Մութ ստվերի նման՝ օտար ափերից

Մութ ստվերի նման՝ օտար ափերից
Ռոբերտ Քոչարյանն իր տեսանելի ու անտեսանելի խորշերից վերստին մտաբերում է Հայաստանը, ավելին՝ ոուսական НТВ հեռուստաալիքին հարցազրույց է տալիս, մի երկու լղրճուկ, իր ոճին համապատասխան տախտակե նախադասություններով պառնասներից մոտեցումներ է իջեցնում՝ այն պահին, երբ ժողովուրդը քսանամյա տառապանքից, ներքին բռնազավթումից հետո վերջապես ազատագրվել է, վերջ դրել ատելության, թշնամանքի, կասկածի ու բանադրանքի մթնոլորտը. մի խեղդամահ անող մթնոլորտ, որի գլխավոր հիմնադիրներից մեկը հենց այս երեւույթն էր:



«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք՝ հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ՞, որ վերցնես ու փոխանցես: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարան, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն։ Եվ ստիպել նրանց գնալ իրենց կամքին, համոզմունքներին, քաղաքականության մասին իրենց պատկերացումներին հակառակ՝ շանտաժ անելով մարդկանց մեծ բազմությամբ, դա բոլորովին այլ ծայրահեղություն է»:



Ահա ջրի մակերեսին հայտնված Ռոբերտ Քոչարյանի մոտեցման ողջ բնույթը՝ այս մարդու համար եւս ժողովուրդն ուղղակի մի մեծ բազմություն է, իսկ անլեգիտիմ իշխանությունը, փաստորեն, մի ամբողջություն, որի արժանապատվությունն ու ինքնասիրությունը, փաստորեն, ոտնահարվում է ի դեմս այդ բազմության: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ը լրիվորեն բացահայտելու մտահոգություններից դրդվա՞ծ է դուրս եկել իր փափկավետ հեռավորության վրա գտնվող ետնախորշից, թե՞ փորձ է անում իր կիսատ թողած գործն ավարտին հասցնել՝ «քյոմակ անել» ոչ լեգիտիմ, Հայաստանը կատարելապես հարստահարած իշխանությանը, թե, իբր, տեսեք՝ ես ձեր կողքին եմ:



Քոչարյանը վաղուց քոչել է Հայաստանից, պարզ է, որ ավելի բարեհարմար հեռավորությունից աչալրջորեն հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին, հետեւում է, թե ինչպես է վայրկյան առ վայրկյան իզութոզով փուլ գալիս այն բնավեր, դիակային իշխանությունը, որը պահպանելու եւ փոխանցելու համար ամեն ինչ արեց: Իր արժանապատվության, իր անցյալի, ներկայի ու գալիքի համար ոտքի ելած հայ ժողովրդին, որը վերածնունդ է ապրում, անօրինակ զարթոնք ամեն առումով, Քոչարյանը մեծ բազմություն է անվանում, մինչդեռ խորհրդարանը, պատգամավորական կորպուսը, ըստ էության՝ ինքնասեր կառույց:



Ծայրահեղ նողկանք, խորթություն, եւ բառիս բուն իմաստով օտարություն հարուցող այս մարդն ամեն անգամ, երբեւէ, ոչ մի օր այդպես էլ չհասկացավ, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի, մարդու իրավունքների, օրինականության ու ժողովրդավարության դռները գոցելով՝ Մարտի 1-ի խարանով նա հեռացավ, հատեց հայոց աշխարհի սահմանները ու հիմա մութ ստվերի նման օտար ափերից չի դադարում «սեւ կարդինալության» դիվադադար իր սահանքները:



**Արամ ՊԱՉՅԱՆ**