Տոտալ գործադուլն ու դասադուլը արդյունք տվել է. ահազանգ թիվ 122 դպրոցից (ֆոտո, վիդեո)

Տոտալ գործադուլն ու դասադուլը արդյունք տվել է. ահազանգ թիվ 122 դպրոցից (ֆոտո, վիդեո)
Նիկոլ Փաշինյանի հայտարարած տոտալ գործադուլն ու դասադուլն այսօր իր արդյունքը տվել է, դպրոցները դափ-դատարկ են, քաղաքացիական անհնազանդությանը միացել են աշակերտները, մանկավարժները, անգամ մանկապարտեզներում երեխաներ չկան: Օրինակ՝ Դավթաշենի բնակիչ ծնողները հայտարարել են դասադուլ եւ գործադուլ, չեն ուղարկել իրենց երեխաներին դպրոց, մանկապարտեզ, չեն գնացել աշխատանքի, եւ այսօր վաղ առավոտից հավաքվել եւ բողոքի ակցիա են իրականացնում Դավթաշենում՝ փակելով փողոցները, իրենց բողոքի ձայնը բարձրացնելով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությանը:



Նկատենք, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է հատկապես երեկ՝ ՀՀԿ-ականների հարցուպատասխանների, ելույթներից հետո, եւ այսօր անգամ քաղաքական կյանքին, իրադարձություններին անտարբեր մարդիկ են փողոց դուրս եկել: Իսկ նրանք, ովքեր գնացել են աշխատանքի, վերադառնում են ոտքով, քանի որ թե մետրոն է փակ, թե ավտոճանապարհները:



Մենք ահազանգեր ունենք մի շարք դպրոցներից, ըստ որի՝ տնօրինությունը ճնշում է գործադրում ուսուցիչների, աշակերտների, նույնիսկ ծնողների վրա: Այսպես, մեզ ահազանգող ծնողները պատմում են, որ Աջափնյակ վարչական շրջանի Ալ Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը փակել է դռները եւ թույլ չի տալիս աշակերտներին դուրս գալ, իսկ ծնողներին՝ ներս մտնել եւ երեխաներին տուն տանել: Բանն այն է, որ այս դպրոցի բազմաթիվ դասարաններ համընդհանուր դասադուլ են հայտարարել, կան մի քանի աշակերտներ, որոնք չեն իմացել այդ մասին, եկել են դասի եւ գերի ընկել դպրոցում: Ի դեպ, ծնողները նշում են, որ տնօրենը ճնշումներ է գործադրել սկսած շարժման առաջին իսկ օրերից, նա պարբերաբար հայտարարել է, թե թույլ չեմ տալիս երեխաներին տանել, մի երեխա էլ լինի, դաս ենք անելու, ներքաղաքական վիճակը մեզ վրա չպետք է անդրադառնա, մենք դաս ենք անելու: