Վերջ առաջին արարին

Վերջ առաջին արարին
Եվ այսպես․ վերջ առաջին արարին։ Այսօր Ազգային ժողովը կընտրի ՀՀ վարչապետ։ Թերեւս անակնկալներ այս առումով չեն լինի՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը կստանա պահանջվող 53 ձայնը եւ կդառնա Հայաստանի 16-րդ վարչապետը։ Թե ինչ կբերեն նոր վարչապետն ու նրա ձեւավորած կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը, այսօր դժվար է ասել։ Համատարած ցնծության եւ հասարակական էյֆորիայի պայմաններում ձեւավորվող կառավարության պատասխանատվությունը տասնապատիկ մեծ է եւ ձախողվելու հավանականությունը՝ կրկնակի։



Հուսանք, որ ժողովրդական սերն ու հիացմունքը ոչ թե խանգարելու, այլ օգնելու են հեղափոխականներին։ Բայց բոլորը պետք է գիտակցեն, որ դժվարություններն ու իրական աշխատանքը նոր են սկսվում։ Ոչ միայն այն պատճառով, որ բյուր խնդիրներ կան կուտակված, այլեւ՝ որովհետեւ մեծ թվով խոստումներ են հնչել, եւ մեծ ակնկալիքներ կան հարթակի երիտասարդներից։ Ինչպե՞ս են լուծելու սուպերվարչապետական համակարգի հարցը՝ հրաժարվելո՞ւ են Սերժ Սարգսյանի «հագով» կարված եւ մեկ անձին անսահմանափակ լիազորություններով օժտող օրենսդրությունից։



Ե՞րբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները՝ ինչո՞ւ մեկ տարի անց, արդյո՞ք հրապարակում հավաքված ժողովուրդը համաձայն է մեկ տարի սպասել։ Ի՞նչ կառավարություն է ձեւավորվելու առաջիկայում, ովքե՞ր են պաշտոններ զբաղեցնելու։ Եթե «կադրային ջարդ» եւ վենդետա չեն լինելու, իսկ մեր բոլոր խնդիրների բուն պատճառը կադրերն են, ինչպե՞ս է Փաշինյանը լուծելու այդ անլուծելի թնջուկը։



Վերջապես՝ ինչպե՞ս են Ազգային ժողովի ՀՀԿ-ական մեծամասնությունն ու «Ելքի» կառավարությունը համագործակցելու, եւ արդյոք սա հակասահմանադրական չէ՞, երբ ոչ թե խորհրդարանական մեծամասնությունն է ձեւավորում կառավարություն, այլ՝ փոքրամասնությունը։