Երկաթուղու ռուսական ղեկավարությունը չի ընդդիմացել աշխատողներին, որոնք միացել են ցուցարարներին

Երկաթուղու ռուսական ղեկավարությունը չի ընդդիմացել աշխատողներին, որոնք միացել են ցուցարարներին
Այսօր Գյումրիից ուղևորատար գնացքը մեկնել է Երևան, սակայն տեղ չի հասել, Հոկտեմբերյանում գնացքն ստիպված է եղել կանգնել, քանի որ ճանապարհները փակ են եւ առաջ գնալն անիմաստ է: Այս մասին մեզ տեղեկացրեցին երկաթուղու աշխատակիցները:



Գյումրիում երկաթուղայինները նույնպես գործադուլ են հայտարարել եւ միացել են ցուցարարներին: Մեքենավարները հրաժարվել են երթուղի դուրս գալ: Մեր հարցին, թե Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունն ինչպես է արձագանքել, ասացին, որ հատկապես չեն ընդդիմացել ազգությամբ ռուս պետերը:



«Մենք ասացինք, որ մեր հողի մեջ գերի չենք իրենց, համատարած գործադուլ է, ինչ ուզում եք արեք: Շատ հանգիստ, թե եկեք գոնե ստորագրեք, որ աշխատանքի մեջ չեք, տեսան, որ մեզ համար միևնույնն է, ձեռքերը ծալեցին, իրենց աշխատեսնյակ մտան»,-ասացին ընկերության աշխատակիցները:



Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկատուից էլ տեղեկացրեցին, որ ընկերության աշխատակիցները գործադուլ չեն արել, պարզապես ճանապարհները ցուցարարները փակել են, ստիպված են եղել աշխատանքի դուրս չգալ:



Հիշեցնենք, որ 2008թ-ի թվականից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին։



Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։



**Արևիկ Հակոբյան**