Կռապաշտության մի վերածեք

Կռապաշտության մի վերածեք
Ամեն ինչ հասկանալի է՝ ե՛ւ անափ զայրույթը՝ ուղղված ՀՀԿ-ին, որը վաղուց սպառել է հանրային վստահության ռեսուրսը, ե՛ւ այս հաղթական էյֆորիան, որն ապրում է շարքային մարդը, ով հանկարծ զգացել է իր ուժը։ Եվ մինչեւ վերջ գնալու ու բոլոր ՀՀԿ-ականներին՝ մինչեւ վերջին մարդը վռնդելու մարմաջը։ Եվ երախտագիտության զգացումը՝ առ Նիկոլ, որը հանդգնեց ու հաջողեց՝ իրականացնելով հասարակության տասնամյակների երազանքը՝ իշխանափոխությունը։ Բայց բաներ կան, որ չեմ հասկանում եւ չեմ պատրաստվում հասկանալ։



Օրինակ, թե ինչպես կարող է «բաց ձեռքերի», «սիրո ու համերաշխության» հեղափոխությունը վերածվել ՀՀԿ անդամներին, հատկապես կանանց հալածելու ստոր ակցիաների, երբ նրանց դռների մոտ սգո ծաղկեպսակներ են դնում եւ լուտանքներ տեղում նրանց հասցեին։ Ինչպե՞ս կարող է մտածող մարդը չհասկանալ, որ հասարակությունը չի կարող կազմված լինել բացառապես հեղափոխության «հերոսին» փառաբանողներից, նրան չսիրողներ, կասկածողներ, չվստահողներ էլ կարող են լինել։



Ինչպե՞ս կարելի է ծեփել բոլոր քննադատողների «բերանը»՝ հայտարարելով, որ դուք վարկաբեկում եք հեղափոխությունը, դուք ծառայում եք Հանրապետականին։ Եվ, վերջապես՝ բոլորովին չեմ հասկանում օրեցօր ծավալվող այս կռապաշտությունը, ավելի ճիշտ՝ նիկոլապաշտությունը։ Կասեք՝ չկա՞ պաշտամունք։ Եթե անգամ բացառենք փողոցներում ու հրապարակներում էքստազի մեջ ընկած «Նիկոլ-վարչապետ» վանկարկումները, ապա երեկվա ստացածս Ձոնը բավական է պատկերացնելու համար, թե դա ինչ վտանգավոր չափերի է սկսել հասնել։ «Դեմոսթենեսի նման պերճախոս, Սոլոնի պես ճիշտ, Լիկուրգի պես խիստ, Թեմիստոկլեսի նման հանճարեղ… Դու ազատության Նելսոն Մանդելա, մեր ճակատագրի Մահաթմա Գանդի, մեր խենթ առաջնորդ, մեր Չե Գեւարա»՝ իր կուռքին է դիմել հեղինակը։