Ինչո՞ւ մտահոգվենք, եթե երջանկությունից փողոցներում պարում են

Ինչո՞ւ մտահոգվենք, եթե երջանկությունից փողոցներում պարում են
Չգիտեմ՝ որքանով է ճշմարիտ հումորը, բայց երեկ լսեցի, որ բարձրաստիճան ոստիկաններից մեկից հետաքրքրվել են, թե մտահոգ չէ՞ արդյոք Երեւանում տիրող վիճակից։ Պատասխանել է. «Ինչո՞ւ մտահոգվեմ, եթե մարդիկ երջանկությունից դուրս են եկել փողոց, պարում են…»։ Ասվածը սրամիտ է, գուցե որոշ ցինիզմ էլ ունի, բայց, ի վերջո, փաստ է: Ադեկվատ, թե ոչ ադեկվատ, երջանկությունից, թե անորոշությունից, ամեն պարագայում՝ երեկ փողոցներում, մեքենաների թափքերին մարդիկ պարել են, եւ նրանց ոչ ոք չի խոչընդոտել:



Որքա՞ն կարող էին մարդիկ շարունակել փողոցներում պարել: Տեսականորեն՝ մինչեւ մայիսի 8-ը, եթե ոստիկանությունը չմիջամտեր, կամ իրենք չհոգնեին: Սակայն երեկ ԱԺ-ում կայացած ՀՀԿ խմբակցության նիստից հետո տարածվեց հայտարարություն, որում ասվում է.



«…Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:



…Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը եւ վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:



Այս հայտարարությունից հետեւում է, որ անհնազանդության փողոցային ակցիաները ցուցարարների կողմից պետք է դադարեցվեն, եթե կա ցանկություն մայիսի 8-ին վարչապետ ունենալու: Այնուհետ պետք է ձեռնարկվեն սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողություններ: Այն է՝ «Ելք» խմբակցությունը եւ «Ծառուկյան դաշինքը», հավանաբար, պետք է կազմեն կոալիցիա, այնուհետ համատեղ առաջադրեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Երկու ուժերը կկազմե՞ն արդյոք կոալիցիա, կստորագրվի՞ արդյոք նրանց միջեւ կոալիցիոն հուշագիր, ի՞նչ պայմանավորվածություններ կամրագրվեն հուշագրով, ի՞նչ պարտավորություններ կսահմանվեն կողմերի համար` կերեւա առաջիկա օրերին:



Երեկվա դրությամբ Ծառուկյանը դարձյալ հայտարարել է Փաշինյանի թեկնածությանը սատարելու մասին, բայց այժմ ինքը եւ իր խմբակցությունը պետք է ոչ թե քվեարկությամբ սատարեն, այլ նրան առաջադրեն: Դա գոնե պատասխանատվության առումով տարբեր գործընթաց է: Սատարումը կարող է լինել առանց նախապայմանների, սակայն կարո՞ղ է մի խմբակցություն այլ խմբակցության պատգամավորի վարչապետի թեկնածու առաջադրել, առանց այդ խմբակցության հետ կոալիցիա կազմելու. այդ դեպքում ո՞վ է վարչապետի գործունեության համար պատասխանատվություն կրելու կամ նրա քաղաքական հենարանը լինելու: Թե՞ առաջադրումը կատարվելու է անհատ պատգամավորների կողմից, առանց քաղաքական հենարանի եւ յուրաքանչյուրի հետ հասնելով համաձայնության:



Ինչն ինչպես կարվի՝ կերեւա առաջիկա օրերին, էականն այն է, որ առանց բախումների եւ կորուստների կհասնենք մայիսի 8-ի սահմանագծին:



Այդ օրն արդեն սահմանագիծն է, երբ կամ ԱԺ քվեարկությամբ կընտրվի վարչապետ, եւ 35-40 օր հետո, հավանաբար՝ կառավարության ծրագիրը չհաստատելու ճանապարհով, ԱԺ-ն կլուծարվի, կա՛մ մայիսի 8-ին վարչապետ չի ընտրվի, եւ երկիրը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Արդյունքում երկու դեպքում էլ մայիսի 8-ից երկիրը կվերադառնա բնականոն կյանքի, քանի որ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում ցուցարարները կանցնեն իրենց պատկերացրած արարման ու ստեղծագործ աշխատանքի, չընտրվելու դեպքում` տրիվիալ նախընտրական աշխատանքի:



Ոմանք կլծվեն քարոզչության, մյուսները՝ յուրայինների հավաքագրման, երրորդները գուցե նորից կփնտրեն, թե ում իրենց ձայնը վաճառեն, չորրորդները կհետեւեն, որ նրանք դա չանեն, հինգերորդներն ընտրարշավի նյութերը կտարածեն, վեցերորդները հակաքարոզչություն կիրականացնեն, յոթերորդները… միով բանիվ, բոլորը կանցնեն աշխատելու, ոմանք էլ՝ երեկոները Հանրապետության հրապարակում արդյունքներ ամփոփելու: Հետեւաբար, մայիսի 8-ին մի ճանապարհով, թե մյուս՝ ներկա ճգնաժամը կհանգուցալուծվի, եւ կյանքի բնականոն ընթացքը մայրաքաղաքում ու երկրում կվերականգնվի: Իսկ թե այնուհետ մարտահրավերների ինչ նոր փուլ կբացվի, կերեւա մայիսի 8-ից հետո:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**