ դուրս չի գա։ Բայց բոլոր հարցերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պատասխաններն ինձ միայն զարմանք պատճառեցին։ Ամեն տեսակի հարցին նա կարողացավ խորաթափանց պատասխաններ տալ, եւ այդ առումով հանրապետականներն իսպառ ձախողվեցին։ Ես չեմ կարծում, որ նույն հանրապետականների մեջ կգտնվեր մի մարդ, որ այդ հարցերին Նիկոլի պես խելացի, կշռադատված պատասխաններ տար։ Նիկոլ Փաշինյանն արդեն որպես վարչապետ էր այդտեղ կանգնած եւ, հասկանալով, թե ինչ վիճակում է գտնվում պետությունը, կարողացավ իրեն լավագույնս դրսեւորել, բայց քանի որ հանրապետականները ցուցում էին ստացել դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, այդպես էլ վարվեցին»։



Ըստ Ջավախյանի՝ Սերժ Սարգսյանը, տեսնելով երկրում ստեղծված հեղափոխական վիճակը, որը ծանր կնստեր իր վրա, թողեց հեռացավ․ «Եվ ոչ միայն հեռացավ, այլ նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ, բայց մի գիշերվա մեջ հետ վերադարձավ, ընդ որում՝ ոչ թե լուսերես, այլ՝ ընդերքում, եւ ընդհատակից ղեկավարելով այս ամենը։ Ավելին՝ ես կասեի, որ ինքը չի ղեկավարում, այլ ղեկավարվում է»։ Թե ում կողմից է ղեկավարվում, Ջավախյանն ասաց․ «Որքան էլ զարմանալի է, այս իրավիճակում բավականին ակտիվ է Ռոբերտ Քոչարյանը, ով մոսկվաներում հարցազրույց է տալիս, ասում է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես մեկին, բայց քեզ համար դա լավ ճամպրուկ էր՝ միլիարդներ դիզելու համար, հիմա վերադարձե՞լ ես։ Նա երեւի խոսել է Սերժ Սարգսյանի հետ ու ասել՝ էդ որ գնում ես, բա մտածո՞ւմ ես քո ու նաեւ իմ ունեցվածքի մասին, էլ չասենք, որ Մարտի 1-ի հարցն է բարձրանում, կարող է դատ ու դատաստան լինի, բա ո՞նց մենք պատասխան պիտի տանք»։ Նրա կարծիքով՝ այս օրերին Ռուսաստանին ու Պուտինին հայ ժողովրդի «վրա բերելը» նման է ամեն անգամ Տիզբոն գնալուն։ ԱԺ-ում հնչող հարցերի մի զգալի մասն էլ Ռուսաստանի մասին էր, կարծես դրված էր Ռուսաստանի լինել-չլինելու հարցը․ «Փաստորեն, ամեն առիթի գնում եք Տիզբոն, հա՞, մեր թվարկությունից առաջ Տիզբոն էր, Արշակունիների ժամանակ՝ Տիզբոն, հիմա էլ՝ նույնը, էդ «Տիզբոնը» չի վերանում։ Անընդհատ մարդ եք բերում Ռուսաստանից»։



Ջավախյանը կարծում է, որ այսբերգի չերեւացող մասը Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ պատահական չէ, որ վերջին իրադարձությունների ֆոնին շրջանառվում է նաեւ Քոչարյանի թեկնածությունը, իբրեւ ՀՀԿ-ի նոր թեկնածու՝ վարչապետի պաշտոնի համար․ «Հիմա Քոչարյանն ի հայտ է եկել, ու ինչպես էն ժամանակ էր ասում՝ Հայաստանում տղա չկա, կարծես հիմա էլ ասում է՝ տղա կա, ու դա ես եմ։ Ես շատ եմ տագնապում, որ 2-րդ քվեարկության ժամանակ Հանրապետական կուսակցությունն առաջադրի հենց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, թեեւ երեկ հայտարարեցին, որ չեն առաջադրելու թեկնածու։ Իր գաղտնի խորհրդակցության ժամանակ մամուլում գրվեց, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ ես Կարեն Կարապետյանի թեկնածությունն եմ առաջադրում, բայց դուք մտածեք նաեւ Տարոն Մարգարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության մասին։ Տարոն Մարգարյանն այս առումով չի կարող իրավիճակին տիրապետել, իսկ Քոչարյանն իր վճռականությամբ, հատկապես որ ատամն արնոտ գայլի համբավ է ձեռք բերել, կարող է լինել՝ ակնկալելով նաեւ օգնություն Ռուսաստանից։ Բայց մեր բախտից Ռուսաստանի վիճակը հիմա այնքան էլ բարվոք չէ, եւ իրենք կուզեն, որ իրենց սապոգի տակի հողն ամուր լինի Հայաստանում։ Տա Աստված, որ ես սխալ դուրս գամ իմ ենթադրությունների մեջ»։



Թե լուծումն այս իրավիճակում ինչպես է տեսնում, արձակագիրն ասաց․ «Սահմանադրական փակուղի ենք մտել, եւ, իմ կարծիքով, կա մի կիսաօրինական ձեւ՝ Փաշինյանը մնացած քաղաքական ուժերի հետ ստեղծում է փրկության կոմիտե եւ ստեղծում է ազգային համաձայնության կառավարություն ՀՀ նախագահի հովանու ներքո, ստեղծում է ժամանակավոր կառավարություն եւ Հայաստանը տանում դեպի ընտրություններ։ Տեսնենք ինչ կլինի, եւ ուր կտանեն մեզ ճանապարհները։ Մինչեւ հիմա մեր բոլոր ճանապարհները տանում էին Հանրապետության հրապարակ, ու եթե մինչեւ հիմա ցույցերը, միտինգները տեղի էին ունենում Ազատության հրապարակում, որովհետեւ այն ժամանակ ազատության խնդիր ունեինք, հիմա այդ ցույցերը, միտինգներն արվում են Հանրապետության հրապարակում, որովհետեւ հիմա ունենք հանրապետություն կերտելու խնդիր»։



**Վարչապետի ընտրությունն ԱԺ-ում տրագիկոմեդիա էր**



Սիրված օպերային երգչուհի **Հասմիկ Պապյանը** դստեր հետ երեկ եկել է Հայաստան՝ հատուկ համաժողովրդական շարժմանը մասնակցելու համար, քանի որ կարծում է՝ սա այնպիսի մի բան է, որը պետք է տեսնել, զգալ․ «Ես եկել եմ 16 տարեկան աղջկաս հետ, նա ծնվել է Վիեննայում եւ շատ ուզեց իր աչքով տեսնել այս իրադարձությունները, որովհետեւ նման բան դժվար թե մի ուրիշ տեղ հանդիպես։ Այն, ինչ եղել է, այլեւս անհնար է ետ պտտել, այս անիվը ետդարձի ճանապարհ չունի։ Սա մի սերունդ է, որը հասկացել է ամենակարեւորը՝ վերադարձնել արժանապատվությունը»։



Ինչ վերաբերում է նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած վարչապետի քվեարկությանը, Պապյանն ասաց․ «Դա երբեւիցե իմ տեսած ամենասոսկալի թատերական ներկայացումն էր՝ տրագիկոմեդիա, բայց ուղղված դեպի ողբերգություն։ Իմ համար մեծ ցավ էր, որ 21-րդ դարում հայ տիկնայք եւ պարոնայք կարող են ապրել դեռ միջնադարում»։



Պայքարի առաջին փուլում կարող ենք ասել, որ ժողովուրդը հաղթեց՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ թե ինչպես կհանգուցալուծվի այս 2-րդ փուլը, երգչուհին փոխաբերորեն նկատեց, որ իշխանությունները «ձգում են հաճույքը»․ «Հիմա գալիս էի ոտքով եւ տեսա այս խանդավառությունը, համախմբվածությունը, որ մարդիկ ուղղակի չեն ուզում, որ սա կանգ առնի, թեեւ իսկապես մի օր պետք է կանգ առնենք եւ սկսենք աշխատել, որովհետեւ գործ իսկապես շատ կա, բայց դեռեւս բոլորս այս էյֆորիայի մեջ ենք, հատկապես՝ երիտասարդները»։



Նա հիշեցնում է, որ դեռ ապրիլի 17-ին իր էջում գրել էր․ «Այս մարդիկ պետք է հեռանան, եւ քայլը պետք է լինի՝ հեռացնել այդ մարդկանց, որոնք տարիներ շարունակ արդեն փաստել են իրենց անգործությունը, ուրեմն իրենց չպետք է թույլ տալ մասնակցել այս նոր պրոցեսներին, եւ ամենակարեւոր, առաջնային խնդիրն այս ամենից հետո պետք է լինի արդարադատության վերականգնումը։ Այսպիսի դատարաններով եւ խայտառակ դատավարությամբ չենք կարող առաջ գնալ»։



Չի՞ ուզում մյուս հայտնի եւ սիրված մտավորականների պես ժողովրդին ողջունել հրապարակի բեմահարթակից։ Հասմիկ Պապյանն ասաց․ «Ես լուսաբացին եկա եւ 2 անգամ եղա հրապարակում, մեկը՝ առավոտյան 8։30-ին եւ հետո՝ արդեն երեկոյան։ Խոսք, իհարկե, ունեմ ասելու եւ հենց դրա համար էլ եկել եմ, որ խոնարհվեմ այդ երիտասարդների առաջ, որոնք քայլ արեցին, եւ դա դարձավ տեսնում ենք թե ինչ։ Եթե ինձ հարթակ տրամադրվի՝ սիրով»։



Ինչո՞ւ, ի տարբերություն մյուս քաղաքական եւ քաղաքացիական շարժումների, «Իմ քայլը» կարողացավ համախմբել եւ ոտքի հանել ժողովրդին, դա մեծապես շարժման առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի շնորհի՞վ էր, թե՞ գուցե այն պատճառով, որ նպատակը հստակ ձեւակերպված էր։ «Կարծում եմ՝ մարդկանց համբերության բաժակը լցվեց արդեն, եւ ես տեսնում եմ այս ամենը որպես պատասխան նախեւառաջ բազմաթիվ վիրավորված քաղաքացիների, առաջնահերթությունը կտամ սեւազգեստ որդեկորույս մայրերին ասֆալտների վրա քարշ տվող ոստիկաններին, իրենց բնակարաններից դուրս շպրտված արհամարհված մարդկանց, «Նաիրիտի» աշխատակիցները, որ դեռ հույս ունեն ու սպասում են իրենց չնչին աշխատավարձը հետ ստանալ։ Այնքան շատ են այդ վիրավորանքները, որ օղակն արդեն սեղմվել էր, եւ այլեւս հնարավոր չէր։ Ես գիտեի, որ այս օրը պիտի գա, բայց որ այսքան շուտ կգա, եւ որ ես կտեսնեմ, չէի հավատում։ Այս ալիքը պետք է գա ու սրբի տանի ամեն վատ բան։ Ես նաեւ դեռ 2 ամիս առաջ գրել էի, որ մի սպասեք, թե 88-ը կկրկնվի, դա չի լինելու, դա իր ձեւի մեջ ունիկալ երեւույթ էր, հաջորդը պիտի լինի նոր բան, եւ դա անեն երիտասարդները, ինչպես էլ որ եղավ»,- ասաց Պապյանն ու ընդգծեց, որ կանխազգում է լավ, հաղթական ավարտ․ «Մարդիկ ինչպե՞ս են պատկերացնում, որ պետք է իշխեն այսպիսի մի ժողովրդի վրա, ընդ որում՝ այս քանակի, այս որակի եւ այստեղ արդեն հասած։ Իրենք մնացել են միջնադարում, պիտի արթնանան, սկսեն հեքիաթներ կարդալ եւ դարձի գալ»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**